Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Թեքեյան կենտրոնում» բացվեց «Աշխարհը մեր պատուհանից» խորագրով մանկապատանեկան ցուցահանդեսը, որի մասնակիցներն էին Երեւանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաները:
Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ ութսուն ստեղծագործություն, այդ թվում՝ յուղանկար, մանրանկար, քանդակ, կոլաժ եւ կիրառական արվեստի յուրօրինակ այլ գործեր: Ինքնատիպ մեկնաբանություններով ցուցանմուշները ներառում են առօրյա առարկաների, ծանոթ բնապատկերների, գրականության տեսարանների գեղարվեստական արտահայտչություն ստացած նկարազարդումներ, ինչպիսիք են օրինակ Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում», Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ կոլաժային տարբերակով։
Ձեռնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով երեխաներին տոնի եւ Թեքեյան Կենտրոնում ցուցադրվելու կապվածությամբ, Ծուլիկյանը երախտիքի խոսքեր ուղղեց կրթահամալիրի մանկավարժներին կարեւորագույն գիտելիք եւ ստեղծագործական աշխատանքներում գաղափարն արվեստի լեզվով կիրառելու հմտություններ երեխաներին փոխանցելու համար:
Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի համակարգող Անահիտ Խաչատրյանը հակիրճ ներկայացրեց դպրոցի 55 տարվա պատմությունը, հատկանշելով, որ դպրոցում գործում են բաժիններ՝ արվեստի գրեթե բոլոր ճյուղերով, իսկ դպրոցի սաները միշտ պատվով են ներկայացել բազմատեսակ հանրապետական, քաղաքային փառատոնների, մրցույթների, դարձել են նաեւ միջազգային դափնեկիրներ:
Ցուցահանդեսի բացմանը հանդես եկան նաեւ դպրոցի էստրադային վոկալի բաժնի սաներն իրենց գեղեցիկ կատարումներով։
Կարդացեք նաև
«Աշխարհը մեր պատուհանից» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում կգործի մինչեւ հունիսի 10-ը։ Մուտքն ազատ է:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ