Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշ պաշտոնյաներ այդպես էլ պատասխանատվության չկանչվեցին

Հունիս 05,2023 12:30

Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, Աժ պատգամավորներին

Տեւական ժամանակ է՝ ամենատարբեր հարթակներում բարձրաձայնում եմ իմ կյանքի բնականոն ընթացքը, ստեղծագործական գործունեությանը խոչընդոտող խնդիրների մասին։ Արդեն տարիներ շարունակ ծեծում եմ տարբեր իրավասու մարմինների դռները, սակայն խնդիրների հանգուցալուծման հույս անգամ չեմ տեսնում։ Ավելին՝ ամենուր բախվում եմ պետական մարմինների անտարբեր, կրավորական, տեղ-տեղ հանցավոր անտարբերությանը։ Սակայն չեմ դադարում ներկայացնել իմ բողոքը, քանի որ ինձ հետ կատարվող իրադարձությունները մեր երկրում առկա խնդիրների հավաքական արտացոլումն են։ Իմ կողմից բերված փաստերը, անկասկած, սեփական պատկերացումներս չեն, այլ կոնկրետ ինչպես պետական մարմինների կողմից, այնպես էլ փորձագիտական եզրակացությունների հիման վրա են արված։

Ցավալի է արձանագրել, որ Երեւանի քաղաքապետարանը վերջին հինգ տարվա ընթացքում այդպես էլ չձերբազատվեց իր նախկին գործելաոճից, իսկ կառուցապատման ոլորտը շարունակում է մնալ մութ գործարքների, հովանավորչության, շահավետ կապերի ստվերում։ Պատճառը գուցե նրանում է, որ որոշ պաշտոնյաներ այդպես էլ պատասխանատվության չկանչվեցին։ Այս ամենի արդյունքում միակ լուծումը մնում էր դատական համակարգը, որն էլ անհարկի ձգձգումներով, ուշ նշանակվող նիստերով անարդյունավետ է գործում։ Քանի որ այդպես էլ չկարողացան դատական պատասխանատվության կանչել այս երկրին վնաս հասցրած ոչ մի պաշտոնյայի, ընդ որում՝ բազմիցս ասել եմ, եթե դատարանը իմ շահերը չպետք է պաշտպանի, գուցե պետք է պատժի, գուցե ես մեղավոր եմ, որ փորձում եմ պայքարել եւ պաշտպանել իմ իրավունքները, որը շատերի քիմքին հաճելի չէ։ Պետությունը կորցրել է իր իշխանական լիազորությունները մի իրավիճակում, երբ նույն պետական ապարատի մաս կազմող փորձագիտական կարծիք ներկայացնող կառույցները միաբերան արձանագրում են խախտումները, անգամ պահանջում քաղաքապետարանին դադարեցնել կառուցապատումը, վերացնել խախտումները: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմն իր անգործությամբ վիժեցնում է մյուս կառույցների աշխատանքը, բարենպաստ պայմաններ ստեղծում օրինազանցի համար՝ հանգիստ շարունակելու իր ապօրինի գործողությունները։

Բոլորիս ցանկությունն է, որ մեր երկրում օրենքը գործի եւ մենք ապրենք կարգ ու կանոնով: 2018թ. փոփոխություններից հետո հույս ունեի, որ, վերջապես, մեր երկրի մեջ շտկվելու եւ լուծվելու են շատ ու շատ անարդար գործեր ու խնդիրներ: Արի ու տես` իրականում այս ամենը երազանք է: Ինձ պատկանող տունը քանդելն՝ անգամ անզեն աչքով տեսանելի, կանխամտածված, կոռուպցիոն հանցագործություն է։ Քաղաքաշինության նորմերը խախտելով, հրշեջ-տեսչական մարմնի անվտանգության եզրակացության փաստերը հաշվի չառնելով՝ կառուցում են 12 հարկանի բարձրահարկ բնակելի շենք եւ միեւնույն ժամանակ ասում. «Քաղաքը ծանրաբեռնված է, բուհերը պետք է հանել քաղաքից»:

Հինգ կամ վեց տուն գնելով, բազմաբնակարան շենքերի բակերի հաշվի՞ն պետք է կառուցվի այս կարգի մեծ շինությունը։ Որտեղ դիմում ես, առաջինը հարցնում են. «Ո՞վ է տերը»։ Ուզում եմ հասկանալ՝ ի վերջո, երկիրս ունի կամ կունենա ազգային եւ պետական մտածելակերպ։ Ամեն մարդ պետք է հասկանա ու գիտակցի, որ այսօր կամ վաղը ամեն մի անօրինական արարքի համար պատժվելու եւ պատասխանատվության է ենթարկվելու։ Ամեն բան պարզ եւ հստակ է, տեսանելի բոլորիս համար։ Որքա՞ն կարելի է մենք ինքներս մեզ խաբելով ու ամենը քողարկելով ապրենք, վերջապես, ամոթ կա՞, թե՞ ոչ։ Կարելի է հասկանալ՝ բիզնեսմենն իր գործով փող է աշխատում ու դրանից այն կողմ ոչինչ չի ճանաչում, իսկ երկրիս պաշտոնյաներն ու տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որպես մասնագետ իրականում, ինչի՞ մասին են մտածում։

Հայրենիքը մարդու բնօրրանն է, արդարությունը, կարգն ու կանոնը, մարդկային կարողությունն ու ցանկությունը, նաեւ հնարավորությունը։ Սա ինձ համար շատ հստակ, պարզ, շիտակ, ընդունելի եւ հասկանալի է, քանի որ հոգեւոր, մշակութային եւ հարուստ է այն մարդկային աշխարհն ու կյանքը, որում ապրում եմ ես։ Ավետարանն ասում է, որ շատերին է կանչում, բայց քչերին է տրվում։ Ես այդ քչերից եմ։ Ինձ ի վերուստ տրվել է։ Ես հոգեւոր եմ, մաքուր գենով, էթնիկ հայ։ Ունեմ ընտանիք, ապրում, ստեղծագործում եմ, եւ որպես միջնորդ, եւ կրող ներկայացնում եմ իմ հոգեւոր մշակույթը բոլորին։

Այս ասելիքս իմ նախնիների պատմության վկայությունն է, 1915թ.- ից սկսած նրանց ապրած կյանքը, նաեւ իմ կյանքի իրական գործունեությունը։ 1975թ. -ին 8 տարեկան էի, երբ երգում էի «Գորանի» վավերագրական ֆիլմում։ Իմ մշակութային գործունեությունը ծավալել եմ Հայաստանում, հետո նաեւ ամբողջ աշխարհով մեկ։ Արարիչի կողմից պարգեւած այս արարչագործական տիեզերքը տրվում է մարդուն, որպեսզի մարդն ավելորդ հոգսեր չկուտակի։ Այդ հոգսերը ժամանակի կորուստ են եւ ընթացքում դառնում են մեծ խնդիրներ, պատճառում ցավ, զրկանք եւ անհանգստություն։ Ավետարանն ասում է, որ խնդիր չունենալու համար պետք չէ ավելորդ հոգսեր կուտակել։ Ժողովուրդն էլ ասում է, որ անդարդ գլուխը պետք չէ դարդի տակ դնել։ Մարդուն ի վերուստ տրված կյանքը մարդկային եւ աստվածային կարգ ու կանոնով եւ օրինաչափ օրենքներով ստեղծված ամբողջություն է։ Եթե շեղվում ես այդ ուղուց, խախտումներ անում, ուզես թե չուզես, մշտական ցավի տեր ես դառնում։

Ավետարանն ասում է. առողջ մարմնի մեջ առողջ հոգի։ Ամենամեծ հանցանքը, որը սկսում է մարդու մեջ բուն դնել եւ անհանգստացնել հոգուն՝ քայքայելով առողջ մարմինը, դա միտքն է, ցանկությունը, գայթակղությունն ու գործողությունը։

Ամենի լուծումը հոգեւորն է։ Պետք է աղոթք անել առ Աստված, նաեւ ասել. հեռու գնա սատանա։ Մարդը մարդուն միշտ պետք է տեսնի, ընդունի ինչպես իրեն, մնացածը կարգ ու կանոնի համաձայն, այո-ն՝ այո, ոչ-ը՝ ոչ:

1991 թվականից ձեռք եմ բերել Թումանյան փողոց 2-րդ նրբանցքի 5 տան հասցեում գտնվող տուն տնատիրությունը եւ 880քմ հողամասը, որը ծանրաբեռնված է այդ շենք-շինություններով եւ բակային տարածքով։ Կադաստրի չափագրած հատակագծով նախագիծը ձեռք եմ բերել 1991թ.-ին եւ մինչ օրս ոչ մի փոփոխություն չեմ արել։ Վճարել եմ հողի եւ գույքի հարկը։ Եթե խնդիրներ են առաջացել ինձ տված փաստաթղթերում, այնտեղ, որտեղ չկա իմ միջամտությունը, ուրեմն դրանք պետության խնդիրներն են։ Ոնց հատկացվել է, այդպես էլ ընդունել եմ։ Իմ նախաձեռնությամբ բազմիցս փորձել եմ այս հարցը լուծել օրինական ճանապարհով։ Ամեն անգամ պետության կողմից ներկայացվել է անհիմն մեկնաբանություն։ Բոլորիս ցանկությունն է, որ մեր երկրում գործի օրենքը եւ մենք մեր ապրելակերպի մեջ ունենանք կարգ ու կանոն:

Դիմել եմ վարչապետին, քաղաքապետին, հանդիպել եմ ԱԺ նախագահին, ԱԺ պատգամավորներին, փոխքաղաքապետին, ՊՆ նախարարին, դատախազի տեղակալին, Կենտրոն քննչական պետին, Կենտրոն թաղապետին, Մարդու իրավունքների պաշտպանին եւ դեռ կարող եմ թվարկել:

Բոլորին խնդրեցի, որ այս ապօրինի շինությունը, որի շինթույլտվությունը տվել է Հայկ Մարությանը, տեղում գան տեսնեն եւ իմ տունը քանդելու վերաբերյալ իրենք կարծիք կազմեն։ Այս բակի բնակիչ՝ ճարտարապետ Արթուր Մեսչյանը բնակիչների հետ դիմում բողոք է գրել եւ ստորագրել, որպեսզի չկառուցեն նման կարգի քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող շինություն։ Դժվար է ասել, թե ինչ է պատահում դրանից հետո։ Որոշ ժամանակ անց Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Մեսչյանը համաձայնվում է, որ օրենքի նորմերը խախտելով կառուցեն շինությունը, ստորագրելով հաստատում թույլտվությունը։ Այստեղ առաջ եկող հարցի պատասխանը թողնում եմ ձեր հայեցողությանը։

Ասում են՝ մի՛ խոսիր, մի՛ արտահայտվիր, մի՛ զբաղվիր քաղաքականությամբ, դու ո՞ւր, քաղաքականությո՞ւնն ուր, քո ի՞նչ խելքի բանն է, գործո՛վդ զբաղվիր։ Իսկ ձեզ ինչո՞ւ է թվում, թե ես ցանկություն ունեմ ձեր կեղծ քաղաքականությամբ զբաղվելու։ Միգուցե իրականում դուք ձեր գործով չեք զբաղվում եւ ձեր բարձիթողի անելիքներով ստիպում ու խոչընդոտում եք մեր ապրելուն։ Արդյունքում մենք ստիպված ենք լինում տարիներ շարունակ քայլեր ու գործեր անել, ինչն էլ հետագայում կոնֆլիկտի պատճառ է դառնում ձեր եւ մեր միջեւ։

Նշածս բոլոր մարդկանց տեղեկացրեցի համապատասխան մասնագետների եզրակացությունը, նաեւ իմ անմիջական հանդիպումների ժամանակ բոլորին խնդրեցի, որ իբրեւ մարդ, իշխանավոր, ղեկավար եւ պատկան մարմին, այս սարսափելի խոզությունները տեսնելով, հասկանան իրավիճակը եւ իմ խնդրին լուծում տան կամ այցելեն իմ տուն: Իմ տունը հիմք դրված օրվանից միայն տուն չէ, այն նաեւ մշակութային կենտրոն է։ Մի՞թե այսպիսին է եղել մեր ժողովուրդը։ Դարեր շարունակ միայն իր անձի համա՞ր է ապրել։ Ասեմ. վայ մեզ, վայ մեր օրին, վայ վեր ապրելուն ու հալին։ Իմ ձեռքով կառուցված տունն են քանդել, Աստծո կողմից իմ ընտանիքի լույսն ու ջերմությունն են փակել, հոգուս, մարմնիս լուսավոր ստեղծագործող արվեստն են տակնուվրա արել։

Ամեն մի անարդար հանցանքի համար ե՛ւ բարձրաձայնել եմ, ե՛ւ ստեղծագործական աշխարհով եմ ներկայացել, որպեսզի իմ երկիրը եւ պետությունը շենանա, կայունանա եւ անվտանգ լինի։ Չեմ ցանկացել գնալ եւ ուրիշ երկրներում ապրել եւ հիմնավորվել, թեպետ եղել են հնարավորություններ եւ հիմա էլ ունեմ այդ հնարավորությունը։ Իմ ձեռքով եւ իմ քրտինքով կառուցել եմ տունս, որպես մշակութային աշխարհ, որտեղ կրթվում եւ ուսուցանվում են սերունդներ։ Անօրեն ճանապարհով քանդել են տունս, վթարային դարձրել ամբողջ մշակութային կենտրոնս, զրկել են Աստծո տված բնական լույսից եւ ջերմությունից։

Պետությանը բնավ չի մտահոգում այն փաստը, որ, օգտվելով բացահայտ հովանավորչությունից, կառուցապատող կազմակերպությունն անթաքույց հողազավթում է իրականացրել, այսինքն՝ ինձ պատկանող հողի վրա 40 քմ անթաքույց իրականացնում է շինարարություն, փաստացի եթե հաշվենք, որ շենքը լինելու է 12 հարկանի, արդեն դուք էլ կարող եք հաշվարկել վերջիններիս գերշահույթները, այսինքն՝ 4 մետր լայնությամբ եւ 30 մետր երկայնության դեպքում յուրաքանչյուր հարկում ստացվում է 120 քմ։ Եվ այս ամենն ում հաշվին, իհարկե՝ իմ, իսկ դատավորը աչք է փակում այս ամենի վրա։ Այս դեպքում՝ որտեղ է արդարությունը, ով եւ որտեղ կպաշտպանի սեփականատիրոջ իրավունքները, թե մեր երկրում կան տարբեր սեփականատերեր, մի մասը միայն պետք է հարկեր, տուրքեր վճարի, իսկ մյուսը՝ զավթի, գողանա եւ ստանա պետության պաշտպանությունը, երբ եւ որտեղ է սկսվում իմ իրավունքները, ով է դրանք պաշտպանելու։

Ոչ ոքի չի հուզում նաեւ այն փաստը, որ շենքի տեղադիրքը խախտված է, այն, հենց կառուցապատողի կողմից ներկայացված շինթույլտվության մեջ նախատեսված 8,50 մետր հեռավորությունը, որը, բնականաբար, չի պահպանվել, իմ տան եւ կառուցվող շենքի միջեւ նախատեսված միջանցքը հասցվել է մոտ 4 մետրի։

Դիմում եմ բոլորին. ինչի՞ց է, որ կարողանում եք հանցավոր հարցերի շուրջ խոսել, ամբիոններից բարձրաձայնել, քննարկել տարատեսակ հարցեր, իսկ իմ հարցի հետ կապված լռում եք։ Միգուցե ես եմ ամենամեծ թալանչիներից մեկը, ինչից տեղյակ չեք։ Դրա համար դիմում եմ ձեզ եւ խնդրում անպայման բարձրաձայնել իմ 40 տարվա կատարած հանցագործությունների մասին։ Փաստացի ես 40 տարի պարտաճանաչ ձեւով կատարել եմ վճարումներ, պետությունն անգամ պարտավորեցրել է հարկ եղած դեպքում, չէ՞ որ ես սեփականատեր եմ, ունեմ իր պարտականությունները, իսկ հիմա, երբ եկել է պետության հերթը պաշտպանելու իմ իրավունքները, որպես սեփականատիրոջ, պետությունը լռում է, ավելին կասեմ, հանցավոր լռությամբ։ Մինչեւ ինձ պատժելը այցելեք ինձ՝ զննելու, տեղում տեսնելու եւ բացահայտումներ անելու համար։ Իսկ իմ բերած փաստերը հավաստող բազմաթիվ փաստաթղթերը կարող եմ տրամադրել, եթե ծագի ցանկություն՝ խնդրին համակողմանի ծանոթանալու համար։

«Առավոտ» օրաթերթ
03.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930