Լրահոս
Օրվա լրահոսը

«Կտեսնենք, որ Դիլիջանի քրեականի պետը չի պատժվի, ոստիկանները շարունակում են անպատիժ մնալ»․ Ժաննա Ալեքսանյան

Հունիս 04,2023 15:00

«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

-Տիկին Ալեքսանյան, լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո անչափահասին ծեծի ենթարկած ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է ներկայացվել անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Ինչպե՞ս եք գնահատում ոստիկանության պաշտոնյայի այս արարքը եւ այն, որ աղմուկից հետո միայն իրավական գործընթացներ սկսվեցին այս դեպքով։

-Սա ցույց է տալիս, որ ոստիկանությունը չի փոխվել եւ չի բարեփոխվել, ինչի մասին շարունակ խոսում էին։ Բռնությունները միշտ կան, մենք երբեմն նաեւ հրապարակային ենք դրանց ականատես լինում, օրինակ՝ զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում եւ այլն։ Եվ ոչ ոք չի պատժվում դրա համար, ընդհանրապես ոստիկանությունը երբեք չի պատժվում, որովհետեւ կա Քննչական կոմիտե, կան պաշտոնյաներ, ովքեր նորմալ են համարում, որ ոստիկանությունը պետք է բռնություն գործադրի։ Դա է պատճառը, որ ոստիկանության պաշտոնյան անչափահաս երեխային ծեծի ու բռնության է ենթարկել։ Քննչական կոմիտեն հենց այդպես էլ աշխատում է՝ գործերը կոծկելով։ Ասել են՝ մի գրավոր ներողություն խնդրիր, որ գործը փակելու հիմք ունենանք, եւ այդպես էլ աշխատում են։ Հիմա այս մի գործը հանրությանը հայտնի դարձավ, բայց բազմաթիվ գործեր կան, որոնք հանրությանը հայտնի չեն դառնում, եւ ոստիկանները շարունակում են մնալ անպատիժ։ Այս գործով աղմուկ բարձրացավ, բայց դեռ պետք է տեսնենք, թե ինչ ելք է ունենալու։ Ես չեմ կարող պնդել, որ այդ գործը մի այնպիսի ավարտ է ունենալու, որ մեղավորները պատժվեն։ Մենք տեսանք, որ երբ Նիկոլ Փաշինյանի որդու հետ դեպք պատահեց, ինչ կատարվեց, ինչքան «արդարամիտներ» գտնվեցին, որոնք ասում են, թե օրենքի առաջ բոլորը հավասար են։

-Նաեւ հենց Նիկոլ Փաշինյանը խոսեց օրենքի առաջ բոլորի հավասար լինելու մասին, ասաց, որ ՀՀ-ում իրավական ճանապարհով պետք է լուծվեն հարցերը։

-Դա կեղծ հայտարարություն էր Նիկոլ Փաշինյանի կողմից, ասաց, թե տղան իրեն այնպիսի բան է ասել, որ ինքը չի կարող ուրիշ կերպ վարվել, որ մենք իրավական պետություն ենք։ Ծիծաղելի են այդ խոսքերը, երբ ոչ դատական համակարգն է բարեփոխվել, ոչ քննչական մարմինները։ Ընդհանրապես դրա մասին ոչ ոք չի էլ խոսում, որ քննչական մարմինները պետք է բարեփոխվեն, եւ մենք երբեք չենք տեսել մի քայլ, որն ուղղված պետք է լիներ այդ մարմինների բարեփոխմանը, եւ Քննչական կոմիտեն իմանար, որ ինքը ցանկացած գործ պետք է բացահայտի։ Եվ հիմա պարզվեց, որ Աշոտ Փաշինյանի դեպքում դա հնարավոր է։ Աշոտ Փաշինյանն այսօր ամենաշատն է օրենքով պաշտպանված՝ լինելով վարչապետի որդի։ Եվ այն, որ ինքը թիկնապահներով չի շրջում, ոչինչ չի նշանակում։ Իսկ ո՞վ է ասել, որ թիկնապահով պտտվելը պարտադիր պայման է, կամ եթե վտանգ կա, թող թիկնապահներով շրջի։

-Իշխանություններն անընդհատ խոսում են ոստիկանության բարեփոխումների մասին, այսինքն՝ իրականում տեսանելի արդյունքներ չկա՞ն։

-Ոչ, բարեփոխումներ չկան, դա իմիտացիա է։ Եթե բարեփոխում լինի, եթե մեկ ոստիկանի պատժեն, այս իրավիճակը չի լինի։ Զինծառայողների ծնողների նկատմամբ իրենք վարչական վարույթներ հարուցեցին, դիմեցին դատարաններ, որպեսզի տուգանեն նրանց, բայց որեւէ ոստիկան պատժվե՞ց բռնության համար։ Ինչո՞ւ եք առանց այդ էլ հոգեբանական ծանր վիճակում գտնվող ծնողներին ավելի բորբոքում։ Բնական է, որ ծնողներն էլ այդպիսի արձագանք պետք է տան։

Անդրադառնալով Դիլիջանի քրեականի պետի արարքին՝ պաշտոնյաներն արդարացնում են նրան։ Օրինակ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ նա առաջին անգամ է հանցանք կատարել, եւ կարող է կիրառվել գործուն զղջալու ինստիտուտը։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Թող ասեն, թե որ դեպքերում է գործում գործուն զղջալու ինստիտուտը։ Ես դեպքեր գիտեմ, երբ, օրինակ, 10 հազար դրամ կաշառքի համար սոցիալապես անապահով մարդուն դատում են, եւ փաստաբանը ոչ մի կերպ չի կարողանում փոխել իրավիճակը։  Այսինքն՝ դա կիրառվում է ընտրովի սկզբունքով, ում կուզեն, նրան կներեն՝ ներումը որակելով «գործուն զղջում», ում չեն ուզի, չեն ների։ Եվ կտեսնենք, որ Դիլիջանի քրեականի պետը չի պատժվելու։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930