Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ելքը

Հունիս 03,2023 13:00

Ազգային ժողովը չպետք է կցորդ լինի վարչապետին կամ՝ նախագահին

«Սենատ» լատիներեն նշանակում է «ծերակույտ»: Անուրանալի փաստ է, որ կառավարման լավագույն ձեւերը ստեղծել են Հին Աթենքը, Հռոմը:

Մեր թվարկությունից դեռ առաջ: ԱՄՆ-ի ստեղծման հիմքում, անկասկած, կանգնած ողջախոհ լիդերները ստեղծեցին կառավարման Հին Հռոմի մոդելը: Ինչո՞ւ: Պատմությունից հայտնի է, որ Հռոմը մոտ 600 տարի գերիշխում էր Եվրոպայի եւ Ասիայի տարածքում: Ո՞րն էին նրա հզորացման եւ վերջում նրա կործանման պատճառները:

Սկզբնական շրջանում այդ հզորագույն կայսրությունը ղեկավարում էր Սենատը (իմա՝ Գերագույն Խորհուրդը), որի կազմում գործում էին այնպիսի անաչառ ու անկաշառ մարդիկ, ինչպես Ցիցերոնը: Եկավ ժամանակ, երբ Սենատի դերն ու նշանակությունը նսեմացավ, Հռոմն անցավ միանձնյա կառավարման: Պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ հզորագույն, խելացի, ուժեղ անհատներ ղեկավարեն երկիրը, գալիս են հաջորդներ, որոնք փոշիացնում են, մսխում են նախորդների ստեղծածը:

Ալեքսանդր Մակեդոնացի, Հուլիոս Կեսար, Օգոստոս Օկտավիանոս, Նապոլեոն, եւ այլ հզոր անհատներ է տվել պատմությունը, սակայն ուր է նրանց ստեղծածը: Վերլուծելով այս ամենը՝ ամերիկացի օրենսդիրները հասկացան, որ երկրի կառավարման լավագույն ձեւը, նրա երկարակեցության ապահովումը Սենատի ստեղծումն ու պահպանումն է, ինչքան էլ խելացի, ուժեղ լինի անհատը, միեւնույն է, նա ինչ-որ հարցում կարող է սխալ թույլ տալ, պատմության ճակատագրի վրա ազդել:

Ահա այստեղ է խելոք «ծերակույտը», ահա այստեղ է ԱՄՆ-ի կայունության ու հզորության գաղտնիքը:

Նայում ես ԱՄՆ նախագահին, սենատորներից շատերին, հազիվ են քայլում, շարժվում: Բոլոր երկրներում էլ կան խելացի, գրագետ երիտասարդներ, սակայն առաջնությունը տրվում է կենսափորձին (ծերակույտին): Մեզ մոտ ում են կոչում Վարպետ, մարդուն, ով ունի թե մասնագիտական փորձ, թե կենսափորձ, անցել է որոշակի ճանապարհ:

Իմիջիայլոց, որքան էլ սովետական հասարակարգը ուներ թերություններ, սակայն մարդուն միանգամից բարձր պաշտոնի չէին նշանակում: Նա պետք է «դպրոց» անցներ, մանավանդ՝ երկրի կառավարման գործում: Նայեք մեր Ազգային ժողովին: Այդպես չպիտի ընտրվի մեր Ազգային ժողովը: Ազգային ժողովը չպետք է կցորդ լինի վարչապետին կամ՝ նախագահին: Այն պետք է անկախ լինի ու ուղղորդի, հեռու պահի նրանց սխալներ թույլ տալուց:

Ի՞նչ մակարդակում է մեր դիվանագիտությունը: Շատ ցածր:

Գոնե սովորենք մեր թշնամուց:

Քանիցս կործանման եզրին կանգնած Թուրքիան փրկվել է անվրեպ դիվանագիտության շնորհիվ: Նրանք հերոսացնում են իրենց փրկիչներին, մենք ոչնչացնում ենք մեր փրկիչներին: Ինչո՞ւ չենք կարողանում «պատին դեմ տալ» հակառակորդին, երբ արդարությունը մեր կողմն է:

Մեր դիվանագետներին ուզում եմ հարցնել միջազգային հարթակներում.

1.Ինչո՞ւ Սովետական Միությունը համարվում է բռնապետական երկիր, սակայն նրա ղեկավարների որոշումները «հալած յուղի» տեղ են ընդունվում: Օրինակ, Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին, ինչու չեն վիճարկվում ու չեղարկվում նրանց անօրինական որոշումները:

2.Եթե ժողովրդավարությունն առաջնային է, պարտադիր կատեգորիա է, ապա ինչու է ժողովրդավար Հայաստանը (իրենց ասելով՝ «բաստիոնը»), մեկ հարթակի վրա դրվում բռնապետական Ադրբեջանի հետ:

Ուր է արդարությունը:

Սլավա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930