Լրահոս
Օրվա լրահոսը

«1920-30-ական թվականների քարտեզներով ՀՀ տարածքում «անկլավներ» չկան, իսկ Արծվաշենը անկլավ չէ եւ միացված է Հայաստանին»․ քարտեզագիր

Հունիս 04,2023 16:29

«Առավոտի» զրուցակիցն է գեոդեզիստ, քարտեզագրող Շահեն Շահինյանը։

Պարոն Շահինյան, Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել այսպես կոչված «անկլավները» հանձնել։ Ի՞նչ իրավական հիմքեր կան դրա համար, եւ ռազմավարական առումով ի՞նչ խնդիրներ կստեղծվեն Հայաստանի համար։

-Այսպես կոչված «անկլավները» չունեն որեւէ հիմք։ «Անկլավային տարածքները» խորհրդային միության վարչատարածքային բաժանման քարտեզներում ի հայտ են գալիս մոտավորապես 1960-ական թվականներից եւ ֆիքսված են 1970-1980-ական թվականների քարտեզներում։ Խնդիրն այն է, որ իրավական տեսանկյունից, քանի որ չկա այն փաստաթուղթը, որ դրանք ինչ-որ իրավական ձեւակերպմամբ փոխանցվել են Ադրբեջանին, դրանք քարտեզներում այն ժամանակ կարող էին արտացոլված լինել որպես ժամանակավոր օգտագործման տարածքներ։ Այսինքն՝ քանի դեռ չկան այն արխիվային փաստաթղթերը, որոնցում հստակ նշվում է, որ այդ տարածքները փոխանցվում են Ադրբեջանական ԽՍՀ-ին եւ ինչ հիմքով ու ժամկետներով, ինչ պայմաններով են փոխանցվում, անընդունելի է ասել, թե դրանք իրավական տեսանկյունից Ադրբեջանին են պատկանում։ Ես չեմ փաստում, որ այդպիսի փաստաթղթեր չկան, բայց ասում եմ, որ դա մեզ հասանելի չէ։ Ես անձամբ նմանատիպ փաստաթղթերի ծանոթ չեմ, արխիվներում փնտրելիս էլ չեմ գտել։

Շահեն Շահինյան

-Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ մեծ հաշվով 1969, 1975 եւ մյուս թվականների քարտեզների մեջ Հայաստանի տարածության մասով մեծ տարբերություններ չկան: Նա հայտարարել է, որ կողմերը համաձայն են հիմք ընդունել 1975 թվականի ՌԴ Գենշտաբի քարտեզները։ Բայց հայտնի է, որ 1970-ական թվականների ԽՍՀՄ քարտեզները ավելի անբարենպաստ են Հայաստանի համար, քան 1930-ական թվականների քարտեզները։ Ի՞նչ վտանգ կա Հայաստանի համար, եթե 1970-ական թվականների քարտեզներով լինի սահմանազատումն ու սահմանագծումը։

-Միգուցե կան ինչ-որ գաղտնի փաստաթղթեր, որոնց մենք ծանոթ չենք։ Երբ խոսվում է 1975 թվականի քարտեզի մասին, խոսք է գնում 1970-ականների հրատարակման քարտեզագրական թերթերի մասին, որոնք իրենց մեջ ներառում են այսպես կոչված «անկլավները»։ Եվ փաստվում է, որ որպես սահմանազատման ու սահմանագծման սկզբունք՝ վերցվել է խորհրդային վարչատարածքային քարտեզը, ընդ որում, 1970-ական թվականների խմբագրմամբ։ Բայց արդյոք դրա տակ ի՞նչ փաստաթուղթ կա եւ ի՞նչ փաստաթղթի հիման վրա է նախատեսվում իրականացնել այդ աշխատանքը, ինձ այդ պահին հայտնի չէ։ Մեզ հայտնի են 1920-ական թվականների քարտեզները, որոնք հաստատված են։

Նորմալ իրավիճակում ընդհանրապես բանակցությունները մեկնարկում են դիվանագետների մասնակցությամբ, ապա միանում են քարտեզագիր մասնագետները։ Եթե, օրինակ, վերհիշենք Վրաստանի հետ սահմանագծման աշխատանքները, ապա այն ժամանակ ուղիղ բանակցություններ են եղել Հայաստանի եւ Վրաստանի քարտեզագրողների միջեւ։ Եվ մեր քարտեզագրողները կարողացել են իրենց տեսակետները պնդել ինչ-որ փաստաթղթերով ու փաստարկներով եւ բանակցությունները տանել Հայաստանի համար ցանկալի ճանապարհով։ Իսկ Ադրբեջանի հետ գործընթացում ես չգիտեմ քարտեզագրողների, ովքեր մասնակցում են գործընթացին։ և, ըստ էության, տպավորություն է ստեղծվում, որ այս բանակցություններն ընթանում են Ադրբեջանի ուժի գործադրման ներքո։ Այսինքն՝ Ադրբեջանը բերել է մի տարբերակ եւ ստիպում է այդ տարբերակն ընդունել։ Մինչ օրս մեզ հայտնի չէ՝ Ադրբեջանը սահմանազատման գործընթացի կամ «խաղաղության պայմանագրի» շրջանակներում ի՞նչ քայլերի է պատրաստ եւ որո՞նք են իր փոխզիջումային առաջարկները։ Եթե բանակցություններում առկա են միայն մեկ կողմի պահանջները երկրորդ կողմի նկատմամբ, ապա այդ բանակցություններն ինքնին ապօրինի են եւ հակասում են միջազգային իրավունքին։

1920-ական թվականների քարտեզներով այսպես կոչված «անկլավները» հայկական տարածքնե՞ր են։

-1920-30-ական թվականների քարտեզներով Հայաստանի Հանրապետության տարածքում «անկլավներ» չկան, ինչպես նաեւ Արծվաշենը անկլավ չէ եւ ունի միացում ՀՀ հետ։

Ի՞նչ ռազմավարական նշանակություն ունի Տիգրանաշենը Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանն ասում է` «այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի պրոբլեմ»։

-Եթե այդ տեսանկյունից մոտենանք հարցին, ապա ցանկացած ճանապարհի փոխարեն կարելի է կառուցել նորը։ Բայց մենք մեր աչքի առաջ ունենք վառ օրինակը, երբ Գորիս-Կապան ճանապարհը չգիտես ինչ իրավական հիմքով փոխանցվեց Ադրբեջանին, դրա փոխարեն կառուցվեց նոր ճանապարհ։ Բայց ես չեմ լսել մի կարծիք, որ մարդիկ ասեն՝ այդ ճանապարհը 100 տոկոսով պատրաստ է։ Այսինքն՝ Տաթեւով անցնող ճանապարհն այս պահին էլ չի գտնվում այն մակարդակի վրա, որպեսզի կարողանա սպասարկել եւ միջպետական, եւ միջհանրապետական փոխադրումները, ինչը Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի։ Հիմա պատկերացրեք, դրանից ավելի բարդ ռելիեֆ ունեցող տարածքում, որտեղ Տիգրանաշենն է գտնվում, կառուցեն մի նոր ճանապարհ։ Իմ կարծիքով՝ դա շատ բարդ լուծելի խնդիր է։ Այսինքն՝ ասել, որ մենք այս ճանապարհը տալով՝ նորը կկառուցենք, ինձ համար դա անիրատեսական է։

Տիգրանաշենն իր նշանակությամբ ռազմավարական է, քանի որ այնտեղով անցնում են երկու միջպետական ճանապարհներ, ռազմավարական է, քանի որ բնակեցված է հայ ընտանիքներով։ Տիգրանաշենը ռազմավարական է նաեւ այն տեսանկյունից, որ եթե այն ձեւավորվի ՀՀ տարածքում որպես «անկլավ», ապա առաջանալու է այն Ադրբեջանի հետ կապելու խնդիրը։ Եվ մենք դեռ չգիտենք, թե Ադրբեջանն ի՞նչ պահանջներ է ներկայացնելու, միգուցե պահանջի, որ նաեւ իրեն փոխանցվի այն ճանապարհը, որով այդ միացումը կապահովի։ Այսինքն՝ մենք կունենանք նաեւ լրացուցիչ տարածքային կորուստներ։ Իսկ Արծվաշենը, ճիշտ է, բուն հայկական հող է, միջնադարում եղել է բավական ծաղկուն բնակավայր, բայց այս պահին այն Հայաստանի համար ռազմավարական որեւիցե նշանակություն չունի։

Ինչ վերաբերում է Տավուշի մարզի տարածքներին, այստեղ մեկ «անկլավը»՝ Վերին Ոսկեպարը գտնվում է Ոսկեպար գյուղի թիկունքում։ Այսինքն՝ եթե այդ տարածքը փոխանցվի Ադրբեջանին, ապա հայկական Ոսկեպար բնակավայրը կարող է հայտնվել երկկողմանի սեղմված վիճակում։ Եվ եթե նաեւ հաշվի առնենք այն փաստը, որ այդ այսպես կոչված «անկլավը» Ադրբեջանին կապող ամենակարճ ճանապարհը կարող է անցնել հենց Ոսկեպարի միջով, ստացվում է, որ Ոսկեպարը կհայտնվի հայաթափման վտանգի տակ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930