«Առավոտի» զրուցակիցն է Արցախյան շարժման մասնակից, արցախցի հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը
– Պարոն Ավանեսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաեւ Արցախը։ Բանակցություններն այս փուլում կարծես այդ տրամաբանությամբ են ընթանում, ինչպե՞ս եք գնահատում գործընթացները։
– Միանշանակ, Արցախում այս հայտարարության վերաբերյալ բացասական տեսակետներ են։ Հայաստանի իշխանությունները բանակցություններում միանգամից այսպիսի հայտարարություններ են անում, ցանկացած ուղղությունով զիջումների են գնում՝ առանց Ադրբեջանի կողմից որեւէ զիջում ստանալու։ Ես համոզված եմ, որ այս «խաղաղության պայմանագիրը» չի կնքվելու, բայց արդեն Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ինքնին վտանգավոր է։ Փաստորեն բանակցություններում մեր նշաձողն է իջեցվում, որից ավելի դժվար է դուրս գալ։ Ես հիշեցնեմ 1999-2001 թվականների բանակցությունները, երբ Քոչարյանի հետ սկսեցին քննարկել Մեղրիի փոխանակման հարցը, որից թեեւ փաստացի մենք հրաժարվել ենք, բայց հենց այդ փաստը, որ մենք քննարկել ենք, դա թողել է հետեւանք։ Եվ, ահա, 20 տարի հետո այդ հարցը նորից դնում են հաջորդ իշխանության առաջ։ Բանակցողը ցանկացած խոսքի արժեքը պետք է իմանա, ցանկացած մտքի արժեքը պետք է իմանա։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքի 29 800 քառակուսի կիլոմետր թիվը հնչեցնում է, Ադրբեջանի 86 600 քառակուսի կիլոմետրը ճանաչում է, որ ի՞նչ։ Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ո՞վ է, ի՞նչ է, բայց ուզում եմ հիշեցնել, որ ուրիշ տարբերակներ ու տեսակետներ էլ կան Հայաստանի սահմանների վերաբերյալ։ Ազգերի լիգայի կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետությունը նկատի ունեմ, այն դեպքում, երբ Ադրբեջանը մինչեւ հիմա իրեն չի ճանաչում ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդ, ադրբեջանական առաջին հանրապետության իրավահաջորդ է ճանաչում, որը դարձյալ Հայաստանի սահմանները չի ճանաչում։ Լավ, ենթադրենք Շառլ Միշելը հնչեցրեց, Նիկոլն էլ հաստատեց, որ՝ 29 800 քկմ տարածքը ճանաչում եմ, բայց Արցախի ժողովրդի իրավունքները քննարկեք, հիմա հարց է ծագում՝ Ալիեւը որեւէ բան ասե՞լ է Հայաստանի տարածքը քանի քառակուսի կիլոմետրով է ճանաչում։ Չկա հայտարարություն։
– Ալիեւի անունից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարծես կա ընկալում, որ Ադրբեջանն էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունն է ճանաչում։
Կարդացեք նաև
– Այո, ասաց, որ պատրաստակամություն է հայտնել։ Այստեղ վտանգավորն այն է, որ այս գլխից քո նշաձողը իջեցնում ես։ Խնդիրն այն է, որ սա Նիկոլի խնդիրը չէ միայն, սա մտածելակերպի խնդիրն է, որը Հայաստանի անկախության առաջին օրերից որդեգրվել է։ Այդ նույն քաղաքականությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն էր առաջնորդվում՝ զիջենք կամ 29 800 քառակուսի կիլոմետրը ճանաչենք։ Հիմա Նիկոլի թիմն է դա ասում, ըստ իրենց՝ պարզվում է, որ 30 տարի սխալ էինք անում, որ պայքարում էինք Արցախի ազատագրման համար։ Սա մի թիմ է, որն այս պարտվողական մտածելակերպն ունի, վախեցած են, թե ինչ են, այս ուղղությամբ են տանում մեզ։ Եվ բնական է, որ հանրության մեջ առաջացնում է այս հարցը, այսինքն՝ թե Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հարազատները, թե 26 տարվա զոհերի հարազատները, թե Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հարազատները չհասկացան՝ ինչո՞ւ ենք այդ մարդկանց տարել մատաղ արել։ Միանձնյա կամ ինչ-որ թիմի կամային որոշումով չի կարելի փոխել մի ամբողջ ազգային գաղափարախոսություն։ Մենք պետական գաղափարախոսություն այդպես էլ չստեղծեցինք, Սերժ Սարգսյանի ժամանակ իբր նժդեհական էին, բայց նժդեհական որեւէ բան չտեսանք, որովհետեւ հաղթած պետությունը չի ճանաչել Արցախի անկախությունը։ Եվ բանակցային պրոցեսում էլի մեզ զիջումների էին տանում, ինչն էլի անհասկանալի էր։ Այսօր գոնե հաշվի պետք է անենք, որ պարտված վիճակում ենք, բանակը վերակառուցման փուլում է, բայց 26 տարվա ընթացքում ինչե՞ր էին անում։
– Ալիեւի հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում, նա հայտարարեց, որ պահանջում է, որպեսզի Արցախի իշխանությունները ցրեն խորհրդարանը, պաշտոնյաները հանձնվեն, եւ համաներում կլինի։
– Նախ Ալիեւի հայտարարություններն անտրամաբանական են։ Ինքն ասում է, որ Արցախի Հանրապետություն գոյություն չունի, իսկ եթե գոյություն չունի, դու ի՞նչ նախագահի մասին ես խոսում, որ պետք է հանձնվի, կամ ի՞նչ Ազգային ժողովի ու պատգամավորների մասին ես խոսում։ Ինքը շատ լավ գիտի, որ այսօրվա մեր պետական ինստիտուտները ինքնակառավարման ձեւերից մեկն է։ Հիմա մենք ինքնակառավարում ենք այս ձեւով, որն ամբողջ աշխարհն ընդունում է։ Ալիեւն այդ հայտարարություններն իր ժողովրդի համար է անում, որ՝ մենք ենք, մեր ձեռքին է ամեն ինչ, մենք տեր ենք։ Ինքը շտապում է, ինչ-որ իրավիճակ է փոխվում, փորձում է մաքսիմալն ստանալ։ Այս տեսակետից, եթե Հայաստանի իշխանություններն էլ ձգձգում են գործընթացը, դա ինչ-որ տեղ հասկանալի է։ Պետք է ձգձգվի, մինչեւ իրավիճակը փոխվի, տեսնենք ինչ են անում։ Բայց այն, որ թեկուզեւ բառերով Նիկոլ Փաշինյանը փորձում է զիջել, դա վտանգավոր է։ Նա չպետք է հայտարարի, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պետք է հարց տա՝ եթե ես ճանաչում եմ, դուք ճանաչո՞ւմ եք։ Ես ուզում եմ մյուս կողմից հիշեցնել, որ 86.6 հազար քկմ մեջ մտնում է նաեւ Նախիջեւանը, որը որպես պրոտեկտորատ էր տրամադրված Ադրբեջանին։ Ո՞նց ես այդ պրոտեկտորատը ճանաչում Ադրբեջանի կազմում։ Նախիջեւանում ԽՍՀՄ օրոք էթնիկ զտումներ են կատարվել։
– Ինչ տրամադրություններ են Արցախում։
– Արցախցիների տրամադրությունները նորմալ են։ Մենք մի շարժում ենք սկսում՝ Բերձորի միջանցքի ապաշրջափակման պահանջով։ Դրա շրջանակներում Ստեփանակերտում երկու շտաբ է ստեղծվում, Երեւանում ու Կոռնիձորում են շտաբներ գործելու։
– Արցախցիների տեսակետն այն է, որ իրենց ինքնորոշման փաստն անբեկանելի՞ է։
– Այո, միանշանակ այդ դիրքորոշումն է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2023