Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին ու բերում պատերազմ․ «Առերեսում»

Հունիս 03,2023 22:00

Մայիսի 28–ին Բերձորի միջանքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին ու Արցախին ներկայացրեց սպառնալիքներ ու վերջնագրեր։ Դրանց անդրադառնում են «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը եւ ՀՅԴ անդամ, պատմաբան, ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը։ Ներկայացնում ենք հատվածներ նրանց խոսքից։

Իլհամ Ալիեւ․ «Ասում եմ՝ քանի դեռ ուշ չէ։ Քանի դեռ Հայաստանը, թեև ոչ դե ֆակտո, բայց իրավական անկախություն ունի, քանի դեռ Հայաստանի սահմաններ հասկացությունը որոշակի իմաստով ընդունված է։ Նրանք պետք է ընդունեն մեր պայմանները։ Չե՞ն ուզում սահմանազատում, պետք էլ չէ: Ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում։ Սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք կասենք։ Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել։ Ոչ ոք նրանց չի օգնի, ոչ Եվրոպայից ժամանած ֆրանսիացի թոշակառու ոստիկանները, ոչ մեկ ուրիշը, ոչ ոք»։

Արթուր Եղիազարյան․ «Տպավորություն է, որ այս հարցում շատ ներդաշնակ են գործում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանում անընդհատ սնուցում են խաղաղության կեղծ օրակարգ ու վախեցնում, որ եթե չգնանք խաղաղության, որին չենք էլ գնում, քանի որ մյուս կողմից չենք տեսնում դա, բայց պարտությունից հետո, երբ ժամանակ է պետք սպիանալու, բուժվելու համար՝ անընդհատ խաղում են դրա հետ, մարդկանց գիտակցության մեջ այնպիսի բան ստեղծելով, թե իրենք խաղաղության են ուզում՝ հանկարծ գնացին, կարող է պատերազմ լինի։ Բայց չեն ասում, որ հենց հիմա էլ այս ձեւով ընթանում է պատերազմ։ Եվ իշխանությունն անընդհատ օգտագործում է դա՝ մարդկանց վախեցնելով, թե ինչ ուզում են՝ տվեք, միայն հանկարծ չլինի պատերազմ։ Բայց այդպես մենք միայն կորցնում ենք․․․

… Ալիեւն այս ամենն ասում է որտե՞ղ, Բերձորում։ Այն ինքը ռազմական ճանապարհո՞վ է ձեռքբերել։ Ընդամենը թղթի վրա ստորագրությամբ։ Այնպես որ՝ իր հոխորտանքը․․․»։

Իլհամ Ալիեւ․ «Պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք դեռևս Ղարաբաղում են, պետք է դուրս բերվեն։ Սրանք են մեր պայմանները․․․Այս պայմանների մասին հայտարարում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն, որ այսօր մենք այստեղ ենք և հավերժ այստեղ ենք լինելու։ Թող իմանան նաև, որ այստեղից տեսանելի են Հայաստանի գյուղերը։ Մենք էլ ենք տեսնում այդ գյուղերը, այսինքն՝ թող չմոռանան նաև դրա մասին»։

Մենուա Սողոմոնյան․ «Սա ազդանշան է հայ ժողովրդին, թե մինչեւ պատրաստ չլինենք դիմակայելու, պայքարելու՝ խաղաղության մեջ չենք ապրելու։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խաղաղության դարաշրջանի մասին՝ այդ օրվանից մինչ օրս մենք 400 զոհ ենք տվել։ Նիկոլ Փաշինյանը եւ պատերազմը հոմանիշներ են։ Փաշինյանը ճամարտակում է խաղաղության մասին, բայց ինքը բերում է պատերազմ, քանի որ մեր հարեւանն Ադրբեջանն է, ոչ թե քաղաքակիրթ Շվեդիան։ Ու երբ մենք զիջում ենք Ադրբեջանին՝ այն շարունակաբար ավելի ու ավելի շատ պահանջներ է դնում՝ մեզ վախեցնելով։ Ու Նիկոլ Փաշինյանն էլ այդ պասը վերցնում է․վախի մահակն անընդհատ թափահարելով ժողովրդի վրա՝ պարզապես լուծում իշխանության պահպանման խնդիր։

Իսկապես՝ Աղդամում մենք մի թիզ հող չէինք զիջել՝ Ակնայի ուղղությամբ։ Քարվաճառի ուղղությամբ մենք հող չէինք զիջել՝ պատերազմի ժամանակ, զենքի ուժով։ Բայց այդ բոլորը ստորագրությամբ տրվեց…»։

Իլհամ Ալիեւ․«Այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին։ Նրանք կարող են համաներում ստանալ միայն այն դեպքում, եթե կամովին լքեն բոլոր ֆիկտիվ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Նույնիսկ այդ դեպքում՝ դեռ կտեսնենք»։

Արթուր Եղիազարյան․ «Ալիեւի հիմնական նպատակն Արցախը սեղմած պահելն է՝ մինչեւ այն պահը, որ համոզվի, թե Արցախի ժողովուրդը հոգեպես կոտրվել է։ Դեռեւս չկան այդ նշանները։ Եվ երբ ինքը համոզվի՝ վստահ եղեք, միանգամից բացելու են ճանապարհները, որ Արցախի բնակչության մի 30-40 տոկոսը դուրս գա։ Եվ դրանից հետո հայկական Արցախը կկորցնի իր կենսունակությունը․․․ Ու հակառակը՝ դրանից հետո մնացողներին նույնիսկ լավ են նայելու՝ կարճ ժամանակ»։

Իլհամ Ալիեւ․ «Միացում» գիրքը փակված է, անջատողականությունն՝ ավարտված։ Անկախության երազանքները գնացին այնտեղ, որտեղ կարգավիճակը։ Իսկ մենք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կարգավիճակն ուղարկել էինք այնտեղ, որտեղ պետք է։ Ուստի, մնացել է միայն մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, դառնալ Ադրբեջանի լոյալ, նորմալ քաղաքացիներ»։

Մենուա Սողոմոնյան․ «Ալիեւը սրանով ակնարկում է Անկախության մեր հռչակագրում, մեր Սահմանադրության հիմքում դրված համազգային այն նպատակը, որով Արցախը պետք է ինքնորոշվի եւ հեռանկարում միանա Մայր Հայրենիքին։ Ակնարկում է, թե մենք իբրեւ թե պետք է հրաժարվենք այդ գաղափարից։ Հոխորտանքների այդ ձեւը, վերջնագրերի այդ լեզուն վիրավորանք է հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը։ Մենք պետք է թույլ չտանք դա։ Սա պաթոս չէ։ Արժանապատվությունը քաղաքական կատեգորիա է»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930