Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կշահի Հայաստանը Փաշինյանի՝ «Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի հետ դաշնակիցը չենք» հայտարարությունից

Հունիս 02,2023 21:55

«Եթե մի կողմ դնենք այդ հարցազրույցում Փաշինյանի խոսքի տոնը, գրագիտության պակասը, ապա ես կառանձնացնեի այն, որ այս հարցազրույցով ընդգծվում է, որ եթե մենք նախկինում «ե՛ւ-ե՛ւ»-ի քաղաքականությունն էինք վարում միջազգային հարաբերություններում, ապա հիմա «ոչ-ոչ»-ի քաղաքականություն է։ Այսինքն՝ ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ»,-Aravot.am-ի հետ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ CNN primanews-ին տված հարցազրույցի մասին։

Այս հարցազրույցում լրագրողը հետաքրքրվում է՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որովհետև մի կողմից դուք Ռուսաստանի դաշնակիցն եք, մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում։ Փաշինյանն ի պատասխան հարցի՝ ասում է․«… Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք… Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»:

Հրանտ Միքայելյան

Հրանտ Միքայելյանը Փաշինյանի այս դիրքորոշման մասին ասաց՝ այսպես ասած՝ քիչ երեւալու քաղաքականությունը Հայաստանը միշտ էլ կիրառել է․ «Բայց դա կիրառել չի նշանակում ուղղակի այսպես հայտարարել՝ դե մենք ի՞նչ անենք, մենք պրոբլեմներ ունենք եւ այլն։ Այստեղ շատ ավելի նուրբ գործողությունների կարիք կա, որպեսզի գործընկերները մեզ ճիշտ հասկանան, որովհետեւ նման հայտարարությունից ո՛չ Ռուսաստանի Դաշնությունում, եւ ո՛չ էլ արեւմուտքում ոչ ոք գոհ չի լինի։ Իհարկե, արեւմտյան լրատվամիջոցները կսկսեն դա օգտագործել՝ տեսեք, Փաշինյանը Ռուսաստանին չի աջակցում, պրոռուսական լրատվամիջոցներն էլ կսկսեն տարածել։ Բայց այստեղ նորություն չկա։ Իմ կարծիքով՝ Փաշինյանը շատ թույլ ձեւակերպում է արել, որը որեւէ օգուտ չի տալիս, բայց որոշ վնասներ կարող է բերել»։

Մեր հարցին՝ արդյոք ընդգծված քաղաքականություն կամ դիրքորոշում ցույց տալը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ավելի չի վնասի մեզ, Միքայելյանը պատասխանեց՝ ընդգծված քաղաքականություն պետք է այն առումով, որ այս պատերազմը մեր պատերազմը չէ, եւ մենք այստեղ շահելու ոչինչ չունենք․ «Եթե մեր հարաբերությունները թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ լիներ այլ մակարդակի վրա, գուցե այդ ժամանակ իմաստ կլիներ խոսելու, բայց այս պահին հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, որը Փաշինյանի քաղաքականության արդյունքն է։ Նա կարողացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել այնպես, որ արեւմուտքի հետ դրանից հարաբերությունները չեն լավանում։ Սակայն որպեսզի դա ճիշտ ընկալվի, դրա մասին ոչ թե պետք է հրապարակային խոսվի, այլ դա պետք էր այլ օրակարգով ներկայացնել։ Օրինակ կարելի էր ասել՝ Հայաստանը փոքր երկիր է, ունի անվտանգային ծանր մարտահրավերներ, որոնք ամբողջությամբ տեղավորվում են հարավային Կովկասի տարածաշրջանում»։ Այս ձեւակերպմամբ, ըստ քաղաքագետի, հայկական կողմն ուղղակի կշրջանցեր հարցը, եւ չէր նշի աջակցում է, ՌԴ-ին, թե՝ ոչ։

Ռուբեն Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էլ մեզ հետ զրույցում Փաշինյանի հարցազրույցի նշված հատվածը դրական է գնահատում։ Ըստ Մեհրաբյանի՝ Փաշինյանը փաստերի լեզվով ընդամենը ներկայացրեց իրերի դրությունը, որը կա Հայաստանի շուրջ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից տարվող պատերազմի համատեքստում։

«Այո, մենք դե յուրե Ռուսաստանի հետ դաշնակից լինելով՝ դե ֆակտո դաշնակից չենք։ Բայց նկատենք, որ նույն հարցազրույցում Փաշինյանը նաեւ խոսում է ՀԱՊԿ –ի հետ կապված հիասթափության մասին։ Այսինքն, նեղ հարցերում Ռուսաստանն ու Հայաստանը եւս դաշնակից չեն։ Ըստ այդմ, ամենաբարձր մակարդակով Հայաստանը ֆիքսում է, որ Ռուսաստանի հետ չունենք ընդհանրություն ո՛չ նպատակներում, ո՛չ շահերում, եւ ո՛չ էլ արժեքներում»։

Թե արտաքին քաղաքականությունում Փաշինյանի դիրքորոշումն ի՞նչ է տալու Հայաստանին, ինչ ենք շահելու, արդյոք Ռուսաստանն ավելի չի՞ գրգռվի կամ Արեւմուտքն ավելի դրական է վերաբերվելու, Մեհրաբյանը պատասխանեց․ «Ֆիքսվելու է, որ չունեք Ռուսաստանի հետ ընդհանրություն ո՛չ շահերում, ո՛ւ նպատակներում, եւ դրանով փաստում ենք, որ մեր եւ Ռուսաստանի միջեւ առկա իրավապայմանագրային բազան չի արտացոլում իրողությունները։ Հայաստանն ավելի շատ համակրանքի կարժանանա աշխարհում նորմալ մարդկանց կողմից, շեշտեմ՝ նորմալ մարդկանց կողմից, որովհետեւ, իմ համոզմամբ, ուկրաինական այս պատերազմում ճիշտ գնահատականներ տալու համար պետք չէ լինել ուկրաինացի, պետք է ընդամենը լինել նորմալ մարդ։ Հայաստանն իր համակրողների թիվը կբազմապատկի, բայց քաղաքականությունը նախեւառաջ քայլեր են, ոչ թե հայտարարություններ։ Սրան պետք է հետեւեն քայլեր ուղղված նրան, որպեսզի այդ իրավապայմանագրային բազայով նախանշված Հայաստանի հնարավորությունները սահմանափակող պարտավորությունները մեր պարանոցի վրայից հանվեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930