Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը․ «Հայացք Երևանից»

Հունիս 04,2023 10:39

Հայաստանի հանրությունը հաճախ շփոթում է օգտագործվող երկու եզրույթներ՝ «լեգիտիմ» ու «լեգալ»՝ օրինական եղանակով ընտրված, և դա ունի իր բացատրությունը: 1995 թվականից սկսած՝ հանրությունն ունի անվստահություն պետական ընտրությունների հանդեպ, և ամեն հերթական ընտրությունից հետո ամենահաճախակի լսվող արտահայտությունն է՝ իշխանությունը «լեգիտիմ» չէ, այսինքն՝ օրինական եղանակով չի ընտրվել, եղել են ընտրակեղծիքներ: Այստեղ շփոթում են «լեգիտիմ» ու «օրինական» հասկացությունները, իրականում պետք է ասվեր, որ կառավարությունն օրինական չէ։ Այս պատճառով այդ երկու հասկացությունները մարդկանց գիտակցության մեջ միախառնվել են: Կարող են լինել օրինական ընտրություններ, ինչպիսին 2021-ի խորհրդարանական ընտրություններն էին, սակայն ժամանակի ընթացքում տվյալ կառավարությունը դառնա ոչ լեգիտիմ: Իրականում ոչ ոք չի կասկածում, որ 2021թ․-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իրոք հաղթել էր ընտրապայքարում: Դա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ հանրության մեծամասնությունն ուղղակի չմասնակցեց ընտրություններին, որովհետև նախկին-ներկա երկբևեռ ընտրանքի միջև չէր ցանկանում ընտրություն կատարել:

Այսպիսով, լեգալ՝ օրինական են այն ընտրությունները, որոնց ժամանակ չեն եղել ընտրակեղծիքներ կամ դրանք եղել են այն չափով, որ լուրջ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Իսկ տվյալ պահին լեգիտիմ է այն իշխանությունը, որը կատարում է իր խոստումները, արդարացնում է սպասումները և հանրության մեծամասնության աջակցությունն ունի՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Այդ պատճառով լեգիտիմությունը չափում են աստիճանով՝ բարձր, կամ ցածր, այն է՝ ամեն պահի իրականացվում է հանրային կարծիքի ուսումնասիրություն և ըստ այդմ որոշվում տվյալ պահին իշխանության աջակցության աստիճանը:

2021-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը խոստանում էր խաղաղություն, ասում էր՝ ապագա կա, նաև համոզում էր մարդկանց, որ Արցախը, Նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, թեկուզ այդ կարգավիճակով՝ ռուսական խաղաղապահների ներկայության պայմաններում կկարողանա պահպանել իր էթնիկ դիմագիծը, Հայաստանում կլինի արդարություն ու սոցիալական պայմանների բարելավում: Փաստն այն է, որ գործող կառավարության վարկը՝ հանրային աջակցության աստիճանը, շատ ցածր է, քանի որ ընտրությունների ժամանակ տված խոստումները դրժել է: Ըստ սոցհարցումների՝ գործող կառավարությունն ունի հանրության մոտ 15%-ի աջակցությունը, ինչը նշանակում է, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, որպեսզի նոր կառավարությունը կարողանա արտահայտել հանրության սպասումները: Դա է արտահերթ ընտրությունների ողջ իմաստը: Հակառակ դեպքում, ինչպես նկարագրված է քաղաքագիտության դասագրքերում, ցածր լեգիտիմություն ունեցող իշխանությունն ունի գոյատևման մեկ եղանակ՝ իշխանությունը պահել ուժային կառույցների միջոցով ու սկսել բռնություններ, ինչը տեսնում ենք այսօրվա Հայաստանում, և գնալով այդ գործելաոճն ավելի է խորանալու:

Սակայն այստեղ կա ևս մեկ հանգամանք, ինչը չենք կարող հաշվի չառնել․ ժամանակակից աշխարհում, հատկապես այն պայմաններում, որում հայտնվել է Հայաստանը, իշխանությունը պետք է ունենա ոչ միայն ներքին, այլև արտաքին լեգիտիմություն: Քանի որ Հայաստանն օրվա կառավարության գործունեության շնորհիվ իր անվտանգությունը չի կարողանում ապահովել սեփական ուժերով, ապա այն որոնում է արտաքին աշխարհում՝ միջազգային հարթակներում:

Այսպիսով, կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունը, որի վրա հենվելով՝ իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ իշխանությունը պահելու համար չունի այդ վստահությունը եւ հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց միջոցով, ի հեճուկս սեփական ժողովրդի ցանկության, փորձում երկարաձգել պաշտոնավարումը արտաքին օժանդակություն ստանալու շնորհիվ: Երկրորդ տարբերակի դեպքում՝ արտաքին ուժերն իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին, ինչը տեսնում ենք ներկայիս Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության քայլերի մեջ:

Այսօր Հայաստանում մենք ունենք երկրորդ տարբերակը․ գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930