Մոսկվան հաշվի է առնում Երևանի դիրքորոշումը «Ուկրաինայի շուրջ հակամարտության» հարցում, բայց շարունակում է դաշնակցային հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք դա ընդունում ենք ի գիտություն,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը Ուկրաինայում պատերազմում Ռուսաստանի դաշնակիցը չէ:
Ըստ Պեսկովի գնահատականի՝ «դա կարևոր հայտարարություն է»: «Մենք գիտենք, որ կան որոշակի նրբերանգներ Ուկրաինայի շուրջ պատերազմում Հայաստանի դիրքորոշումներում, մենք դրանք հաշվի ենք առնում»,- ասել է Պեսկովը:
Միաժամանակ, նա նշել է, որ, անկասկած, «մենք շարունակում ենք մեր հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Չեխիայում CNN Primenews-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ