Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է անկախ պետությունը, ասում է՝ մենք տնվոր ենք եւ կարող են այլ պետություններ գալ եւ ասել՝ դուրս եկեք այդ տնից». Վարդան Պողոսյան

Հունիս 02,2023 21:33

Այսօր «Այլընտրանքային նախագծեր» խումբը քննարկում էր կազմակերպել «Հայրենի՞ք, թե՞ կադաստրի թղթով ցեղասպանություն» թեմայով:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը շոկային էր հայ ժողովրդի համար. «Թվում էր, թե հասարակությանը այլեւս որեւէ բանով հնարավոր չէ զարմացնել, բայց ընդունենք, որ «կադաստրի թուղթ» արտահայտությունը այլ կարգի է: Եղան բազմաթիվ արձագանքներ կոշտ, գիտական, հումորով, բայց միեւնույն է, այս թեման սպառված չէ»: Ըստ նրա, այդ հայտարարությունը ունի պատմական իրավական, բանակցային, հոգեբանական վտանգավորություն:

Հարցին՝ ստացվում է, որ մենք մեր հայրենիքի, մեր պետության կադաստրի թուղթը ակնկալում ենք ստանալ Ադրբեջանից, կտա՞ թուղթ ու դա ձեռնտու կլինի մե՞զ, թե՞ Ադրբեջանին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ սրանով ուզում են «մարսելի» դարձնել մարդկանց Հայաստանի եւ Արցախի հանձնման գործընթացը. «Մոտենում է այն հանգուցալուծումը, որի պայմաններում Հայաստանին զրկելու են այնպիսի շրջաններից, տարածքներից, որի հետեւանքով ՀՀ-ն առհասարակ իր կենսունակությունը կորցնելու է»:

Էլինար Վարդանյանն ասաց. «Մեզ փորձում են համոզել, որ մենք ոչ մի տեղից ենք, արմատ չունենք, ոչ մի հերոսական պատմություն չունենք, պետական ինստիտուտների կայացման պատմություն չունենք, իրավական փաստաթղթեր չունենք, միջազգային որեւէ փաստաթղթի չենք միացել: Իհարկե դա այդպես չէ, բայց ինչո՞ւ են մեզ ուզում համոզել, որ մինչեւ 2018-ը մենք չենք եղել, չենք ունեցել պատմություն, ճանապարհ: Ո՞րն է մեզ քոչվոր կամ ձախողված պետություն ներկայացնելու անհասկանալի կամ միգուցե հասկանալի այս մղումը: Մենք անկախության հռչակագիր չունե՞նք, որ կադաստրի թղթերով փորձում են համոզել, թե չունենք»:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ Փաշինյանի այդ մոտեցումները զարմանալի չեն. «Նրա այդ վարքագիծը պայմանավորված է տգիտությամբ եւ դավաճանությամբ: Եթե մարդը որեւէ բան չի հասկանում միջազգային իրավունքից, չի հասկանում, թե ինչ է անկախ պետությունը, ուրեմն այնքան էլ զարմանալի չէ, որ մարդը այդպիսի հայտարարություններ է անում:

Ասում է՝ մենք տնվոր ենք եւ ցանկացած ժամանակ կարող են այլ պետություններ գալ եւ ասել՝ դուրս եկեք այդ տնից: Փաշինյանը չի հասկանում թե ինչ է նշանակում անկախ պետություն:

Միգուցե իր պատկերացման մեջ միջազգային իրավունքի սուբյեկտ նշանակում է, որ ՄԱԿ-ում կա մի կադաստր եւ այդ կադաստրում գրված է, որ ՀՀ տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86.600: Չէ որ նման բան չկա, դա տարրական գիտելիքների բացակայության մասին է վկայում: Բայց միգուցե իր կողքին պիտի լինեին տարրական գիտելիքներ ունեցող իրավաբաններ, իրեն բացատրեին, որ երբ դու դառնում ես ՄԱԿ-ի անդամ եւ դիվանագիտական հարաբերություններ ես հաստատում բազմաթիվ երկրների հետ, դու դառնում ես միջազգային իրավունքի սուբյեկտ: Եվ անկախ նրանից՝ քո հարեւանների հետ սահմանները գծել ես, թե չես գծել՝ դու անկախ պետություն ես, դու տերն ես այն սահմանների, որոնք փաստացի գոյություն ունեն եւ այդ փաստացի սահմանները անձեռնմխելի են: Տարածքային ամբողջականության ճանաչումը նշանակում է, որ A պետությունը պարտավորվում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառել մեկ այլ երկրի տարածքի նկատմամբ»:

Վարդան Պողոսյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ 1991-ի Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն արդեն իսկ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ դա նշանակում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է եւ մենք պետք է վերադառնանք ՀԽՍՀ սահմաններին: Իրականում նա այնքան բան է իրար հետ խառնում, որ երբեմն սովորական մարդու մոտ տպավորություն է ստեղծվում որ ոնց որ թե ճիշտ է ասում՝ եթե մենք այն ժամանակ ճանաչել ենք տարածքային ամբողջականություն, ուրեմն Արցախը ճանաչել ենք Ադրբեջանի մաս: Բայց միջազգային իրավունքի տեսանկյունից տարածքային ամբողջականության ճանաչումը այլ բան է: Դա նույն է,որ ուժ չպիտի կիրառես՝ սահմանների փոփոխության նպատակով: Դա անկախ Ալմա Աթայի հռչակագրից, միջազգային իրավունքի համապարտադիր սկզբունք է: Հռչակագիրը կապ չունի»:

Վարդան Պողոսյանը վկայակոչեց Ալմա Աթայի հռչակագրից առաջ ԱՊՀ ստեղծման պայմանագրին կից արձանագրությունը, որով 8 նախկին խորհրդային հանրապետությունները միանում էին Բելառուսի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի կողմից կնքված դեկտեմբերի 8-ի պայմանագրին. «Երբ այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Մութալիբովը ստորագրեց արձանագրությունը եւ նաեւ հռչակագիրը, դրա նախորդ օրը Ադրբեջանի ԱԺ-ն՝ միլի մեջլիսն իրեն արգելել էր մտնել ԱՊՀ կազմ, ընդամենը լիազորել էր, որպեսզի Մութալիբովը բանակցի ադրբեջանական տարածքից սովետական զորքերի դուրս բերման վերաբերյալ: Բայց Մութալիբովը ստորագրեց, արդյոք դրանք իրավաբանական ո՞ւժ ստացան: Ոչ, որովհետեւ առաջնայինը 91-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի արձանագրությունն էր, որը պետք է վավերացման ենթարկվեր, առանց վավերացման դու չես կարող դառնալ ԱՊՀ անդամ: 91-ի դեկտեմբերի 21-ից սկսած մինչեւ 93-ի սեպտեմբերի 24-ը Ադրբեջանը չի եղել ԱՊՀ անդամ, հետեւաբար ինչ փաստաթուղթ էլ ստորագրված լիներ, եթե նույնիսկ հռչակագիրը նշանակեր, որ Ղարաբաղը մեկ այլ պետության կազմում է ճանաչվում, Ադրբեջանը ԱՊՀ անդամ չէր այդ ժամանակ: Հետեւաբար երբ խոսում են սահմանների ճանաչման մասին, բացարձակ սուտ է այն հայտարարությունը, թե 91-ի հռչակագրով նախկին խորհրդային սահմանները դարձել են պետական սահմաններ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930