Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի կազմը

Հունիս 02,2023 14:50

Ստեփանակերտ, 2 հունիսի: Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի է  ունեցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր ժողովը, որի ընթացքում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է  Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը, հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:

Կանոնագիրը սահմանում է, որ շարժումը ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ,  ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախ գաղափարի  շուրջ  կամավոր հիմունքներով  միավորում է, որում ընդգրկված են քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ: Նախատեսվում է, որ այն ընդգրկելու է ամբողջ Արցախը: Շարժման կենտրոնակայանը լինելու է Ստեփանակերտում, տարածքային միավորներ կգործեն բոլոր շրջաններում: Շարժումը բաց է անդամակցության համար:

Համաժողովի բացմանը հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խոսել է շարժման առաքելության մասին: Նա կարևորել է  գաղափարի բանաձևումը, որին պետք է հետևեն գործողությունները: Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ նախաձեռնողները  շարժումը սկսել են երեք նպատակով. «Առաջինը՝  համախմբվել գաղափարի շուրջ՝ հաղթահարելով ապատիան  և անտարբերությունը, որը շատ վտանգավոր է: Երկրորդը՝ որ աշխարհը հասկանա, որ մենք չենք ենթարկվելու այն ծրագրին, որն ուզում է իրագործել ԱդրբեջանըՈւ դա միայն Արցախի իշխանության դիրքորոշումը չէ, այլ ողջ ժողովրդի, որը պատրաստ է պայքարելու իր  իրավունքների համար: Կարևոր է, որ այդ դիրքորոշումը հնչի, հնչի բարձրաձայն  ու միասնաբար, և Հայաստանը, հայկական աշխարհը, մեր ընկերները միանան: Երրորդը՝  հանրային շարժման  միջոցով ազդել  կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա: Եվ այդ ճնշումը լինի առողջ և օգտակար, ոչ թե քանդող ու վնասակար»:

Համաժողովի մասնակիցները գաղտնի քվեարկությամբ ընտրել են Շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը:

Ընդունվել է նաև   հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:

««ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏ»

հանրային շարժման հիմնադիր համաժողովի դիմումը հայ ժողովրդին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայր Հայաստանում և Սփյուռքում ապրող քույրեր ու եղբայրներ,

Արցախի ժողովուրդը և Արցախի Հանրապետությունը հայտնվել են գոյաբանական  լրջագույն մարտահրավերների առջև: 2022թ. դեկտեմբերի 12-ից Արցախը լիակատար շրջափակման մեջ առնելով, իսկ 2023թ. ապրիլի 23-ին Հայաստան-Արցախ սահմանագծին ապօրինաբար անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը փաստացի հաստատել է Արցախի Հանրապետությունը  Հայաստանից ու աշխարհից մեկուսացնելու եւ Արցախը վերջնականապես բռնագրավելու  իր նկրտումները:

Թշնամին ամեն օր սադրիչ գործողություններով ու վերջնագրերով նոր սպառնալիքներ է առաջադրում Արցախի ժողովրդին՝  բնաջնջման վտանգի տակ պահելով Արցախի  120 000 բնակչությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաների:

Ցավալի է փաստել, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները, ճանաչելով Ադրբեջանի 86 600 քառ.կմ տարածքային ամբողջականությունը, բացեիբաց Արցախը հանձնում են թշնամուն:

Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետեւանքների:

Մեր պատմության այս կործանարար ընթացքը հնարավոր է կասեցնել միայն 1988-ի ազգային զարթոնքի ոգին վերականգնելով եւ պայքարելով:

Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական ներկա գործընթացների, անկայունության եւ լարվածության աճի պայմաններում մեր դեմ շարունակվող հիբրիդային պատերազմին հակազդելու եւ առկա ու հնարավոր սպառնալիքները  չեզոքացնելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի համախմբումը:

Մենք՝ «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիրներս, հայտարարում ենք հանուն հայրենիքի պաշտպանության պայքարելու մեր վճռականության մասին եւ կոչ ենք անում բոլորին միանալու Շարժմանը՝ համախմբվելով Արցախը ազատ, անվտանգ ու հայկական պահելու նպատակի շուրջ»:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930