Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումների ժամանակ Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանն (լուսանկարում) անդրադարձավ դատարանների ծանրաբեռնվածության ու հայցերի քննության ձգձգման հարցին։ «Իմ հրամանով խմբեր են կազմվել եւ ուսումնասիրություններ են կատարվում դատարաններում։ Կոնկրետ այս պահին առաջին ատյանի դատարաններում են ուսումնասիրություններ կատարվում։ Եվ ուսումնասիրության նպատակն այն է, որ տարբեր հարցերից բացի՝ նաեւ դատավորները ողջամիտ ժամկետները պահեն։ Այսինքն՝ ԲԴԽ-ն որոշում ունի այդ հարցով, որ գործերի քննության միջին տեւողության ուղենիշային ժամկետները պահպանվեն։ Դատավորների համար ամեն ինչ արվում է, որ բնականոն գործունեությունն ապահովվի։ Մնացածը կախված է գործերի ծավալից, բարդությունից եւ շատ քանակից»,- ասաց նա։
Նաիրի Գալստյանը նշեց, որ ծանրաբեռնվածության հարցի լուծման համար ներկայում ակտիվ համալրվում են հաստիքները։ «Այս պահին ունենք 315 հաստիք, համարված են 285-ը։ Մոտ 30 հաստիք թափուր է, որը շատ մեծ քանակ է։ Դրա համար արդեն օրենսդրական փոփոխությունների արդյունքում ունենք հատուկ կարգով քննությունների մասնակցություն, որը շատ արագ է կատարվում։ Քննությունների թեստային համակարգը մի փոքր բարդացված է, բայց ակադեմիայում հետագայում մոտ 8 ամիս սովորելը կրճատած է, դրա նպատակը այն է, որ շուտ համալրենք, գոնե մատներից փուշ հանող լինի»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ