Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջանի քրեականի պետն առաջին անգամ է հանցանք կատարել, կարող է կիրառվել գործուն զղջալու ինստիտուտը»․ Գրիգոր Մինասյան

Հունիս 02,2023 16:49

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպին, երբ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը ծեծի էր ենթարկել անչափահասին։

Հարցին, թե ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել, ինչո՞ւ է ընտրովի արդարադատություն իրականացվում, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Ընտրողական մոտեցում չկա, պրոցեսներ են ժողովրդավարական, ձեզ եւ մեզ համար ստանդարտներից դուրս է, քանի որ ստանդարտից դուրս է, երբ կառավարությունը հսկայական գումարների գործ է պարտվում դատարաններում։ Ստանդարտից դուրս է, երբ ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ վճռի հիման վրա, ստանդարտից դուրս է, երբ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը միեւնույն է, առաջխաղացում է ունենում»։

Լրագրողի հարցին, թե՝ կարելի՞ է մարդ ծեծել, հետո զղջալ ու ազատվել պատասխանատվությունից, նախարարը պատասխանեց․ «Քրեական օրենսգիրքը 81-րդ հոդվածում ունի գործուն զղջալու ինստիտուտ։ Այսինքն՝ եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է, ոչ մեծ ծանրության է, այդ ինստիտուտը կա, եթե գործուն զղջում է, հատուցում է։ Կոնկրետ այս գործով ես գտնում եմ, որ կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի այդ որոշումը, այսինքն՝ քննիչի վարույթ չհարուցելու որոշումը, այնուհետեւ դատախազի ՝ այդ որոշման հաստատումը։ Կա եւս մեկ ատյան, եթե չեմ սխալվում, ժամկետը եռամսյա է, դեռ ժամանակ կա, կարծում եմ՝ հնարավորություն կա ուղղել սխալը»։

Հարցին, թե նորմա՞լ է, որ լրատվամիջոցների աղմուկից հետո է միայն այս դեպքով քրեական հետապնդում հարուցվել, Մինասյանը պատասխանեց․ «Դիլիջանի դեպքի հետ կապված ամեն ինչ Քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ է։ Այսինքն՝ ունենք 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, որի սահմաններում է այս քրեական գործը տարվել, ունենք 81-րդ հոդված՝ գործուն զղջալու հիմքով, որ մարդուն կարող են պատասխանատվությունից ազատել։ Արդար է, որ լրատվամիջոցները ֆիքսում են ոչ 100 տոկոսանոց կոռեկտ գործընթաց, արդար է, որ հանրությունը վրդովվում է եւ արդար է, որ կա օրենքով սահմանված ժամկետ, որ դատախազը հնարավորություն ունի չեղյալ անել ստորադաս դատախազի եւ քննիչի որոշումները։ Պետք է այդ տեսանյութը շուտ հրապարակեիք, չպետք է սպասեիք հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվան։ Օրենքը սահմանում է, որ երբ մարդն առաջին անգամ է հանցանք կատարում, զղջում է, հատուցում է, եւ քննիչը գտնում է, որ կարելի է այս մարդուն ներել։ Դատախազը պետք է հաստատի քննիչի որոշումը, մի հատ էլ ունենք երրորդ ատյան՝ դատախազության ատյանը, որը վերջնական կարողանում է հաստատել ու հերքել։ Հույս ունենանք այդ գործով արդարությունը կվերականգնվի»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930