Քիչ է մնում հայտարարեն, որ քրեականի պետը պետք է «Բարեխիղճ ծառայության համար» մեդալով պարգևատրվեր: Էլ ինչպե՞ս ծաղրեն հասարակությանը, որ այն նարկոզից դուրս գա:
Բայց այստեղ հարցը ոչ միայն այն է, որ ոստիկանության աշխատակիցը այլանդակություն է արել, անչափահասի նկատմամբ բռնություն է գործադրել, այլև այն, թե նույն իրավապահ համակարգը ինչ ռեակցիա է տալիս նման դեպքին, ինչպես են վարվում նման խայտառակ պահվածք դրսևորածի հետ: Իսկ այս առումով չափազանց ուշագրավ է, որ ծածկադմփոցը փաստացի կիսատ մնաց միայն մամուլով եղելությունը ջրի երես հանելուց հետո: Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց հիշատակված «քրեականի պետի» կողմից հյուրանոցի անչափահաս աշխատակցին ծեծելու տեսագրությունը, այնպիսի կրքեր բորբոքվեցին, որ մնում էր միայն ափսոսալ, որ ծեծողին համացանցով դատելու տարբերակ դեռ չկա:
Այսինքն, որևէ բան տեղից թեթևակի շարժվեց միայն այն բանից հետո, երբ հանրային արձագանք եղավ, ու իշխանությունը հերթական խայտառակության մեջ հայտնվեց: Բայց, մեծ հաշվով, միանգամայն օրինաչափ է, որ անչափահասին ծեծելու համար հիշյալ «քրեականի պետին» ծածկադմփոցով ազատել էին պատասխանատվություն կրելուց: Փաշինյանի իշխանության պայմաններում դա օրինաչափ է: Նախ՝ իրավապահ համակարգը նրա հենարանն է: Կարելի է ասել՝ միակ հենարանը: Երկրորդ՝ եթե պատերազմում զոհվածների ծնողներին քաշքշող, ծնողներին բռնության ենթարկող ոստիկանները չեն պատժվում, ավելին՝ ցուցադրաբար պարգևատրվում են, ապա ինչո՞ւ պիտի ինչ-որ քրեականի պետ պատասխանատվություն կրի «ինչ-որ» անչափահասի ծեծելու համար: Եվ նման օրինակները քիչ չեն… Սա է օրվա իշխանության «փիլիսոփայությունը»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։