2022 թվականին ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը, երեք միջոցառումների համար տրամադրված 777,7 միլիոն դրամից ծախսել է շուրջ 74 միլիոն դրամը՝ ապահովելով մոտ 95 տոկոս կատարողական: Անցած տարվա բյուջեի կատարողականի ցուցանիշներն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը: ՊՎԾ ղեկավարն արձակուրդում է, նրա պարտականությունները կատարում է տեղակալը:
Գումարի հիմնական մասը ծախսվել է հավելյալ աշխատատեղերի, աշխատավարձերի ֆոնդի, տեխնիկական հագեցվածության, շենքային պայմանների ապահովման վրա:
Անցած տարվա ընթացքում ՊՎԾ-ն 31 ուսումնասիրություն է կատարել, 201 մշտադիտարկում է իրականացվել, արդյունքում՝ 78 տեղեկանք ուղարկվել է իրավապահներին, 77-ի մասով քրեական գործեր են հարուցվել: Մի քանի դեպքերում մեղադրանք է առաջադրված, հիմնականում գործերը նախաքննության փուլում են:
ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ հարուցված քրեական վարույթները քանի՞ անձի են վերաբերվում եւ նրանցից քանի՞սն են գործող վարչապետի կողմից նշանակված։ ՊՎԾ պետի տեղակալն ասաց, որ անձանց մասով դեռ ոչինչ ասել չի կարող, մեղադրանքներ պետք է առաջադրվեն, հետո պարզ կլինի, բայց տարբերակումներ իրենք չեն դնում՝ ուսումնասիրվել են թե մինչհեղափոխական, թե հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածների խնդրահարույց դեպքերը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ