Այսօր՝ հունիսի 2-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու, «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության և «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻնկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» 08.09.2020թ. թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Ներկայացնելով օրակարգային հաջորդ երկու հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «։ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ և «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողների «։Բուն Թիվի» և «Ազատություն Թիվի» տեսալսողական ծրագրերի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։ Ըստ արձանագրության, հեռարձակվող «Ազատություն Թիվի» և «Բուն Թիվի» տեսալսողական ծրագրերի տեսալսողական հաղորդումների ընթացքում ցուցադրվել են ծխելու տեսարաններ, որոնք սակայն չեն ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։
Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել է Հեռարձակողներին և հայտնել, որ հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումներն ու բացատրությունները: Հեռարձակողները վարչական վարույթների վերաբերյալ Հանձնաժողով են ներկայացրել իրենց պարզաբանումները, որոնք ուսումնասիրվել են Հանձնաժողովի կողմից և համադրվել Հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկման արդյունքների հետ։ Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է Հեռարձակողի կողմից իրականացված իրավախախտում։
Կարդացեք նաև
Այսպիսով՝ ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 24-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված տույժը՝ 100 000 (հարյուր հազար), իսկ «:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ