2022 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հատկացվել է 330 միլիոն 580 հազար դրամ՝ կոռուպցիայի կանխարգելման եւ բարեվարքության միջոցառումների համար, բայց հանձնաժողովը ծախսել է 258 միլիոն 408 հազար դրամ ավելի՝ հընթացս ավելացած լրացուցիչ գործառույթի՝ կուսակցությունների աուդիտի համար: Լրացուցիչ ծախսված գումարը հատկացվել է բյուջեի պահուստային ֆոնդից:
Ցուցանիշներն այսօր խորհրդարանում՝ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ներկայացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:
Բովանդակային առումով՝ Հայկուհի Հարությունյանը կարեւորեց հայտարարագրերի էլեկտրոնային նոր համակարգի ներդրումը, որն անցած տարի 30 տոկոսով էր ներդրված, իսկ այս տարի ամբողջական է ներդրվել եւ հայտարարագրման գործընթացն այլեւս ինքնաշխատ կապահովվի:
Նա նկատեց, որ նաեւ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա դրական արդյունքներ են գրանցել: Հանձնաժողովը դատավորների, դատախազների եւ հակակոռուպցիոն քննիչների բարեվարքության ստուգում է իրականացրել. 512 բարեվարքության ստուգման արդյունքում, տրվել է 278 դրական, 163 դրական՝ վերապահումով եւ 64 բացասական եզրակացություն: Հանձնաժողովն ուսումնասիրել է ԱԺ 107 պատգամավորների անհամատեղելիության եւ շահերի բախման դեպքերը, բացասական արդյունքներ չեն եղել: Ըստ Հայկուհի Հարությունյանի, որոշ դեպքերում դրանք ձեւական բնույթ էին կրում: Հանձնաժողովը նաեւ 11 կուսակցության աուդիտ է իրականացրել, որոշակի խնդիրներ կան, որոնց մասով օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվում, որպեսզի բարեվարքությունը նաեւ այդ շրջանակում գործի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ