ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ամփոփելով 2023 թվականի քաղաքական գարունը, նշեց, որ ապագա պատմաբանները այն կորակեն որպես ձախողման, խայտառակության, Արցախը, Ցեղասպանությունը ուրանալու գարուն:
«Բայց կարծում եմ, որ ապագա պատմաբանների ճնշող մեծամասնությունը այս գարունը կանվանի անառակի գարուն կամ անառակության վերջին գարուն, որովհետեւ Հայաստանի իշխող խունտայի ղեկավարը այս գարնան ընթացքում արդեն բացահայտ, հրապարակային, առանց թաքցնելու հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ: Այս գարունը սկսվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանի բացահայտումներով: Ըստ Աշոտյանի, կա նաեւ բրյուսելյան տարբերակ փաստաթուղթ, իսկ Մամիջանյանն ասաց, որ եվրոպացի գործընկերները նրան շատ ուղիղ տեքստով ասել են, որ այլեւս Հայաստանի իշխանությունները չեն խոսում կարգավիճակի մասին: Երբ պառլամենտում դա ասվեց, ՔՊ-ական խունտայի ներկայացուցիչները կուսական տեսքով արձագանքեցին, իբրեւ իրենք մաքրամաքուր անձնավորություններ են ու Նիկոլի մասին էս ինչ եք խոսում:
Դրան հաջորդեցին մայիսի 22-ի հայտնի իրադարձությունները: Եվ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այդ Բրյուսելում՝ Շարլ Միշելի շուրթերով, այնուհետեւ Ռեյկյավիկում՝ իր շուրթերով, հետո Երեւանում երեք անգամ՝ կառավարության նիստում, ասուլիսում եւ մի անգամ էլ պառլամենտում, դրանից հետո, Մոսկվայում մայիսի 25-ին հատուկ չհասկացողների համար էլ անգլերեն, էլ ռուսերեն, էլ հայերեն ասաց, որ իր համար Արցախը Ադրբեջան է եւ վերջ: Բայց մեր հասարակության մեջ կան դեռ շերտեր, էլ չեմ ասում քաղաքական գործիչներ, որոնք ինձ ավելի շատ հիշեցնում են քաղաքական կուրտիզանուհիների, որոնք փորձում են պաշտպանել Փաշինյանի այդ թեզը:
Ինչո՞ւ ուրացման գարուն: Որովհետեւ Փաշինյանը եկել է իշխանության Արցախի անկախության միջազգային ճանաչման թեզով: Դրա մասին նա խոսել է եւ 2018 թ. մայիսին եւ նույնիսկ 2020 թվականին: 2019 թվականին նույն Փաշինյանը հայտարարեց. Արցախը Հայաստան է եւ վերջ: Իսկ այսօր հայտարարում է. Արցախը Ադրբեջան է եւ վերջ: Նիկոլ Փաշինյանը այս 2023 թվականի անառակի գարնան ընթացքում մուրճն ու մեխը խփեց Հայաստանի 3-րդ Հանրապետության վրա: Ամենավերջում, որովհետեւ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը հիմնված է երկու հիմնարար արժեքների վրա: Դա Հայաստանի Անկախության գաղափարը, ինքնիշխանությունն է, որը բացարձակ արժեք է մեր համար եւ երկրորդը՝ Արցախի ինքնորոշման իրավունքն է, կամ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում թեզը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, մերժելով բոլոր օրենքները՝ Սահմանադրությունից սկսած, արդեն միանձնյա կերպով հայտարարել է՝ Արցախը Ադրբեջան է եւ վերջ: Իսկ մյուս կողմից` հրաժարվել է Ցեղասպանության միջազգային ճանաչումից: Ընդամենը օրեր առաջ նրա նշանակած սփյուռքի հանձնակատարը իրականացրեց Փաշինյանի համապատասխան հրահանգը, որ Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացն ավարտվել է»,-ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Էդուարդ Շարմազանովը հորդորեց դիմել Հայաստանի ԱԳՆ, որի, ինչպես նաեւ կառավարության ծրագրում եւ ուղերձներում, գրված է եղել, որ 2021-2026 թվականներին Հայաստանը պետք է շարունակի Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, որ արտաքին գերատեսչությունը ասի՝ պաշտպանո՞ւմ է, թե՞ չի պաշտպանում այս քաղաքականությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ