Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Փաշինյանն ուզում է Հայաստանի փաստացի տարածքից ինչ-որ տարածք զիջել, դա պետք է տեղի ունենա հանրաքվեով»․ Արթուր Խաչատրյան

Հունիս 02,2023 15:13

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության եւ շարունակի այն քաղաքականությունը, որն այսօր է իրականացնում, ապա Տիգրանաշենին կսպասվի նույն ճակատագիրը, ինչ սպասել է Շուռնուխին, բայց շատ ավելի վատ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ 

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Նիկոլ Փաշինյանը հղում է կատարում 1975 թվականի քարտեզների վրա, բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ 1975 եւ ոչ թե, օրինակ, 1920-ականների քարտեզները, որոնցով Ալ լճերը Հայաստանի Հանրապետության տարածք են եղել, հետո անհասկանալի հանձնվել Ադրբեջանին։ Ընթացքում էլի տարածքներ են զիջվել Ադրբեջանին։ «Դա հասկանալի չէ, չնայած հասկանալի է՝ Ադրբեջանն այդպես է ուզում, այդպես է անում։ Նույն 1975 թվականի քարտեզով, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը 100 տոկոսով անցնում էր Հայաստանի տարածքով։ Հիմա եթե իրենք այդ 1975 թիվն էին հիմք ընդունում, ինչո՞ւ այդ տարածքը զիջեցին Ադրբեջանին, այն էլ հապշտապ։ Քանի սահմանը զատված ու գծված չէ, ինչո՞ւ ես դու տարածք հանձնում։ Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, եթե ինքն ուզում է Հայաստանի փաստացի տարածքից ինչ-որ տարածք զիջել, դա պետք է տեղի ունենա հանրաքվեով, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ճանապարհային ցանցն այնպես են զարգացնում, որ ճանապարհային խնդիրներ չեն առաջանա Հայաստանում, Արթուր Խաչատրյանն ասաց․ «Հիշեցնեմ ձեզ, որ երբ իրենք Շուռնուխը տվեցին թուրքերին, փոխարենն առաջարկեցին այսպես կոչված նոր ճանապարհ, որը քանդվեց երեք ամիս հետո։ Տիգրանաշենով անցնող ճանապարհի այլընտրանքային ճանապարհ ասելով՝ հավանաբար Ուրցաձորով անցնող ճանապարհն ի նկատի ունի ինքը։ Ասեմ, որ Ուրցաձորի ճանապարհը նույնպես բեռնատարների համար նախատեսված ճանապարհ չէ։ Չի կարելի տալ ինչ-որ մի բան, ասել՝ լավ ենք անում, որովհետեւ այլընտրանք կա։ Նույն տրամաբանությամբ կարող ես Երեւանի կենտրոնը զիջել թուրքին, ասել՝ Նուբարաշենից մինչեւ Ավան կարող ենք ուրիշ ճանապարհով գնալ, դա ընդունելի չէ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930