Մրցակցության մարմնի որևէ հայտարարության գնահատական տալուց առաջ` նախ պետք է խորապես ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնք մեր հանրության, այդ թվում `նաև ինձ համար հասանելի չեն։ Բոլոր այն մարդիկ, ովքեր միանշանակ այո կամ ոչ կասեն տրված հայտարարությանը՝ նրանք պարզապես խնդիրը խորքային չեն պատկերացնում: Այսպես պատասխանեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ Aravot.am-ի հարցին, թե ինչպես կգնահատեք, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի օրերս խորհրդարանում արված այն հայտարարությունը, թե Հայաստանում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն:
«Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ չի բացառվում, որ վարվի դեմպինգային քաղաքականություն, չի բացառվում, որ լավ էլ գերշահույթների խնդիր լինի: Շատ կարևոր է հասկանալ վարվող քաղաքականության մեջ, պայմանական ասած, դրսի խաղացողները ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանի հետ, որ օրինակ այլ երկրի ծագում ունեցող բենզին մեր երկրում չվաճառվի, այսինքն՝ թե տնտեսվարողը ինչ գին է տվել, բավականին փակ տեղեկատվություն է: Դրա համար առնվազն պետք է, որ փակ տեղեկատվության տիրապետողները քննարկումներ կազմակերպեն որոշակի շրջանակների հետ, որպեսզի մեր հանրության համար էլ մատուցվող տեղեկատվությունը շատ ավելի վստահելի լինի: Կրկնում եմ, եթե կա անվստահության միջավայր, ստիպված ենք լինում քչփորել այնպիսի թեմաներ, որոնց, ըստ էության, չարժե նույնիսկ մոտենալ: Ես կարծում եմ՝ Մրցակցության հանձնաժողովը կարող է կազմակերպել նման փակ հանդիպում, որտեղ հավաքված մասնագիտական խումբը ոչ միայն ունակ է հասարակության կասկածները փարատելու, այլ փակ տեղեկատվության գլոբալ քաղաքական ու տնտեսական ռիսկերը գնահատելու, հավասարակշռելու, այլ նույնիսկ խելամիտ առաջարկներ անելու»,-նշեց Բաբկեն Պիպոյանը:
Պիպոյանը հիշեցրեց մի քանի տարի առաջ բենզինի շուկայում տիրող իրավիճակը, երբ ընկերություններից մեկն ակնհայտ ավելի էժան էր վաճառում, քան մյուսները: Նրա խոսքով, այդ ժամանակ Մրցակցության հանձնաժողովը խնդիրը լուծել էր կարգավորիչ գործիքակազմով, այնինչ կարող էր նաև պատժամիջոցների գործիքակազմ կիրառել: «Ես կարծում եմ, որ պատժիչ գործիքակազմ ունեցող մարմինը միայն կարգավորիչ գործիքակազմ չպետք է կիրառի, այն էլ՝ այնպիսի շուկայում, որտեղ ոչ թե անվտանգային խնդիրներ կան, այլ շահույթների հարց է, ուստի նման շուկաներում պատժամիջոցային գործունեությունն անհրաժեշտ է»,-նկատեց Պիպոյանը:
Վերադառնալով, ներկա իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ մեկ ամիս առաջ էլ հեղուկ գազի շուկայում թանկացում եղավ․ պատճառների մասնագիտական դետալների մեջ չխորանալով՝ Պիպոյանը նկատեց, որ տնտեսվարողների խոսքով, Վրաստանի սահմանին վառելիքի տեղափոխումը խնդիրներ էր առաջացնում: Նա տրամաբանական հարց տվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ բենզինի համար սահմանին խնդիր չի առաջանում, իսկ գազի համար առաջանում է, իսկ գուցե այլ խնդիրնե՞ր կան:
Կարդացեք նաև
«Եվս մի կարևորագույն բաղադրիչ, մենք հասկանում ենք, որ միջազգային շուկայում, միջազգային քաղաքական լարված հարաբերություններով պայմանավորված, մի շարք տրանսֆորմացիաներ են տեղի ունենում նաև տնտեսական կառուցվածքում, որտեղ վառելիքն ունի իր ուրույն տեղն ու դերը: Էներգակիր արտահանող երկիրն՝ իր գնային քաղաքականությամբ ազդում է մեր տիպի երկրների վրա և որոշում, թե որ պահին ավելի շատ բենզին սպառվի, և որ պահին գազ»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ