Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խաղաղության օրակարգին հավատալով՝ որտե՞ղ պետք է ներդրումներ անեն, այն տարածքներում, որոնք իշխանությունները չգիտեն՝ երբ եւ ինչ պայմաններո՞վ են հանձնելու թշնամուն»

Հունիս 04,2023 13:20

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի դեպքում Հայաստանի տնտեսությունում լուրջ խնդիրներ կստեղծվեն, եւ այսօրվա տնտեսական մեծ աճը հնարավոր չի լինի ապահովել։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տնտեսական բարձր աճին, ասել էր․ «Իմ կարծիքով՝ մեր տնտեսությունը հենց խաղաղության օրակարգին է արձագանքում։ Ուրիշ բացատրություն չկա՝ սա տնտեսության, քաղաքացիների վերաբերմունքն է խաղաղության օրակարգին։ Նրանք պարզապես լուրջ են վերաբերվում խաղաղության օրակարգին»։

«Եթե նա այդպես է ասել, դա ավելի շատ չար կատակ է, քան իրողություն»,- արձագանքեց Թադեւոս Ավետիսյանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12․2 տոկոս, այդ թվում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2․4, շինարարության ծավալը՝ 16․8, առեւտրի շրջանառությունը՝ 23․2, ծառայությունների ծավալը՝ 22․2 տոկոսով։ Արտաքին առեւտրաշրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 99․4 տոկոսով, այդ թվում՝ արտահանման ծավալները նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճել են 2․1 անգամ, իսկ ներմուծման ծավալները՝ 93․9 տոկոսով։ Առեւտրաշրջանառության ծավալների մեծ աճը վերջին շրջանում պայմանավորված է նրանով, որ այլ երկրներից ապրանքներ են ներմուծվում Հայաստան եւ Հայաստանից վերաարտահանվում Ռուսաստան։

Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի դրական կարճաժամկետ արդյունքներով։ «Ակնհայտորեն Հայաստանի տնտեսական աճին այս վերջին փուլում նպաստել են Ռուսաստանից ներհոսած պատիկներով ավելի միլիարդավոր դոլարների դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության աճը։ Այսինքն՝ Հայաստանը ներկրում է երրորդ երկրներից եւ արտահանում Ռուսաստան։ Բանկային համակարգում եռապատկվել են շահույթները դրամական փոխանցումների հաշվին։ Բացի դա, Ռուսաստանի քաղաքացիները նաեւ գալիս են Հայաստան եւ իրենց բիզնեսները, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, տեղափոխում են Հայաստան։ Եվ թռիչքաձեւ աճ ունենք շահումով խաղերի ոլորտում։ Հիմա եթե մարդիկ հավատում են խաղաղության օրակարգին եւ շահումով խաղեր են խաղում, դա ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել։ Իսկ խաղաղության օրակարգին հավատալով՝ որտե՞ղ պետք է ներդրումներ անեն, այն տարածքներում, որոնք նույնիսկ այսօրվա իշխանությունները չգիտեն՝ երբ եւ ինչ պայմաններո՞վ են հանձնելու թշնամուն»,- ասաց նա։

Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ տնտեսական աճին նպաստող այս գործոնները կարճաժամկետ են։ Եվ երբ ավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, այլեւս այդ լրացուցիչ գործոնները չենք ունենա, վերաարտահանման անհրաժեշտություն չի լինի։ Բացի դա, ՌԴ քաղաքացիները վերադառնալու են իրենց հայրենիք, ինչը կհանգեցնի դրամական փոխանցումների նվազմանը։ «Եվ դրանք լրացուցիչ դժվարություններ են առաջացնելու հետագայում։ Եվ, այո, այդ ժամանակ մենք ոչ միայն այս բարձր աճը չենք ունենալու, այլ ընդհանրապես տնտեսական աճ ապահովելու լուրջ խնդիր կունենանք»,- հավելեց նա։

Հարցին, թե Հայաստանում տնտեսությունում ցնցումներ սպասվո՞ւմ են, եթե այսօրվա աճին նպաստող գործոնները չլինեն, Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց․ «Այո, եթե այս գործոնները չլինեն, մենք արդեն ունենալու ենք լրացուցիչ խնդիրներ, որովհետեւ այդ տաք փողերն ու դրական ազդակներն ինչպես արագ ունեցել են իրենց դրական ազդեցությունը, այնպես էլ չեզոքանալու, չլինելու պարագայում ունենալու են իրենց բացասական հետեւանքները։ Այդ բարձր տնտեսական ակտիվությունն այդպես էլ չի կապիտալացվում։ Օրինակ՝ գյուղատնտեսությունում ու արդյունաբերությունում նվազում է արձանագրվում, այն ոլորտները, որոնցում աճ կա, հիմնականում աճում են պահանջարկով պայմանավորված։ Դա ծառայությունների ու առեւտրի ոլորտներ են։ Երբ չլինի այդ լրացուցիչ պահանջարկը, բնականաբար այդ ոլորտներն այլեւս չեն ապահովի 25-30 տոկոս աճ։ Եթե Ռուսաստանի նկատմամբ չլինեն պատժամիջոցներ, վերաարտահանումը Հայաստանից նույնպես կկրճատվի, եւ չենք ունենա արտահանման թռիչքաձեւ աճը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930