Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակվում է մինչ օրս, ինչն անընդունելի է. Ժաննա Անդրեասյան

Հունիս 02,2023 18:17

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական Մարիա Պապամիխայիլը և այլք:

Ողջույնի խոսքում Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն ներգրավված է ԵԽ մի շարք հարթակներում, իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ տարբեր փաստաթղթերի վավերացմամբ ստանձնել է նաև ոլորտային պատասխանատվություն՝ իրականացնելու որոշակի աշխատանքներ և վերահաստատել է դրանց շարունակականության մտադրությունը, ինչպես նաև հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին:

ԿԳՄՍ նախարարն առանձնացրել է հատկապես Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի մշակման փուլում ԵՄ հետ  ակտիվ համագործակցությունը. «Նախորդ տարեվերջին ծրագիրը հաստատվեց և ստացավ օրենքի ուժ, ինչը շատ երկար սպասված արդյունքն էր և որի համար մեծ ջանքեր էին գործադրվել»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրին, որի շրջանակում Տավուշի մարզի դպրոցները ստացել են լաբորատոր սարքավորումներ և գույք։ Նախարարը կարևորել է նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը՝ առանձնացնելով դրա «Մշակույթ» ենթածրագիրը, որի հիմնական նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ որպես Եվրոպայի մշակութային ժառանգության մաս։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև գիտության ոլորտում եվրամիության գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես  «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը, որը միտված է նպաստել գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի համագործակցության զարգացմանը՝ գիտական համատեղ հետազոտություններ իրագործմամբ։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հայաստանն ունի շոշափելի և ոգևորող արդյունքներ. գիտական կազմակերպությունները վերջին 2 տարում շուրջ 2,5 մլն եվրո ֆինանսավորում են ստացել:

Համագործակցության հաջորդ կարևոր ուղղությունը, ըստ նախարարի, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտն է, որի շրջանակում համագործակցությունն իրականացվում է «Էրազմուս+» ծրագրի միջոցով:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ ձևավորվել է  արդյունավետ համագործակցություն:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, կարևորելով ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, տեղեկացրել է՝ Սյունիքի մարզում առաջիկայում նախատեսվում է երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է  Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին:

Հանդիպման ընթացքում ԵԽ ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԿԳՄՍ նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են կրթության ռազմավարության պետական ծրագրին, հայ երիտասարդների՝ եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու մտադրություններին, ուսուցիչների համար իրականացվող վերապատրաստումների և կարողությունների զարգացմանն ուղղված այլ ծրագրերին, ինչպես նաև կրթության կազմակերպման գործընթացում Հայաստանի ունեցած լրջագույն մարտահրավերներին և այդ համատեքստում դժվարությունների հաղթահարման մեխանիզմներին:

Անդրադառնալով ամենալուրջ մարտահրավերներին՝ ԿԳՄՍ նախարարը շեշտել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի խնդրիրը՝  ընդգծելով, որ դրա արդյունքում խախտվել են շուրջ 120 հազար բնակչի, այդ թվում՝ 30 հազար երեխայի հիմնարար մի շարք իրավունքներ։

«Խախտվել է նաև երեխաների՝ ընտանիքում մեծանալու իրավունքը։ Շուրջ 300 անչափահասներ, որոնք մնացել էին առանց ուղեկցության, արգելափակված էին Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ նրանց ծնողները գտնվում էին Լաչինի միջանցքի երկու կողմերում: Լեռնային Ղարաբաղի դպրոցները և մանկապարտեզները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց գործունեությունը, շուրջ 6500 աշակերտ զրկվել էր կրթության իրավունքից: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է մինչ օրս, ինչն անընդունելի է»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպման ավարտին Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար: Կողմերը վերահաստատել են սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ սահմանված հավակնոտ թիրախների իրագործման նպատակով:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930