Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոգոն աղերս չունի թուրքականության հետ»․ գյումրեցիների զայրույթն ու «Մանկապատանեկան արվեստի պալատի» պարզաբանումը

Հունիս 02,2023 16:12

«Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի» 100-ամյակին նվիրված լոգոն, որը երեկ՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային տոնակատարության ժամանակ հայտնվեց շքերթի դուրս եկած փոքրիկների ձեռքին՝ բուռն քննարկման թեմա դարձավ համացանցում։

Գյումրեցիներից շատերը, վրդովված արձանագրում էին, որ նմանություն կա թուրքական դրոշի հետ ու պարզաբանում էին պահանջում Գյումրու համայնքապետարանից։

Նրանցից ոմանք նեղսրտում էին, թե «կամաց-կամաց մեզ սովորեցնում են թուրքերի հետ համակեցությանը»։

Բուռն քննարկում էր ծավալվել օգտատերերից մեկի՝ Լյուդմիլա Մանուկյանի ֆեյսբուքյան էջում։ Նա հարց էր ուղղել Գյումրու համայնքապետարանի մարզամշակութային կենտրոնին և Շիրակի մարզպետի աշխատակազմին․ «Որ շատ խնդրեմ ինձ` անկիրթ մարդուս, հասարակ քաղաքացուն կբացատրե՞ք, թե սա ինչ է, ի՞նչ լոգոտիպ է, ո՞վ է հեղինակը, ո՞վ է տվել սրա տպելու համաձայնությունը, ինչի՞ է այս ոճի ու գույների մեջ։

Որպես ՀԱՅ մայր ու ՀԱՅ ազգի ներկայացուցիչ ես իրավունք ունեմ իմանալ ու պահանջում եմ բացատրություն։

Հ.Գ. Մեռա ասելով. Գյումրիում նշաններից (սիմվոլիկա) հասկացող մարդ կա, մի թեթեւ զգույշ էլի»։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ այսպես էր արձագանքել․

«Երեկվանից շատերը քննադատում, հայհոյում են գյումրեցիներին այս դրոշների համար։

Մի մասը մտածում է դիտավորություն է, մյուսները կարծում են՝ պատահականություն, իրականում բացարձակ կարևոր չի դիտավորություն է, թե ոչ…

Քաղաքային իշխանությունները պարտավոր էին զգայուն հասարակությունում ուշադիր լինել և թույլ չտալ նման հիմարություններ՝ հարվածի տակ դնելով գյումրեցիների պատիվը և կերպարը»։

Նա նշել էր, որ դիտավորություն է տեսնում։

«Քանի որ շատ շատերը կրկին սկսեցին գյումրեցիներին մեղադրել «Աղ ու հացով թուրք դիմավորելու» մեջ, հետևաբար համայնքապետարանը պարտավոր է պատասխանատվություն կրել և հարցը փակել։

Իսկ հարցը փակելու մեկ եղանակ կա՝ պատժել մեղավորներին, անկախ նրանից՝ սա դիտավորություն է, թե պատահականություն։ Վերջին հաշվով կապ չունի՝ օրինակ՝ դու դիտավորյալ ես մարդ սպանում, թե անզգուշությամբ, բացարձակ կապ չունի դու թրքասիրությամբ ես թրքություն տարածում, թե միամիտ։

Հուսամ Գյումրու համայնքապետը կունենա այդքան կամք էս խնդիրը կարգավորելու համար»։

«Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատը» հանդես եկավ պաշտոնական պարզաբանմամբ․ «Սա «Մանկապատանեկան արվեստի պալատ»-ի լոգոն է։ Կենաց ծառ է՝ խորը արմատներով, նոր ճյուղերով ու տերեւներով։ Արմատները՝ դար առաջ ստեղծված լինելու, ճյուղերն ու տերեւները՝ ի նշան այսօրվա սերնդի ու սաների։

Շրջանը դարի պտույտն է՝ բոլորապտույտ 100 տարի։

Արդեն մի քանի տարի մանկապատանեկան արվեստի պալատը հանդես է գալիս այս լոգոյով։

Լոգոների մեջ գույնի փոփոխությունը գովազդատեղեկատվական, տպագիր կամ ներկայացուցչական այլ նյութերում երբեմն կատարվում է, ինչն էլ արվել է երեկվա միջոցառման պարագայում, քանի որ միջոցառման ընդհանուր գույնը ընտրված էր կարմիրը։

Այս ամենը որեւէ աղերս չունի թուրքականության հետ։ Ազգային արժեքների տարածումն ու սերունդներին հայկական ոգով դաստիարակելու առաքելություն ստանձնած կառույցը չէր կարող տարածել որեւէ հակահայկական բան։ Այս ամենի մեջ թրքականություն, առավել եւս դիտավորություն տեսնելը անմիտ է, վիրավորում է մեր արժանապատվությունն ու ստվերում մեր 100-ամյա անբասիր կենսագրությունը։

Խնդրում ենք զերծ մնալ չհիմնավորված կարծիքներ հայտնելուց եւ անհարկի քննարկումներով չստվերել ո’չ երեխաների մասնակցությամբ շքերթը, ոչ էլ մեկդարյա կառույցի կենսագրությունը։

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով մարդկանց ասոցիատիվ մտածողությունը, թե ամեն կիսաշրջան լուսին է ու ամեն կարմիր՝ թուրքական դրոշ, հաջորդիվ լոգոյի գունային փոփոխություններն անելիս նկատի կառնենք նաեւ այս հանգամանքը։

Առջեւում մանկապատանեկան արվեստի պալատի 100-ամյա հոբելյանի միջոցառումներն են։ Մաղթում ենք բոլորիդ խաղաղություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930