«Ակնկալում ենք, որ Ֆրանսիայի դեսպանը մեր հանրագրի պահանջները կհանձնի Ֆրանսիայի նախագահին և կառավարությանը, որը մշտապես հանդես է եկել ժողովրդավարության և մարդու իրավունքների հետևողական պաշտպանությամբ»,- Ֆրանսիայի դեսպանության դիմաց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնած ՝ արցախահայության անվտանգության ապահովման և ինքնորոշման իրավունքի լիակատար իրականացման, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարության պաշտպանության խնդիրների վերաբերյալ հանրային հավաքի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ էլ շարժումը հանրային հավաք էր կազմակերպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դիմաց։
Կարդացեք նաև
Նշենք՝ այսօր շարժումը հանրագիր է տարածել՝ ուղղված Ֆրանսիայի դեսպանին։ Դրանում մասնավորապես ամրագրված է․ «Ֆրանսիայի իշխանությունն ավանդաբար եղել է բոլոր տարածաշրջաններում արդարության, ժողովրդավարության և միջազգային օրենքների հետևողական պաշտպանը։ Հայ ժողովուրդը մշտապես հիշում է Ձեր պետականության նման կեցվածքը և իր թիկունքին զգացում է Ֆրանսիայի իշխանությունների և ժողովրդի աջակից ուժը։ 2020 թ․ նոյեմբերի 25-ին, ապա դեկտեմբերի 3-ին, երբ հայ ժողովուրդը արցախահայության հետ մեկտեղ գոյաբանական դժնի պայքարում էր, Ֆրանսիայի Սենատը ընդունեց հայտնի իր բանաձևերը, որով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկում էր ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ դատապարտելով Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի ագրեսիան, պահանջելով ադրբեջանական զորքերը դուրս բերել սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների հետևանքով զավթված հայկական տարածքներից և վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացին։ Ցավոք, Ֆրանսիայի կառավարությունը մոռացության մատնեց այս բանաձևերի պնդումները։
«Միասին» շարժումը ակնկալում է, որ Ֆրանսիան չի բավարարվելու Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով, այլ առաջնորդվելու է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներով՝ սահմանելով և կիրառության մեջ դնելով պատժամիջոցների հստակ փաթեթ՝ հարկադրելով ցեղասպան Ալիևի վարչակազմին դադարեցնել 2022 թ. դեկտեմբերի 18-ից Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը։ Անպատիժ մնալով՝ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար առևանգել հայ զինվորներին և խաղաղ բնակչությանը ՀՀ և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից։ Համոզված ենք, որ Ֆրանսիան հետևողական ջանքերով կշարունակի ռազմագերիներին ու առևանգվածներին վերադարձնելու արդար նպատակին հասնելու ջանքերը, վկան երեկ Քիշնևում կայացած հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը։ Բայց խնդրում ենք չիջեցնե՛լ ժողովրդավարության պայքարի նշաձողը՝ սահմանափակվելով ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների ներդրման պահանջներով։ Հետևե՛ք Ֆրանսիայի Սենատի սահմանած ոչ թե հայամետ, այլ արդարամետ և ժողովրդավարական բանաձևերի պահանջներին»։
Նարինե Դիլբարյանը Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ այսօր Ֆրանսիան իր պայքարի նշաձողն իջեցրել է․ «Երեկ Քիշինևում ականատես եղանք, որ նախագահ Մակրոնը երկու հարց բարձրացրեց՝ մեր ռազմագերիների վերադարձի պայմանը և Արցախի հայ բնակիչների համար միջազգային մեխանիզմների, անվտանգության ստեղծումը։ Մենք, բարձր գնահատելով դա, այդուհանդերձ, նշում ենք, որ չկա և չի կարող լինել արցախահայության անվտանգության ապահովում՝ առանց Արցախի կարգավիճակի ճանաչման։ Կոչ ենք արել Ֆրանսիայի արտակարգ լիազոր դեսպանին Ֆրանսիայի կառավարությանը փոխանցել մեր հորդոր-կոչը վերադառնալու և հիշելու Ֆրանսիայի սենատի՝ 2020 թվականի օրակարգը»։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Նարինե Դիլբարյանն ասաց․ «Եթե մեր իշխանությունը նշում է, թե Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, դա դեռ չի նշանակում, որ դա ՀՀ-ի և առավել ևս Արցախի Հանրապետության ժողովրդի կամքն է»։
Նարինե Դիլբարյանը նաև Ֆրանսիայի դիրքորոշման հետ կապված նշեց․ «Համարում ենք, որ Ֆրանսիայի այդ դիրքորոշումը ոչ թե հայամետ է, ինչպես փորձում է Ադրբեջանը կատաղի արձագանքներով ներկայացնել, այլ իրական ժողովրդամետ և արդարամետ է»։ Նարինե Դիլբարյանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանության պատասխանատուն իջել, վերցրել է իրենց հանրագիրը։ Նաև հայտնեց, որ բացի իրենց շարժման համակիրներից իրենց հանրային հավաքին մասնակցել են նաև մի շարք քաղաքացիներ․ «Ուրախությամբ նշեմ, որ շատ ոստիկանների, որոնց հարցրել եմ՝ դուք և՞ս կողմ եք այդ երկակի ստանդարտների դեմ պայքարին, որ մենք պետք է պայքարենք հանուն Արցախի ինքնիշխանության և կարգավիճակի, ոչ ոք չասաց, որ ինքը դեմ է։ Պարզապես կային ոստիկաններ, որոնք, թերևս, վախենալով լռում էին։ Շատ ոստիկաններ հայտնում էին մեզ իրենց համերաշխությունը»։
Նարինե Դիլբարյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ հավաքը կազմակերպելու են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի․ «Ամեն անգամ մեր հանրագրի պահանջները փոխվում են։ Ռուսաստանի պարագայում ևս կփոխվեն, քանի որ նրանք Արցախում ունեն խաղաղապահներ, ուստի ՌԴ-ից ակնկալիքներն այլ են։ Հանրագրերի կետերը միշտ փոխում ենք, բայց ընդհանուր բովանդակությունը մնում է նույնը՝ աջակցել միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման սկզբունքներին և հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծելու հիմնարար սկզբունքին՝ բացառելով ուժը, ուժի սպառնալիքը և ցեղասպանական նկրտումները»։
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ «Միասին» շարժման