«Մոտ երկու տարի առաջ մեր առաջատար երաժշտագետների նախաձեռնությամբ մի հանդիպում ունեցանք, տիկին Գրիգորյանն (Արամ Խաչատրյան տուն թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը-Գ. Հ․) էլ էր ներկա հանդիպմանը: Եվ առաջին հայացքից մի տարօրինակ հարց բարձրացվեց՝ ինչպես անել, որ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը, արվեստը լսելի լինի աշխարհում:
Ամենավտանգավոր բանն այն է, որ մեր հույսը հաճախ դնում ենք մեր մեծ արժեքների, հեղինակության, համաշխարհային ճանաչելիության վրա, չենք նկատում, թե ինչպես ենք տրվում իներցիային: Մինչդեռ, յուրաքանչյուր իներցիա ի վերջո դանդաղում է իր ընթացքը եւ ուղղակի կասեցվում»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահում կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերի եւ միջոցառումներին վերաբերյալ ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նրա խոսքով. «Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներն ունեն ռազմավարական նշանակություն, որովհետեւ իսկապես Արամ Խաչատրյանի երաժշտությունն աշխարհում չի հնչում բավարար մակարդակով, եւ այն հարթակներում երաժշտական, որ մենք ենք ուզում: Եվ այո, լրջագույն աշխատանք ունենք կատարելու Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը վերաիմաստավորելու, միջազգայնորեն դիրքավորելու առումով»:
Կարդացեք նաև
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն անդրադառնալով հոբելյանական միջոցառումներին՝ մասնավորապես նշեց, որ հունիսի 5-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան նախօրեին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում նախարարության աջակցությամբ կբացի հոբելյանական համերգների շարքը: Առաջին համերգը կղեկավարի հայազգի ճանաչված դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի խոսքով, մեր պարտքն է հնարավորինս շատ կատարել Խաչատրյանի ստեղծագործությունները: Նա նշեց, որ հունիսի 6-ին,7-ին եւ 8-ին օպերային թատրոնը Երեւանի քաղաքապետարանի հետ հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես գալու; Թումոյի այգում կցուցադրվեն բացօդյա ներկայացումներ՝ «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ Սյուիտ»: Դրանից հետո նվագախումբը կմեկնի Չարենցավան եւ այնտեղ կկատարի կոմպոզիտորի 3-րդ սիմֆոնիան: «Նախ Չարենցավանի երաժշտական դպրոցում կա շքեղ երգեհոն եւ հետո մենք կարեւորում ենք մարզային այցերը»,-նշեց մաեստրոն: Հավելեց, որ հյուրախաղեր են նախատեսված նաեւ Ֆրանսիայում:
Արամ Խաչատրյան տուն թանգարանի տնօրեն եւ Խաչատրյան տրիոյի անդամ, դաշնակահար Արմինե Գրիգորյանն ընդգծեց, որ արդեն մի քանի տարի է՝ ֆիլմեր են նկարահանվում դրսի ճանաչված հեռուստաընկերությունների կողմից, որոնց թվում է նաեւ ARTE ֆրանս- գերմանական արվեստի և մշակույթի ուղղվածությամբ հեռուստաընկերությունը: Ֆիլմն արդեն ցուցադրվել է Ֆրանսիայում, Գերմանիայում: Նրա խոսքով, ռուսաստանյան «Կուլտուրա» ալիքը եւս ֆիլմով կանդրադառնա Խաչատրյանին․ պրեմիերան կկայանա հունիսի 6-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը:
Ինչ վերաբերվում է Արամ Խաչատրյան տուն թանգարանին, տնօրենն ասաց, որ այնտեղ կլինեն նորամուծություններ, կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներ: Արմինե Գրիգորյանն ասաց, որ անակնկալներ ունեն, բայց առայժմ ձեռնպահ մնաց փակագծեր բացելուց: Նշեց, որ նախատեսված է մեծ միջազգային գիտաժողով, լույս է տեսել Խաչատրյանի նամականու անգլերեն տարբերակը, աշխատանքներ են տարվում նաեւ պատկերազարդ գրքի վրա: Արմինե Գրիգորյանն անդրադարձավ նաեւ Սվերդլովսկում կայացած «Անհայտ եւ հայտնի Խաչատրյան» խորագրով փառատոնին, որտեղ 5 երեկո միայն Խաչատրյան է հնչել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. Խաչատրյանը, իրավմամբ, համարվում է հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը, սակայն ՀԿՄ նախագահը չեր մասնակցում ասուլիսին (հավանաբար՝ հրավիրված չի եղել), ինչը նախկինում հնարավոր չէր … (սա, նույնպես, բացթողում է) … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան …