Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազել են հացահատիկի, եգիպտացորենի, բուսական յուղերի եւ պանրի միջազգային գնանշումները, բրնձի, շաքարի եւ մսի գները՝ աճել

Հունիս 04,2023 11:19

Մայիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը նվազել է, ինչը կապված է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի եւ կաթնամթերքի գնանշումների զգալի անկման հետ, հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով  գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 124,3 միավոր էր, որը 2,6 տոկոսով ցածր է ապրիլի ցուցանիշից եւ 22,1 տոկոսով ցածր 2022 թվականի մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4,8 տոկոսով, որտեղ առաջատարը եգիպտացորենի համաշխարհային գների 9,8 տոկոս հասնող անկումն է՝ պայմանավորված արտադրական բարենպաստ հեռանկարին զուգահեռ ընթացող՝ ներմուծման սակավ պահանջարկով։ Հացահատիկի միջազգային գները, եւս, 3,5 տոկոսով նվազել են, որը կապված է մատակարարումների եւ հացահատիկի Սեւծովյան նախաձեռնության ընդլայնման հետ։ Ի տարբերություն վերջինիս, բրնձի միջազգային գները շարունակում են աճել մայիսին, ինչին նպաստում են Ասիայից գնումները եւ արտահանող որոշ երկրներից, ինչպիսիք են Վիետնամը եւ Պակիստանը, մատակարարումների սակավացումը։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը մայիսին 8,7 տոկոս նվազում է արձանագրել, որը միջինում 48,2 տոկոսով ցածր է նախորդ տարվա մակարդակից։ Ապրիլ ամսվանից արմավենու միջազգային գները զգալի անկում են գրանցել, քանի որ համաշխարհային ներմուծումների արդեն տեւական ժամանակ զուսպ տեմպը համընկել Է խոշոր արտադրող երկրներում արտադրանքի աճի հետ: Բրազիլիայում սոյայի առատ բերքի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի մեծածավալ պաշարների պայմաններում արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ նվազում են սոյայի համաշխարհային գները: Կանոլայի եւ արեւածաղկի յուղերի գները գլոբալ մատակարարումների ավելացման շնորհիվ շարունակում են անկում ապրել։

Ապրիլից ի վեր ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նվազել է 3,2 տոկոսով, որտեղ առաջատարը պանրի միջազգային գների գահավիժումն է՝ գլխավորապես պայմանավորված հյուսիսային կիսագնդում կաթի՝ սեզոնին բնորոշ բարձր արտադրողականության պայմաններում արտահանման լայն հնարավորություններով։ Այսուհանդերձ, վերականգնվել են կաթի փոշու, ինչպես նաեւ կարագի միջազգային գնանշումները։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն արդեն չորրորդ ամիսն անընդմեջ աճ է արձանագրել, այս անգամ 5,5 տոկոս՝ ապրիլի համեմատ, իսկ մեկ տարի առաջվա համեմատ՝ շուրջ 31 տոկոսի չափով։  Գների այս վերելքն արտացոլում է համաշխարհային առաջարկի նվազումը, հաջորդ սեզոնի բերքի վրա «Էլ Նինյո» բնական երեւույթի ազդեցության շուրջ ահագնացող մտահոգությունները, ինչպես նաեւ բեռնափոխադրումների հետաձգումները՝ Բրազիլիայում սոյայի եւ եգիպտացորենի մեծ մրցակցության համատեքստում։ Բրազիլիայում շաքարեղեգի 2023 թվականի դրական հեռանկարները կանխեցին գների ամենամսյա աճը` ընդսմին նպաստելով նաեւ անմշակ նավթի միջազգային գների նվազեցմանը։

Մայիսին 1,0 տոկոս վերելք է գրանցվել նաեւ ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսում, ինչը բացատրվում է Ասիայում թռչնամսի ներմուծման բարձր պահանջարկով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տավարի մսի առաջարկի կայուն նվազմամբ։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։

Վերականգնվում է հացահատիկային մշակաբույսերի գլոբալ արտադրությունը, իսկ համաշխարհային պաշարները ռեկորդային մակարդակի են հասնում

2023-24 թթ. համար ավելի վաղ կատարված կանխատեսումներով 2023 թվականին հացահատիկային ապրանքների արտադրության շուրջ 1,0 տոկոս աճ կգրանցվի՝ հասնելով 2 813 միլիոն տոննայի. այդ է վկայում այսօր հրապարակված   ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի առաջարկի եւ պահանջարկի տեղեկագիրը։

Ակնկալվող աճը հիմնված է եգիպտացորենի, բրնձի եւ սորգոյի բերքի աճի կանխատեսումների վրա, մինչդեռ հացահատիկի եւ գարու արտադրությունը կարող է նույնիսկ 2022 թվականի մակարդակից նվազել։

ՊԳԿ-ի հացահատիկային ապրանքների 2023-24 թթ. սպառումների  սկզբնական կանխատեսումը 2 803 միլիոն տոննա էր, որը 0,9 տոկոսով բարձր է 2022-2023 թթ. ցուցանիշից՝ գլխավորապես կերի (հիմնականում եգիպտացորենի) օգտագործման ծավալների մեծացման, ինչպես նաեւ սննդամթերքի, հատկապես ցորենի եւ բրնձի սպառման աճի շնորհիվ։

Այս նախնական կանխատեսումների համաձայն՝ 2023-24 թվականներին հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարները կարող են սկզբնական մակարդակից 1,7 տոկոսով բարձրանալ եւ հասնել 873 միլիոն տոննա ռեկորդային մակարդակի, մինչդեռ հացահատիկային ապրանքների օգտագործման պատրաստ պաշարների գործակիցը փոքր-ինչ անկում կարձանագրի՝ նվազելով մինչեւ 30,4 տոկոս։

Հացահատիկային ապրանքների համաշխարհային առեւտուրը 2023-24 թթ. շուկայական սեզոնում կանխատեսվում է 472 միլիոն տոննա՝ 2022-23 թթ. մակարդակին մոտ, իսկ անմշակ հատիկեղենի եւ բրնձի առեւտրի ծավալների աճը (բրնձի առեւտրի ցուցանիշը 2024 թվականի հունվար-դեկտեմբերին) նախատեսվում է, որ կփոխհատուցի ցորենի համաշխարհային առեւտրի ցուցանիշների սպասվող անկումը։

Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։

ՄԱԿ-Ի ՊԳԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930