Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը՝ Դիլիջանի քրեականի պետի արարքի մասին

Հունիս 02,2023 20:55

«Մի կտրվածքով, փորձել ենք կապ հաստատել իրավասու մարմինների հետ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ քրեական վարույթ հարուցված չէ, որովհետեւ, ինչպես պարզ դարձավ, դեպքը տեղի է ունեցել ոչ թե երեկ, այլ բավականին ժամանակահատված առաջ: Պարզ դարձավ, որ քննիչի որոշումը արդեն իսկ դատախազը վերացրել է: Մենք ոչ միայն բանավոր, այլեւ գրավոր կարգով գրություններ ենք ուղարկել, պարզաբանումներ ստանալու համար: Կապ ենք հաստատել խնամակալության եւ հոգաբարձության մարմին հետ, խնդրել ենք խնդրով զբաղվել: Կապ ենք հաստատել նաեւ տուժողի փաստաբանի հետ, փորձում ենք հասկանալ թե իրավունքների պաշտպանության ի՞նչ գործառույթներ կարող են լինել մեր կողմից»,-խորհրդարանում, 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահասին ծեծելու հայտնի տեսանյութին վերաբերվող հարցին: ՄԻՊ-ն ավելացրեց՝ բռնությունն առհասարակ անընդունելի է, իսկ անչափահասի պարագայում՝ առավել եվս, այս դեպքը հիմա իր գրասենյակի ուշադրության կենտրոնում է, բայց նաեւ ՄԻՊ-ի հատուկ կարծիքին է արժանանալու:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց ՀՀ սահմանամերձ մարզերում բնակիչների իրավունքների իրավիճակից, ՄԻՊ-ի գրասենյակի եւ այլ պետական մարմինների փոխգործակցությունից:

Անահիտ Մանասյանն ասաց, որ այսօր արդեն կհրապարակվի ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը՝ Սյունիքի մարզի Տեղ եւ Գեղարքունիքի մարզի Սոթք համայներում իրավիճակի վերաբերյալ՝ իր այցելությունների արդյունքում: Ինքը նկատում է, որ այդ համայնքներում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ վատ իրավիճակ ունենք, ինչը պայմանավորված է ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական ինքնիշխան տարածք ներխուժման հետ:

«Մարդու իրավունքների տեսանկյունից վատ իրավիճակ ունենք սահմանամերձ բնակավայրերում, որը պայմանավորված է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում անօրինական ներկայությամբ։ Համատարած խախտվում է մարդկանց կյանքի իրավունքը, նրանք անվտանգության հետ կապված ամենաօրյա, նույնիսկ ամեն վայրկյան մտահոգություններ ունեն։ Սեփականության իրավունքի համատարած խախտում ունենք․ մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից, չեն կարողանում իրենց հիմնական զբաղվածությունն ապահովել՝ հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվել, խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ես այցելել եմ գեղարքունիքի մարզի բոլոր սահմանամերձ բնակավայրեր եւ բոլոր բնակավայրերում դպրոցները գտնվում են թշնամու դիրքերի նշանառության ներքո։ Այս տեսանկյունից, մենք ունենք իրավունքների համատարած խախտումներ»,- մանրամասնեց Անահիտ Մանասյանը՝ հավելելով, որ նաեւ լուծումներ է զեկույցում առաջարկվում, իսկ խնդիրները փաստագրված ուղարկված են գործադիրին, քանի որ դրանք հենց գործադիրի լուծման իրավասության հարցեր են:

Նա հավաստիացրեց, որ իր ուշադրության կենտրոնում են նաեւ Արցախի շրջափակման ու որպես արդյունք, մարդու իրավունքների խախտումները: Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին, ՄԻՊ-ը արտահերթ զեկույց կներկայացնի միջազգային գործընկերներին:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը 2022 թվականին իրականացրել է մեկ ծրագիր եւ երեք միջոցառում. նախատեսված է եղել 542 մլն դրամ, տարեկան ճշտված պլանով տրամադրված գումարը նվազել եւ կազմել է 534 մլն դրամ: Փաստացի իրականացվել է 525 մլն դրամ, ինչը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 98,2 տոկոս:

Անահիտ Մանասյանը կարեւորել է համարում երեխաների եւ երիտասարդների պաշտպանության բարելավման եւ մասնակցության խթանման դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի աշխատակիցներ՝ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերով, մշակվել են բուլինգի հիմնախնդրի մոնիտորինգային գործիքներ, մշակվել են նաեւ երեխաների կողմից ՄԻՊ-ին դիմելու մատչելի, վստահելի մեխանիզմներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930