Անշարժ գույքի շուկայում աշխուժությունը շարունակվում է, իսկ պահանջարկը չի նվազում։ «Շատ մեծ պահանջարկ ունենք առաջնային շուկայում, հիմնականում երիտասարդներ են գնորդները, եւ հիմնականում եկամտահարկի վերադարձի օրենքով է պայմանավորված այդ աշխուժությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը։ Նրա խոսքով՝ եթե մարդն օգտվում է եկամտահարկի վերադարձի արտոնությունից, ստացվում է անտոկոս հիպոթեք, եւ շատերն են ցանկանում դրանից օգտվել։ Մասնագետի խոսքով՝ եթե երիտասարդները հետաքրքրված են անշարժ գույք ձեռք բերելով, դա նաեւ ցուցիչ է, որ նրանք երկարաժամկետ հատվածում կմնան Հայաստանում, չեն արտագաղթի։
«Շուկայում աշխուժությունը հիմա ավելի մեծ է, քանի որ եկամտահարկի վերադարձի օրենքը Երեւանում գործելու է մինչեւ 2025 թվականը, ըստ գոտիների այն հանվելու է»,- ասում է մասնագետը։ Նշենք, որ եկամտահարկի վերադարձի ծրագիրն արդեն չի գործում Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում, 2025 թվականից չի գործելու Երեւանի բոլոր վարչական շրջաններում, բայց մարզերում ամբողջ ծավալով շարունակվելու է։ Կառավարությունն այս ծրագիրը ներդրել է, որպեսզի մարզերում եւս բնակարանաշինությունը մեծ թափ ստանա։ Հարցին, թե 2025 թվականից հետո Երեւանում բնակարանաշինության ծավալները կնվազե՞ն, դեպքի մարզե՞ր կտեղափոխվի շինարարությունը, Անդրանիկ Հարությունովը պատասխանեց․ «Շինարարությունը տեղափոխվում է Երեւանի արվարձաններ։ Ջրվեժում, Ձորաղբյուրում մեծ նախագծեր են քննարկվում, արդեն սկսել են կառուցապատման ծրագրեր։ Իրականում ստացվում է, որ քաղաքն է մեծանում, Երեւանի վարչական տարածքը վերջանում է, սկսվում է մարզինը, բայց այնքան էլ հեռու չէ Երեւանից։ Եվ թղթերով ստացվում է, որ մարզում բնակարան են կառուցել, բայց իրականում Երեւանին շատ մոտ համայնքների մասին է խոսքը»,- ասաց Անդրանիկ Հարությունովը։
Անշարժ գույքի գները շարունակում են աճել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ եւ Երեւանում, եւ մարզերում գների շարունակական աճ կա։ Եթե 2022 թվականի մարտին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքը մեկ քմ համար 715 600 դրամ էր, ապա այս տարվա մարտին կազմել է 805 200 դրամ։ Արաբկիր վարչական շրջանում նախորդ տարվա մարտին շուկայական միջին արժեքը մեկ քմ համար կազմել է 506 100 դրամ, այս տարվա մարտին՝ 563 000 դրամ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախորդ տարվա մարտին՝ 372 050 դրամ, այս տարվա մարտին՝ 395 100։ Մարզերում եւս գների աճ կա։
Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ վարձակալության շուկայում նախորդ տարվա համեմատ այս տարի գների նվազում կա՝ 30-50 տոկոսով։ «Գները չեն վերադարձել նախքան ռուսների գալը ժամանակահատվածի գներին, բայց նախորդ տարվա համեմատ իջել են։ 2022-ին, երբ ռուսների մեծ հոսք եղավ, բնակարաններ կային, որոնց վարձավճարները 200-300 տոկոսով թանկացան, բայց հիմա իջել են, եկել են ինչ-որ բալանսի՝ հին գները չեն, բայց թանկ էլ չէ։ Ամռանը մի փոքր կթանկական այն բնակարանները, որոնք օրավարձով են տրվում»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ըստ մասնագետի՝ երկրորդային շուկայի բնակարանների վաճառքի գները թանկացել են, եւ մարդիկ, ովքեր մտածում էին երկրորդային շուկայից բնակարան գնել, տատանվում են, մտածում են գնել առաջնային շուկայից։ Յուրաքանչյուր տարի, նրա խոսքով, երկրորդային շուկայում վաճառքի գները 10, 15, 20 տոկոսով բարձրանում են, իսկ առաջնային շուկայում գնաճը չնչին տոկոսով է։ «Առաջնային շուկայում մեծ մրցակցություն կա, կառուցապատողները մեկը մյուսից լավ պայմաններ ու գին են առաջարկում, այս շուկայում մեծ գնաճ չունենք եւ չենք ունենա։ Մրցակցության արդյունքում առաջնային շուկայում գները բնականոն զսպվում են, իսկ երկրորդային շուկայում բոլոր սեփականատերերն անհատներ են, իրենք գին չեն վերլուծում, մեծամասամբ կամայական գներ են դնում։ Այս փուլում երկրորդային շուկայում մի փոքր պասիվություն է, բայց առաջնային շուկան ակտիվ է, ինչի շնորհիվ տնտեսական աճ է ապահովվում»,- հավելեց Հարությունովը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ