Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխություն ազդարարող տոնավաճառ՝ Գյումրիում․ հրաժարվել են նպաստից ու ընտանեկան բիզնես հիմնել (ֆոտոշարք)

Հունիս 03,2023 19:44

Այսօր Գյումրու «Բարեկամության այգում»  անցկացվեց  իր բնույթով եզակի տոնավաճառ, որին մասնակցում էին Շիրակի մարզի փոքր բիզնեսի 84 ներկայացուցիչներ՝  տաղավարներում ցուցադրելով իրենց արտադրանքը՝ ճագարագործությունից, սնկաբուծությունից, թռչնաբուծությունից մինչև տիկինիկագործություն, կահույքագործություն, արծաթագործություն,  հրուշակագործություն, կոշկագործություն, տեքստիլ  արտադրություն։

Տոնավաճառը կազմակերպել էր ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիան՝ ՀՀ Աշխատանքի և  սոցիալական  հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։

Ինչպես հայտարարվեց տոնավաճառի բացման արարողության ժամանակ՝ այն նպատակ ունի խթանելու «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման  միջոցառումները»։

Այս ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության հինգ մարզերից՝ Արարատից, Արմավիրից, Կոտայքից, Լոռիից և Շիրակից ընտանեկան նպաստի 306 շահառուների դրամաշնորհներ են հատկացրել, որոնց միջոցով նրանք հիմնել են փոքր ընտանեկան ձեռնարկատիրություններ։

Նրանք մասնակցել են դասընթացների, որոնց ավարտին մշակվել են բիզնես ծրագրեր, լավագույնները ֆինանսավորվել են։

Շիրակի մարզում հիմնվել են 84 ընտանեկան բիզնեսներ։

ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիայի հիմնադիր Միրա Անտոնյանը, պարզաբանելով ծրագրի նպատակը, ասաց․ «Մարդիկ, որոնք տարիներ շարունակ  իրենց ապրուստի միջոցը համարել են նպաստ ստանալը, այսօր այստեղ հանդես են գալիս որպես անհատ-ձեռներեցներ, որպես սեփական ձեռնարկատիրական գործունեություն ծավալածներ։  Նրանք, բացի իրենց սեփական ուժերից ու ընտանիքի ներուժից, որևէ  այլ  միջոցի վրա հույս չեն դնում։

Ամենամեծ հեղափոխությունը, կարծում եմ, տեղի է ունեցել այս ծրագրի միջոցով․ մարդիկ ունեն իրենց իսկ ստեղծածով արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն։ Եվ այն միֆը, որ սկզբից հնչում էր՝ ժողովուրդ, էս ինչ վտանգավոր գործ եք սկսել, էս ինչ ռիսկայնին գործ եք սկսել՝ ո՞նց կարող է մարդը պատրաստի գումար ստանալու հնարավորությունը փոխարինի աշխատանքով կամ չարչարանքով, գիշեր-ցերեկ անելով և այլն, վերացել է։ Շատերը չէին հավատում, մենք հավատում էինք»։

 

Միրա Անտոնյանը նշեց, որ 2 տարի պահանջվեց այս ամենն իրականություն դարձնելու համար։ Նա տեղեկացրեց, որ արտադրողների ամենամեծ թիվը Շիրակի մարզում է․ 306-ից 84-ը իրագործվում է այս մարզում։ Նրա մեկնաբանմամբ՝ ընտանիքները կարող էին մնալ  ընտանեկան նպաստ համակարգում,  բայց նրանք ընտրեցին դուրս գալը՝ գերադասելով սեփական քրտինքով վաստակել գումարը։ Նրանք, ըստ էության, ռիսկի են գնացել։

«Գուցե մարդիկ կան, որոնք այսպես, թե այնպես ունեին այդ գործը, բայց մեր ծրագրի միջոցով կարողացան հզորացնել, ծավալները մեծացնել»,-ասաց Միրա Անտոնյանը։

Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանն էլ  նշեց, որ կարևոր քայլ է արվում․ սոցիալապես անապահովն ու աշխատանքի խնդիր ունեցողը դառնում է աշխատատեղ ստեղծող, սպառող հասարակությունը վերածվում է ստեղծողի։

Շիրակի մարզում այս ծրագրի բիզնես խորհրդատու Ղարիբ Հարությունյանն էլ իր խոսքում առաջարկեց մոռանալ «շահառու» տերմինը, փոխարենն օգտագործելով՝ «բիզնես գործընկերներ»,  «գործատուներ», քանի որ նրանք աշխատատեղ են ստեղծում։

«Մեր մարզը, որ ժամանակ առ ժամանակ դիտարկվում է որպես աղքատության կամ գործազրկության ամենաբարձր  մակարդակ ունեցող տեղանք, ես հարցին մոտենում են մեկ ուրիշ տեսանկյունից, մեր մարզը ամենաբարձր պոտենցիալ ունեցողն է։ Խնդրեմ արդյունքները, բիզնեսն այս մարզում ամենաբարձր արդյունքներն է տալու»,- ասաց Ղարիբ Հարությունյանը։

Նա նաև ասաց, որ այս մոդելը, որը կիրառվել է, պետությունը ճիշտ կանի որդեգրի ու « նպաստ, նպաստառու» հասկացությունները հնարավորինս շուտ վերացնի։

«Նպաստառու հասկացություն մեզ մոտ չպիտի ունենանք, մեր Հայաստանում բոլոր կարող, ստեղծագործ, ստեղծող, արտադրող մարդիկ են։ Նպաստառուներ կարող են լինել հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Ես պետությանը կոչ եմ անում այս մոդելը կիրառել ՝որպես իրեն արդարացրած մոդել և շարունակել այս ձևով աջակցել, այսինքն՝ մարդիկ պիտի ստեղծեն բիզնեսներ, արարեն, արտադրեն  և հրաժարվեն նպաստ հասկացողությունից», -ասաց Ղարիբ Հարությունյանը։

Իհարկե, մեզ հետ զրույցում եղան ընտանիքներ, որոնք նշեցին, թե  նպաստը միանգամից կտրելը խեղճացնում է, քանի որ  նոր ստեղծված բիզնեսով չես կարողանա միանգամից եկամուտ ստանալ։

Օրինակ՝ կոշկագործությամբ զբաղվող Ռուբեն Ազարյանը  երեք երեխաներ ունի, նա արհեստը ժառանգել  է պապերից։

Նա օգտվել է այս ծրագրից, սակայն նշում է․ «6 ամիս է՝ այս ծրագրով բիզնես եմ հիմնել, ուզում եմ զարգացնել,  երեք հատ փոքր  երեխաներ ունեմ,  նպաստն արդեն կտրել են։ Պետությունը մի կողմից  մեզ ոտքի է հանում, որ բիզնես դնենք, բայց մյուս կողմից էլ կարծես մեջքիդ խփում, գցում է․ դեռ եկամուտ չեմ ստացել  կոշկագործությունից․  առնվազն 2-3 տարի պետք կլինի, որ ներդնես, իրացնես, հզորացնես։ Ես չեմ լացում, բայց միանգամից նպաստը կտրելը մի տեսակ խեղճացնում է, ընտանիքիս 5 հոգուց է բաղկացած, միայն ես եմ աշխատում», -ասաց նա։

Ռուբեն Նազարյանը նշեց նաև, որ կոշկագործության մեծ ավանդույթներ ունեցող մեր երկրում այս արհեստը փոքր- ինչ  իր տեղը զիջել էր, քանի որ կար հումքի խնդիր, բայց հիմա  վիճակը  նորմալանում է, հնարավորություն կա օգտագործելու հայկական կաշին։

Կոշկակարը նշում է՝ տեղի արտադրանքը որակով է, երկար են հագնում, բացի այդ մաքուր կաշի է, իսկ չինականը դերմանտին է, հիվանդության բույն է, ոտքերը քրտնում են։

«Հատկապես երեխաների համար վնասակար է, տեղականն ավելի մատչելի է, քան դրսից եկածը։ Ես նաև կոշիկի վերանորոգում եմ անում, շատ հազվադեպ է, որ տեղական կոշիկներ բերեն, որ սարքես, մեծ մասամբ չինական են, որոնք  ոչ էլ սարքվում են»։

Նշենք, որ այս տոնավաճառին մասնակցում էին նաև « Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության  շահառուները, որոնք տարեց կանայք են, տնային խնամքի տակ գտնվող միայնակ ծերեր։

Նրանք հացաբուլկեղեն էին թխել տոնավաճառում ցուցադրելու համար, ինչպես նաև  իրենց ձեռագործ աշխատանքներն էին  ներկայացրել։  «Հայկական Կարիտաս»-ը փորձում է ոչ միայն տարեց կանանց ժամանցն ապահովել, այլ  Հայաստանում մեռնող արհեստները վերականգնել, օրինակ՝ թաղիքագործությունը։

«Հայկական Կարիտաս»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմենուհի Մխոյանը ցուցադրեց  «Ցերեկային հոգածության կենտրոնի» տատիկների ձեռքով պատրաստված  թաղիքե նրբաճաշակ  հողաթափիկները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930