Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կիրականացվեն երեք նոր ծրագրեր՝ դատական համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց նկատմամբ խտրականության եւ բռնության դեմ պայքարի ոլորտներում։
Նոր ծրագրերը Հայաստանում կիրականացվեն Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագրի երրորդ փուլի շրջանակներում 2023-2027 թվականներին։
Նախորդ շաբաթ Երեւանում տեղի ունեցավ այս ծրագրերի տեղական համակարգող հանձնաժողովի առաջին հանդիպումը, որտեղ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Եվրոպայի խորհուրդն ազգային գործընկեր հաստատությունների 40 ներկայացուցիչների հետ միասին քննարկեցին Հայաստանի համար ԳԼԿ նոր փուլի համատեղ գործողությունները:
«ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումներին։ Մենք առաջնահերթություն ենք տալիս իրավունքի գերակայության ամրապնդմանը՝ դատական համակարգի անկախության միջոցով, լավ կառավարման ամրապնդմանը՝ հանրային կառավարման բարեփոխումների եւ հակակոռուպցիոն միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաեւ նպաստում ենք ներառական եւ մարդու իրավունքների վրա հիմնված զարգացմանը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։
Կարդացեք նաև
Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2,36 մլն եվրո։ Դրանք համաֆինանսավորվում են Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից:
Բացի այդ, Հայաստանը մասնակցում է տարածաշրջանային մակարդակով իրականացվող երեք ծրագրերի, որոնք ուղղված են տնտեսական հանցագործությունների եւ խտրականության դեմ պայքարին, հավասարության խթանմանը եւ կանանց համար արդարադատության մատչելիության խթանմանը:
EU NEIGHBOURS east