2022 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեին՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման եւ քննություն իրականացնելու համար տրամադրվել է 1 միլիարդ 739 միլիոն, ծախսվել է 1 միլիարդ 508 միլիոն դրամ:
Խորհրդարանում, մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում, 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասաց, որ, 1 միլիարդ 319 միլիոն դրամը ծախսվել է աշխատավարձային ֆոնդի վրա: Ինքնավար հաստիքների 80-ից համալրված է 45-ը, օպերատիվ հետախուզականի 120 հաստիքներից՝ 47-ը: Համալրման պակասը պայմանավորված է աշխատանքի անցնելու բարդ ընթացակարգերով, աշխատանքի ծանրաբեռնվածությամբ եւ աշխատավարձերով. իրավապահ մյուս համակարգերում աշխատավարձերի բարձրացման ֆոնին, այս համակարգում աշխատելը այլեւս գրավիչ չէ: 2,9 միլիոն դրամ հատկացվել է ԱՄՆ գործուղման համար՝ կոմիտեի նախագահի տեղակալին. այցի ընթացքում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Արտասահմանյան այլ՝ բազմաթիվ գործուղումների համար վճարել է ընդունող կողմը կամ միջազգային կազմակերպությունները:
Կոմիտեի վարույթում 2022-ին եղել է 1203 քրեական գործ, որից 97-ը ուղարկվել է դատարան, 167-ը կարճվել է, 511-ը մնացել է անավարտ: 2023-ի առաջին կիսամյակում 1003 վարույթ, 61 գործ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 1003-ի մեջ նաեւ 2022-ի 511 անավարտ մնացած գործերն են:
Ի՞նչ եղավ ձեր, Նիկոլ Փաշինյանի եւ Արթուր Վանեցյանի գաղտնալսման հայտնի գործը, որի ձայնագրությունը հրապարակվել էր. Սասուն Խաչատրյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Կարդացեք նաև
«Ես դրա բացահայտման վերաբերյալ տեղեկատվություն չունեմ»,- պատասխանեց Սասուն Խաչատրյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ