«Ե՛վ ԿԸՀ-ին էինք դիմել, և′ վարչական դատարան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը վարչական վերադաս մարմին էր և հսկողություն էր իրականացնում հանձնաժողովի գործունեության նկատմամբ, անմիջականորեն ներգրավված էր իրականացվողի մեջ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սիսիան համայնքի ավագանու ՔՈ խմբակցության փորձագետ Վարդան Բալյանը՝ անդրադառնալով Սիսիան համայնքի ավագանու՝ մարտի 26-ին կայացած ընտրություններին։
Այն ժամանակ Վարդան Բալյանը ՔՈ-ի ընտրական շտաբի անդամ էր։
Հիշեցնենք՝ Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարցին, որ յուրայիններին պաշտոնների են նշանակում, հայտարարել էր․ «Ուզում եմ արձանագրել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։ Վա՞տ է։ Մենք յուրայինին չենք տարել նշանակել էնտեղ, որ ընտրությունները կեղծի։ Մենք յուրայինին տարել նշանակել ենք այնտեղ, որ ապահովի ընտրությունների արդարությունը։ Եվ գործնականում ապացուցել է՝ ոչ մի դիմում բողոք»։
ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն «Առավոտի» գրավոր հարցմանը՝ ԿԸՀ-ն դիմում բողոք ստացե՞լ է ՏԻՄ ընտրությունների հետ կապված, պատասխանեց․ «Մարտի 26-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում և դրանցից հետո ԿԸՀ-ի գործունեության կամ անգործության հետ կապված որևէ դիմում-բողոք չի ստացվել: Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմել է թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: ՔՈ-ի դիմումը թիվ 34 ԸԸՀ-ն քննել է ապրիլի 2-ին և մերժել»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ՔՈ-ն նախ դիմել էր տարածքային ընտրական հանձնաժողովին՝ բողոքարկելով ընտրությունների արդյունքները, սակայն հանձնաժողովն ասել է, որ բուն քվեարկության օրը որեւէ խախտում չի եղել, հետեւաբար, ընտրություններն անվավեր ճանաչվել չեն կարող, ինչից հետո ՔՈ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան։
Մեզ հետ զրույցում Վարդան Բալյանն ասաց, որ դիմումը նոր են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան․ քրեաիրավական ընթացակարգով պետք է ուսումնասիրությունը կատարվի, դրանից հետո դատական ակտ հրապարակվի։
Նա նշեց, որ ժամանակին տեսաձայնագրություն էին հրապարակել, որտեղ երևում էր, որ ԿԸՀ անդամը, որն ընդամենը խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ուներ ներկա գտնվելու նիստին, փաստացի ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծն ինքն էր գրում, և հանձնաժողովի անդամները առանց ծանոթանալու ուղղակի քվեարկել են, հաստատել են։ Վարդան Բալյանը հայտնեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրեն․ «ՔՊ-ի էլեկտորալ հաղթանակի միֆը, որը եղել է նաև 2021-ին, ուղղակի ամբողջությամբ կցնդի։ Չկա նման բան։ Նման բան, նման ձևի ընտրություններ՝ նման ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառումով չի եղել նույնիսկ Հանրապետականի ամենավատ իշխանության ժամանակ։ Ժողովրդավարության մասին խոսք անգամ չկա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ