Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, ամրագրելով ուղերձը, որ բռնության մշակույթը իրավապահ համակարգում արմատախիլ է արվում. Կանանց աջակցման կենտրոն

Հունիս 02,2023 16:33

Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու վերաբերյալ Կանանց աջակցման կենտրոնի հայտարարությունը

Երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։

Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու և համագործակցության հանգամանքը՝ վարույթն իրականացնող մարմնի հետ։

Կանանց աջակցման կենտրոնը, որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ բազմամյա աշխատանքային փորձ ունեցող կառույց, որը մշտապես խրախուսում է ընտանեկան բռնության ենթարկվող անձանց դիմել ոստիկանություն և ստանալ պաշտպանություն, խստորեն դատապարտում է ոստիկանության պաշտոնյայի կողմից նման անընդունելի գործողությունը։ Այս դեպքն ու դրա ոչ բավարար դատապարտումը խաթարում են իրավապահ մարմնի նկատմամբ հասարակության վստահությունը, և զրոյացնում տարիներ շարունակ բռնության հաղթահարման, հասարակության շրջանում բռնության անթույլատրելիության ուղղությամբ ներդրված ջանքերը։ Միաժամանակ գտնում ենք, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը և քրեական վարույթ չհարուցելու մասին որոշումը համարժեք չեն նրա կատարած գործողությանը։
Ուստի, պատկան մարմիններից պահանջում ենք․

Ոստիկանության համակարգից հեռացնե՛լ բռնարարք կատարած Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, այդ քայլով հստակորեն ամրագրելով այն ուղերձը, որ բռնության մշակույթը իրավապահ համակարգում արմատախիլ է արվում։

Քրեական վարույթ հարուցել Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ՝ իրականացնելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն։

Կոչ ենք անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին հանդես գալ դատապարտող դիրքորոշմամբ և պահանջել, որպեսզի բռնություն գործադրած ոստիկանության պաշտոնյան ենթարկվի խստագույն պատասխանատվության՝ երկրում անպատժելիության մթնոլորտի հաղթահարման և բռնության դրսևորումների բացառման նպապտակով։

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930