Լրահոս
Օրվա լրահոսը

«Բեւեռացում, ապատեղեկատվություն, ճնշումներ». թուրքական մամուլի ներկայացուցիչները՝ Թուրքիայում մամուլի ազատության խնդիրների մասին

Հունիս 03,2023 14:00

«Առավոտի» փաստմանը՝ Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ պարբերաբար ահազանգում են, որ Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ կան, իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, «Teyit» փաստերի ստուգման հարթակի խմբագիրն այսպես արձագանքեց. «Այո, Թուրքիայում ունենք մամուլի ազատության հետ կապված խնդիրներ։ Իրոք, ցուցանիշները խնդրահարույց են»։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ի համաձայն՝ Թուրքիան 180 երկրների շարքում 165-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 177-րդում։ Հայաստանը 49-րդ հորիզոնականում է։

«Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-Թուրքիա. լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում այցելելով Ստամբուլ եւ Անկարա՝ զրուցեցինք թուրքական լրատվադաշտի մի շարք ներկայացուցիչների հետ։

«Teyit»-ը փաստերի ստուգման հարթակ է։ Խմբագրությունը գտնվում է Անկարայում։ Ինչպես խմբագրությունում ներկայացրին, իրենց աշխատակիցների համար քննադատական մտածողությունն արժեք է, նպատակն է բարելավել Թուրքիայի մեդիահամակարգը։ Իրականացնում են փաստերի ստուգում՝ համագործակցելով շահագրգիռ կողմերի հետ։
«Առավոտը» «Teyit»-ի գլխավոր խմբագիր Էմրե Իլկան Սակլիկայից հետաքրքրվեց՝ Թուրքիայում ի՞նչ հիմնախնդիրների են բախվում փաստերի ստուգման ժամանակ։ Նա պատասխանեց. «Թուրքիայում մեդիայի էկոհամակարգի հիմնական խնդիրները բեւեռացումը, մեդիագրագիտության պակասն ու ապատեղեկատվությունն են։ Սրանք լուրջ մարտահրավերներ են, ինչպես նաեւ խոչընդոտում են փաստերի ստուգման արդյունավետ իրականացմանը»։

«Teyit»-ի գլխավոր խմբագիրը նաեւ մտահոգություն հայտնեց, որ կան լուրջ խնդիրներ լրագրողական որակյալ կադրերի պատրաստման հարցում, ինչպես նաեւ մեդիագրագիտության կարողությունների զարգացման հարցում։

Մեր փաստմանը՝ Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ պարբերաբար ահազանգում են, որ Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ կան, իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Այո, Թուրքիայում ունենք մամուլի ազատության հետ կապված խնդիրներ։ Իրոք, ցուցանիշները խնդրահարույց են։ Հենց այս խնդիրների լուծման համար էլ մենք փորձում ենք տարածել ստուգված, հավասարակշռված տեղեկություններ։ Այդպիսով փորձում ենք փոխել մարդկանց պատկերացումները, աշխարհայացքը»։

Մեր հիշեցմանը՝ տեղյակ ենք, որ տասնյակ թուրք լրագրողներ ազատազրկված են եւ հարցին՝ ձեր գործունեության ընթացքում ենթարկվո՞ւմ եք ճնշումների, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ճնշումներ ոչ այնքան լինում են պետական պաշտոնյաների կողմից, որքան սպառնալիքներ սոցիալական ցանցերում։ Մեր խնդիրն է տվյալների հասանելիության պակասը։ Շատ բարդ է ստանալ պաշտոնական տվյալներ, դա էլ բարդացնում է փաստերի ստուգումը»։

Խոսելով սոցիալական ցանցերում իրենց հասցեին հնչած սպառնալիքների մասին՝ նա ասաց, որ հատկապես սպառնալիքներ, վիրավորանքներ են հնչել, երբ 2020-ին պատերազմի ժամանակ փաստերի ստուգում են կատարել եւ նշել, որ սիրիացի վարձկանները ժամանել են Բաքու։ Նա պատմեց. «Թուրքիայում մարդիկ ուզում են հավատալ նրան, ինչը նրանց համար ընդունելի է։ Իսկ Թուրքիայում հասարակությունը սիրում է Ադրբեջանին, նրանց են հարում, ուստի ոչ մի դեպքում չեն ցանկանում լսել հակաադրբեջանական որեւէ տեղեկատվություն։ Դա էր պատճառը, որ սկսեցին մեզ թիրախավորել փաստերի ստուգման այդ հոդվածից հետո»։

Binet լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մուրատ Ինչեօղլուն մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ Թուրքիայում հասարակությունն ավելի շատ վստահում է այն լրատվամիջոցներին, որոնք ունեն պետության աջակցությունը։ Իրենց գործունեության մասին ասաց. «Մենք չունենք պետական ֆինանսավորում, մենք միջազգային տարբեր դրամաշնորհներից ենք փորձում ֆինանսավորում գտնել, ուստի այդպիսի մեծ լսարանի չենք տիրապետում»։ Հարցին՝ ճնշումների ենթարկվո՞ւմ են, խմբագիրը պատասխանեց. «Մենք ֆինանսավորվում ենք տարբեր միջազգային դրամաշնորհներից, ուստի շատ հաճախ մեզ անվանում են լրտեսներ, գործակալներ։ Մեր դեմ մեծ հակաքարոզչություն կա»։ Հարցին՝ արդյոք միջազգային կազմակերպությունները՝ Եվրոպայի խորհուրդը եւ մյուսներն արդյունավետ հարթակնե՞ր են  թուրք լրագրողների պաշտպանության, Թուրքիայում մամուլի ազատության վիճակը բարելավելու հարցում, Մուրատ Ինչեօղլուն պատասխանեց. «Նախկինում Եվրոպական դատարանը, Եվրոպայի խորհուրդն ավելի մեծ ազդեցություն ունեին Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիան ամեն ինչ անում էր, որպեսզի մուտք գործի ԵՄ։ Հիմա դա Թուրքիայի համար առաջնահերթություն չէ, ուստի միջազգային կազմակերպությունների ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ նվազել է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930