Այսօր «Այլընտրանքային նախագծեր» խումբը քննարկում էր կազմակերպել «Հայրենի՞ք, թե՞ կադաստրի թղթով ցեղասպանություն» թեմայով:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց, որ Փաշինյանը եթե ուզում է Տիգրանաշենը կամ այսպես կոչված անկլավները տալ Ադրբեջանին, պետք է իմանա, որ դա այսօրվա Հայաստանի տարածքի փոփոխություն է: Այդ հարցը պետք է որոշվի հանրաքվեով: Կառավարությունը պետք է այդ հարցով մտնի ԱԺ, եթե ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությունը համաձայնվի կառավարության առաջարկին, խնդիրը պետք է դրվի հանրաքվեի, անգամ ԱԺ-ի համաձայնությունը չի նշանակում, որ այդ տարածքներն անցան մեկ այլ պետության: Հանրաքվեում ՀՀ քաղաքացիների առնվազն ¼-ը պետք է համաձայն լինի փոփոխության, միայն այդ պարագայում է հնարավոր ՀՀ տարածքը փոփոխության ենթարկել. «Մյուս հարցը կկատարվի՞ այդ ամենը, թե՞ չի լինի, իմ խորին համոզմամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ դա չլինի»:
Հարցին՝ սահմանադրական դրույթը չկատարելու դեպքում քրեաիրավական հետեւանքները ի՞նչ են լինելու, որեւէ մեկի չթվա, թե կարող է հանգիստ խախտել, տարածքներ տալ ու հանգիստ ապրել՝ Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Մենք ունենք Քրեական օրենսգիրք եւ պետական դավաճանության համար խիստ պատիժներ են սահմանվում: Կա համապատասխան նախաձեռնություն նաեւ, որպեսզի ուղղակիորեն քրեականացնեն ՀՀ անունից այն քայլերը, որոնք ուղղված են Արցախի Հանրապետությունը այլ պետության տարածք ճանաչելու հետ կապված, կարծում եմ, որ եթե ՀՀ այսօրվա իշխանությունները գնան այդ ճանապարհով, իրենց իշխանության պարագայում որեւէ իրավապահ մամին, դատախազություն դրան չի հետեւելու, կցորդ են վարչապետին: Բայց դա հետագայում պատասխանատվութունից չի ազատելու: Ես կարծում եմ, որ խնդրի լուծումը կարող է միայն լինել մեր հանրության կողմից՝ քաղաքացիական անհնազանդության միջոցով, ամեն կերպ պայքարելով, որպեսզի, եթե նման գործընթաց իսկապես տեղի ունենա եւ հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիները նման գործընթաց թույլ չտան: Սահմանադրությունը նրա համար է, որ համակեցության կանոններ ստեղծի տվյալ պետության տարածքում: Եթե այդ հիմնարար կանոնները ամբողջությամբ ոտնահարվում են օրվա իշխանությունների կողմից, դա սահմանադրական կարգի տապալում է: Եվ քանի որ իշխանությունը միշտ պատկանում է ժողովրդին, ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա պայքարելու դրա դեմ, երբ սահմանադրական բոլոր միջոցները սպառված են: Դա ժողովրդի բնական իրավունքն է»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն արձագանքեց, որ ցավոք, մեքենաների մուգ ապակիների հարցն ավելի շատ է հուզում մեր քաղաքացիներին, քան Փաշինյանի վտանգավոր հայտարարությունները:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ