Լրահոս
Օրվա լրահոսը

Ռասիզմն ու անհանդուրժողականությունը՝ ԵԽ անդամ երկրներում․ մտահոգիչ ցուցանիշներ

Հունիս 03,2023 20:37

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմին նախորդել է և դեռևս ուղեկցում է ծայրահեղ ազգայնական դիսկուրսն ու քարոզչությունը»,- ամրագրված է Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) տարեկան զեկույցում։ Զեկույցը հրապարակվել է հունիսի 1-ին։

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, ԼԳՏԲ անձանց, գնչուների նկատմամբ շարունակական խտրականությանը, ճանապարհորդների նկատմամբ շարունակական խտրականության վերացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերակատարներին աջակցելու անհրաժեշտությանը։

Զեկույցում նաև նշված է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը հանգեցրել է նրան, որ հարյուր հազարավոր ռուս քաղաքացիներ լքել են Ռուսաստանը և բնակություն հաստատել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում, որոնց համար մուտքի վիզայի կարիք չի եղել․ «Եվրոպայի խորհրդի հակառասիզմի հանձնաժողովը  ողջունում է այն փաստը, որ ընդունող երկրի իշխանությունները և իրավահավասարության մարմիններն օպերատիվ կերպով գործել են թշնամանքի սկզբնական արտահայտությունները և ատելության ցանկացած խոսք կանխելու համար, բայց այս ոլորտում լրացուցիչ զգոնություն է պահանջվում»։

Փաստաթղթում նաև մտահոգություն կա, որ ռուս առաջնորդներն ամենաբարձր մակարդակով կեղծ պատմություն են ներկայացնում՝ նկարագրելով Ուկրաինայի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և ուկրաինացիներին, որոնք «ռուսամետ» չէին՝ որպես նեոնացիստներ։

Նշենք, որ 2022-ին հանձնաժողովն իրականացրել է ութ այցելություն՝ Հայաստան, Ադրբեջան, Կիպրոս, Վրաստան, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Հյուսիսային Մակեդոնիա և Լեհաստան՝ իրավիճակի մոնիտորինգի համար։

ԵԽ հակառասիզմի հանձնաժողովն ուսումնասիրում է իրավիճակը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից յուրաքանչյուրում և կազմում է առաջարկություններ, թե ինչպես կարող են հաղթահարվել բացահայտված խնդիրները: Հանձնաժողովի նպատակն է պայքարել ռասիզմի, այլատյացության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ, ինչպես նաև  «ռասայի», մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքացիության հիմքով ազգային կամ էթնիկ ծագմամբ, սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ կամ սեռային հատկանիշներով պայմանավորված խտրականության հարցերի դեմ։

Զեկույցում ամրագրված է, որ հանձնաժողովի կողմից բարձրացված խնդիրները 48,6 տոկոսով չեն լուծվել անդամ պետություններում օրենսդրական մակարդակով համապատասխան գործողություններ չկատարելու պատճառով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930