Լրահոս
Օրվա լրահոսը

«Հը՞, տիկին դատախազուհի, ի՞նչ կասեք»

Հունիս 03,2023 14:30

«Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

– Նախօրեին, երբ Քիշինեւում հնգակողմ հանդիպումում շարունակում էր վճռվել Հայաստանի ապագան, մեր օրակարգում բարձրաստիճան ոստիկանի կողմից 16-ամյա տղային ծեծելու հարցն էր քննարկվում։ Տպավորություն է, որ միտում կա, քանի որ բոլոր վճռական իրավիճակներում, մեր ներքին կյանքը այլ վիճահարույց քննարկումների մեջ է։

– Նման տեսակետներ, այն է՝ որեւէ այլ հարց արհեստականորեն բարձրացնել եւ շեղել հանրության ուշադրությունը, հիմնական խնդրից, շատ է արծարծվել։ Նույնը կարծես կատարվեց նախօրեին, երբ բոլորն անհանգստությամբ հետեւում էին Քիշինեւի իրադարձություններին, տեղեկություն տարածվեց, որ անչափահաս 16-ամյա պատանուն դաժանորեն ծեծած բարձրաստիճան ոստիկանի նկատմամբ քրեական գործը կարճվել է։ Եվ նորից սկսվեցին տարածվել կարծիքներ, որ այս լուրը, իշխանության կողմից հատուկ տարածվեց, շեղելու համար հանրության ուշադրությունը հերթական դավաճանական արարքից։ Ես վստահ չեմ կարող պնդել, որ իշխանությունն այնքան «խելացի» է, որ ամեն անգամ նման խայծ է բաց թողնում, հիմնական հարցից հանրությանը շեղելու համար։ Իսկ եթե դա իրոք այդպես է, ապա այն խոսում է մեր հանրության, չգիտեմ ինչպես որակեմ՝ ոչ բավարար քաղաքացիական դիրքորոշում ունենալու մասին։ Թող ինձ ներեն Սոնա Մնացականյանի հարազատները, բայց նույն տրամաբանությամբ, կարելի է մտածել, որ Սոնա Մնացականյանի վրաերթը, նույնպես հանրության ուշադրությունը շեղելու փորձ էր։ Իրականում, նման դեպքերը, ոչ թե պետք է շեղեն հանրության ուշադրությունը հիմնական հարցից, այլ հակառակը՝ ավելի զայրացնեն։ Երբեք չի կարելի շեղել ներքին կյանքն, այն է՝ քաղաքականությունը, տարանջատել արտաքին քաղաքականությունից։ Մեր պարագայում, պնդում եմ, ինչպիսին ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը ապիկար եւ դավաճանական է սեփական երկրի եւ ժողովրդի նկատմամբ։ Եվ նորից կրկնեմ, պայքարն ընդդեմ իշխանությունը զավթած վարչապետ կոչեցյալի եւ նրա ընտանիքի դեմ, պետք է լինի եւ հանուն ներքին եւ արտաքին քաղաքականությունը փոխելուն ուղղված։

– Ի դեպ, ծեծի մասին. այդ ոստիկանը զղջաց իր արարքի համար ու ամենն իր տեղն ընկավ։ Փաստորեն, ժողովրդավարության բաստիոններում այդպե՞ս է, կարելի է թքել, ծեծել, սպանել ու ներողություն խնդրել։

– Իսկ արդյոք, սա նման առաջի՞ն դեպքն է։ Հիշենք, վարչապետ կոչեցյալի հրամանով, ոստիկանների կողմից ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր գործիչներին ասֆալտին պառկեցնելու եւ նվաստացնելու տեսարանները, Շուռնուխի գյուղապետի եղբոր հանդեպ խոշտանգումը ու նվաստացումը, խաղաղ ցուցարարների նկատմամբ վայրագությունները, զոհված զինծառայողների ծնողներին վայրենի ձեւով Եռաբլուրից հեռացնելը, ոստիկանական բաժանմունքում անչափահասներին եւ նրանց փաստաբաններին դաժանորեն ծեծելը։

Սրանք ոստիկանների կողմից կատարված անօրինականությունների, ոչ ամբողջական թվարկումն էր։ Նույն անպատժելիությունն է տիրում, մերձիշխանական գործիչների արարքներում՝ անարգել, հայհոյել, նվաստացնել, թքել, ծեծել, սպանել։

Եվ այս ամենի ֆոնին, Հայաստանում անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանումով համաժողով, որի մասնակիցները, փաստորեն, փառաբանում են Հայաստանում տիրող անօրինականությունները։

– Բայց զոհվածի մայրը` տիկին Գայանեն, կալանավորվեց` Նիկոլ Փաշինյանի որդուն առեւանգելու առերեւույթ փորձի համար, ավելին խիստ քննադատվեց վարչապետի ընտանիքի հանդեպ իբր ոտնձգության համար. կարծեմ, Հայաստանում երեք միլիոն վարչապետ ունեինք, ոչ թե մեկը։

– Մի քանի առիթներով ասել եմ, նորից կրկնեմ՝ Հայաստանում գործում է, նույնպես նախկին լրագրող, Բենիտո Մուսոլինիի հայտնի բանաձեւը. «Մեր ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են»։ Հը՞, տիկին դատախազուհի, ի՞նչ կասեք։

Այս «տրամաբանության» մեջ են հարուցված տասնյակ քրեական, իրականում՝ քաղաքական գործերը։ Ինչ վերաբերում է տիկին Գայանեի գործին, ապա ամենայն հավանականությամբ նա չի ընդունել վարչապետուհու կողմից առաջարկված կեղծ ժպիտն ու …, եւ որպես պատիժ, բեմադրվել է «Առեւանգում» թրիլլերը։

Իսկ վարչապետ կոչեցյալի պոպուլիստական խոսքերին եւ արարքներին չեմ անդրադառնա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930