Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Թուրքիայում Փաշինյանին Քըլըչի մակարդակով դիմավորեցին եւ անուն-ազգանունը չկարդացին․ թուրքագետը՝ այցի ուղերձների մասին

Հունիս 04,2023 17:10

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա եւ մասնակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։

«Հայաստանը թեւակոխել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման փուլ, կողմերն արդեն սկզբունքային կետերի շուրջ համաձայնության են հասել։ Եվ կարծում եմ, որ երդմնակալության արարողությանը մասնակցելու մեջ արտասովոր բան չկար, անկախ նրանից, թե Հայաստանում ինչ քաղաքական իշխանություն է»,- ասաց թուրքագետը։ Նա հավելեց․ «Այլ հարց էր, որ երդմնակալության ժամանակ չեն կարդացել վարչապետի անուն-ազգանունը։ Ես կարծում եմ, որ ինչքան բանակցությունները մտնեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման փուլ, փոխայցերը կրելու են շարունակական բնույթ»։

Խուդավերդյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչո՞ւ հյուրերի թվում Նիկոլ Փաշինյանի անունը չեն կարդացել։ Հարցին, թե այս այցի ժամանակ Թուրքիան դիվանագիտական ի՞նչ ուղերձներ հղեց Հայաստանին, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց․ «Թուրքիան սովորական պետություն է, ես չեմ կարծում, թե Թուրքիայի դիվանագիտական արարողակարգը տարբերվում է մյուս երկրների դիվանագիտական արարողակարգից։ Օրինակ՝ նաեւ հարց կար, թե ինչո՞ւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի մակարդակով դիմավորեցին Հայաստանի ղեկավարին։ Երկրի ղեկավարին առնվազն ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա պետք է դիմավորի։ Սրանք Թուրքիայի կողմից ուղերձներ են, քանի որ վերջին շրջանում բանակցություններին զուգահեռ նաեւ հարաբերությունները լարվել են Նեմեսիսի արձանի պատճառով։ Թուրքական կողմը նշել է, որ իր համար անընդունելի է, երբ Հայաստանը մի ձեռքով իր հետ բանակցում է, իսկ մյուս կողմից երկրում իրականացնում է հակաթուրքական քարոզչություն։ Թուրքիան նշում է, որ եթե Հայաստանը փորձում է իր հետ հարաբերություններ բարելավել, պետք է նաեւ իր հասարակությանը նախապատրաստի դրան»։

Մուշեղ Խուդավերդյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորություն տեսնում է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային հարցերում համաձայնության են հասնել։ «Իսկ սկզբունքային հարցը փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հարցն է։ Մնացած հարցերը, ըստ իս, երկրորդական քննարկելի նախապայմաններ են։ Օրինակ՝ 1918 թվականի դեպքերի վերաբերյալ հանձնաժողով կազմելու Թուրքիայի առաջարկը, հայ-թուրքական պետական սահմանի վերջնական ճանաչումը։ Ինչպես գիտենք, հայ-թուրքական սահմանը Կարսի պայմանագրով էր, եւ պետք է այնպես արվի, որ այդ սահմանը դառնա անժամկետ, այսինքն՝ համապատասխանեցվի միջազգային իրավունքի չափանիշներին»,- հավելեց նա։

Թուրքագետն անդրադարձավ նաեւ հարցին, թե Հայաստանի իշխանությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չեն կարեւորո՞ւմ այս փուլում։ Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել էր․ «Ցեղասպանության ճանաչումն, ինքնին, օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից։ Մենք այդ հարցը պետք է կապենք միայն մեր այսօրվա անվտանգության հետ՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում»։

Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ ինչքան էլ աշխարհի տարբեր ղեկավարներ խոսում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, բայց միեւնույն է, այդ հարցով Թուրքիայի վրա ճնշում չկա։ Այսինքն՝ այդ հարցն օգտագործում են ոչ թե մարդասիրական մղումներով, այլ Թուրքիայից զիջումներ կորցնելու համար։ «Ես, ծանոթ լինելով Թուրքիայի պետական քաղաքական դրվածքին, անհնար եմ համարում, որ Թուրքիան երբեւէ կճանաչի այդ փաստը՝ որպես ցեղասպանություն։ էրդողանն ու այլ պաշտոնյաներ նշում են, որ, այո, 1915 թվականին կոտորվել են հայեր, բայց միայն հայեր չէ, նաեւ հրեաներ, հույներ, սակայն չեն ընդունում, որ տեղի է ունեցել ցեղասպանություն։ Այո, կարող ենք նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը զուգընթաց ցեղասպանության հարցը դրվելու է մի այնպիսի հարթության վրա, որը կբավարարի երկու կողմերին։ Երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների քարտեզ էր մշակում, նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուն զուգընթաց պետք է լուծվի նաեւ այդ հարցը։ Այսինքն՝ չի կարող այնպես լինել, որ հայկական կողմն այդ հարցը դնի պահանջատիրության մակարդակի վրա, իսկ Թուրքիան շարունակի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել»,- ասաց թուրքագետը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930