Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրանյութերի ապօրինի շրջանառության ցուցանիշներն աննախադեպ են. Արգիշտի Քյարամյան

Հունիս 02,2023 17:29

2022 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում, կոմիտեի ծառայողների վերաբերյալ 5 հաղորդում է նախապատրաստվել, ուղարկվել ԱԱԾ ու Հակակոռուպցիոն կոմիտե: Արդյունքում, շուրջ 70 հազար դոլար կաշառք վերցնելու դեպք է բացահայտվել: 2023 թվականի ընթացքում ՔԿ աշխատակիցների վերաբերյալ 7 հաղորդում է ներկայացվել. այս թվերն այսօր խորհրդարանում, 2022 թվականի բյուջեի կատարողականի՝ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: 2022-ին նաեւ ՔԿ-ում 6 պաշտոնից ազատման դեպք է եղել, իբրեւ տույժ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց 2022 թվականին տեղի ունեցած խաղաղ ցույցերը, անհնազանդության ակցիաները, որոնց ժամանակ, ընդդիմադիրների գնահատմամբ, ոստիկանության աշխատակիցներն անհամաչափ ուժ են կիրառել եւ հետաքրքրվեց՝ արդյոք հարուցված քրեական վարույթներով կա՞ն հատուկ ջոկատայիններից մեղադրյալներ:

Արգիշտի Քյարամյանը վիճակագրություն չուներ, բայց հիշում էր, որ 7 տասնյակ քրեական գործեր են հարուցվել: Առավել մանրամասն տվյալներ կներկայացնեն պատգամավորին՝ լրացուցիչ:

Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում թմրանյութերի տարածումը կանխելու համար, ինչը հիմա ակտիվ արվում է տելեգրամյան ալիքներով: Նա նաեւ հետաքրքրվեց՝ համամի՞տ է Արգիշտի Քյարամյանը, որ որոշակի պաշտոններ զբաղեցնող անձինք, մինչ նշանակումը, թմրանյութերի օգտագործման փորձաքննության պետք է ենթարկվեն: ՀՔԿ պետն ասաց՝ համամիտ է: Ավելին, այդ գաղափարն իրագործելու հետ կապված պլան էլ կա, սակայն, պարտադիր նմուշ ստանալու հետ կապված խնդիր կա. մեխանիզմը չկա, կան որոշակի հնարավորություններ, որոնք արդյունավետ չեն գործում: Այժմ, լուծումներ գտնելու քննարկումների փուլում են: Արգիշտի Քյարամյանը կարծում է, որ հարցը պետք է լուծվի ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններով:

Թմրանյութերի շրջանառության առնչությամբ էլ Արգիշտի Քյարամյանն ասաց, որ հատկապես տելեգրամյան ալիքներով շրջանառության բացահայտման մեծ ցուցանիշներ ունեն, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նաեւ շրջանառության ծավալն է մեծացել: Օրինակ, 2022 թվականի ընթացքում 9 քրեական վարույթ է եղել, որի շրջանակում հայտնաբերվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 49 էջ. 52 մեղադրյալից 35-ը կալանավորվել է: Խոսքը 2,5 միլիարդ դրամի թմրանյութերի շրջանառության մասին է: Այս բացահայտումները եղել են ՔԿ-ի ընդամենը մեկ վարչության աշխատանքի արդյունքում: 2023 թվականին վերաբերվող 14 քրեական գործ կա եւ շուրջ 30 հայտնաբերված էջ, 23 մեղադրյալ եւ նախնական շրջանառությունը շուրջ երեք միլիարդի է հասնում:

Այս դեպքերը վերաբերում են միայն տելեգրամյան էջերով թմրանյութի ապօրինի շրջանառությանը: Ընդհանուր առմամբ, Արգիշտի Քյարամյանը իրավիճակը աննախադեպ է համարում ու նկատում է, որ խնդիր կա, քանի որ Տելեգրամ հավելվածը չի համագործակցում քննչական մարմինների հետ՝ բարդացնելով իրենց աշխատանքը:

Արծվիկ Մինասյանին նաեւ հետաքրքրում էր համացանցում իրական անձանց եւ ֆեյքերի կողմից տարածվող ատելության խոսքի, սպառնալիքների դեմ պայքարը: Ընդդիմադիր պատգամավորն ակնկալում էր նաեւ վիճակագրություն լսել՝ բռնության քարոզի քանի՞ դեպք գործող իշխանության դեմ կա գրանցված, քանիսը՝ ընդդիմադիրների:

Արգիշտի Քյարամյանը որեւէ վիճակագրություն չուներ պատգամավորին ներկայացնելու համար, բայց ասաց, որ հաղորդում լինելու դեպքում բացահայտվում են եւ արդյունքներ ունեն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930