Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի քրեականի պետի արարքի համար ՔԿ նախագահը չի կիսում գործուն զղջմամբ գործը փակելը

Հունիս 02,2023 16:41

2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեին տրամադրվել էր 8,2 միլիարդ դրամ՝ յոթ միջոցառումներից բաղկացած մեկ ծրագիր իրականացնելու համար: Տարվա ընթացքում, այդ գումարը ՀՀ կառավարության որոշումներով ավելացվել է 1,5 միլիարդ դրամով՝ պայմանավորված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններով, ինչի արդյունքում հաստիքացուցակն ավելացել է 310 քննիչով: Կոմիտեի ընդհանուր բյուջեն կազմել է 9,7 միլիարդ դրամ, որից ծախսվել է 9,6 միլիարդը: Բյուջեի հիմնական մասը՝ 9,2 միլիարդ դրամը, ծախսվել է քրեական գործերով վարույթների իրականացման վրա:

Անցյալ տարվա բյուջեի կատարողականի ցուցանիշներն այսօր խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Արգիշտի Քյարամյանն ասաց, որ ՀՀ արդարադատության ակադեմիայում ունկնդիրներին դասավանդվող դասաժամերը կրճատվել են. 5 ամսվա փոխարեն՝ քննիչի թեկնածուի մասնագիտական վերապատրաստումը կազմում է 2,5 ամիս: Ունկնդիրներին այդ ընթացքում կրթաթոշակ է տրամադրվում: Արտասահմանյան գործուղումների համար ՔԿ-ում 2022-ին ծախսվել է 1 միլիոն 458 հազար դրամ գումար: Կոմիտեի նախագահը պարզաբանեց՝ այդ գումարը ծախսվել է բյուջետային միջոցներից, հարյուրավոր գործուղումներ իրականացվել են՝ արտասահմանյան գործընկերների փոխհատուցումներով: 191,6 միլիոն դրամ էլ ծախսվել է ՔԿ-ի շենքային պայմանների բարելավման համար:

Անդրադառնալով ծրագրերի բովանդակային մասին էլ, ՔԿ նախագահն ասաց, որ 2022-ի ընթացքում 59 հազար 830 քրեական վարույթ է քննվել. նախորդ տարի քննվել է 41 հազար 883 վարույթ, իսկ 2023-ի առաջին եռամսյակում, կոմիտեում քննվել է 69 հազար 88 քրեական վարույթ: Քննիչների միջին ծանրաբեռնվածությունը 2022-ին կազմել է 110,4: Դատարան է ուղարկվել 4798 գործ, 5360 անձի նկատմամբ, կարճվել է 15 հազար 310 վարույթ, որոնցից 4833 ոչ արդարացնող, 10 հազար 472-ն արդարացնող հիմքերով: 2022-ի ընթացքում կոմիտեում քննվել է 1218 վարույթ՝ կոռուպցիոն գործերով, որոնցից 76-ը մեղադրական եզրակացությամբ է ավարտվել՝ 122 անձի վերաբերյալ, 215-ը կարճվել է, որից 135-ն արդարացնող հիմքով: Քննվել է սպանության եւ սպանության փորձի 283 գործ, որոնցից 94-ով նախաքննությունն ավարտված է, 72 գործ ուղարկվել է դատարան, 22-ը կարճվել են՝ 18-ն արդարացնող հիմքով: 9263 գործ էլ գողության դեպքերով է քննվել, որոնցից 1302-ն ավարտվել է: 10 վարույթ փողերի լվացման դեպքով է եղել, մեկը՝ ահաբեկչության ֆինանսավորման: 2023-ի առաջին կիսամյակում, փողերի լվացման դեպքով արդեն 32 քրեական վարույթ կա:

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց Դիլիջանի քրեականի պետի կողմից 16-ամյա երիտասարդին ծեծելու գործից՝ հարցնելով՝ ի՞նչ հիմքով էր փակվել ապրիլին տեղի ունեցած դեպքը, ինչո՞ւ տեսանյութը հայտնվեց համացանցում:

Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ գործուն զղջալու հիմքով է քրեական պատասխանատվությունից ազատվել Դիլիջանի քրեականի պետը եւ այդ դեպքում արդեն ՔԿ-ի լիազորություններից դուրս է գալիս հարցը: Այնուամենայնիվ նա ներկայացրեց իր եւ ՔԿ-ի դիրքորոշումը՝ ասելով, որ մարզային քննիչի որոշումը ՔԿ-ի մոտեցումներին հակասող է, որ այդ խրախուսողական մոտեցումը չի կարող կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ: Միաժամանակ, նա նկատեց, որ իրավական տեսանկյունից օրենքը տալիս է այդ հնարավորությունը, ինչը հայեցողական է եւ ՔԿ-ի մոտեցումներին չի համապատասխանում ու ներողություն խնդրեց հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով հիասթափվել են իրավապահ մարմինների աշխատանքից: Արգիշտի Քյարամյանը տեղյակ է, որ իր կարծիքը կիսում են նաեւ դատախազությունում եւ վերադաս դատախազը հսկող դատախազի որոշումը վերացրել է ու գործի նախաքննությունը շարունակվում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930