Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումների ժամանակ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն (լուսանկարում) անդրադարձավ դատավորների թվի եւ աշխատավարձի ավելացման հարցերին։
«Կար երկու մոտեցում՝ արդյոք պետք էր դատավորների քանա՞կ ավելացնել, թե՞ աշխատավարձեր բարձրացնել՝ հաշվի առնելով ֆինանսական ռեսուրսները։ Եվ քաղաքական որոշում կայացվեց, որ այս փուլում դեռեւս միայն անդրադառնանք դատավորների աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ քննությունները ցույց են տալիս, որ դիմորդների առանձնապես մեծ հոսք չկա։ Կա ցանկություն ներգրավվելու դատական կազմերին, բայց շատ չեն դիմորդները։ Եվ այստեղ երկու մոտեցում կար՝ արդյոք պետք է բարձրացնել բոլոր դատավորների աշխատավարձը, թե՞ ամենածանրաբեռնված օղակին անդրադառնանք։ Դատավորների հետ մի քանի քննարկումներ են եղել, չասեմ 100 տոկոսանոց կոնսենսուս էր, բայց մեծ մասն ընդունեց, որ ամենածանրաբեռնվածը հենց առաջին ատյանի դատավորներն են»,- ասաց նա։
Ըստ Մինասյանի՝ առաջին ատյանում 180 դատավոր է աշխատում, եւ որոշում է կայացվել այս փուլում ավելացնել իրենց աշխատավարձերը։
Անդրադառնալով շենքային պայմաններին՝ Մինասյանն ասաց, որ անմխիթար պայմաններ են։ 2022 թվականին Հակակոռուպցիոն դատարանի շենքերն են վերանորոգվել, այլ ծրագրեր են իրականացվում։ Ըստ նախարարի՝ միջազգային ստանդարտներով, հաշվի առնելով ՀՀ բնակչության թիվը, պետք է ունենայինք առնվազն 1000 դատավոր։ «Բայց ունենք երեք անգամ քիչ դատավոր, եւ սրանով են պայմանավորված ուշացումները, ձգձգումները, արդար դժգոհությունը։ Բայց հիմա ուրիշ մոտեցում ենք որդեգրել, որ հնարավորինս փոքր գործերը կամ դատավորի քննմանը ոչ ենթակա գործերը հանենք դատարանից։ Օրինակ՝ նախագիծ ենք շրջանառելու, որ մինչեւ 5 մլն դրամ վճարման կարգադրությունները հանենք դատարաններից»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ