Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինում է, որ ես եւ տաքսիով, եւ մետրոյով եմ երթեւեկում, բայց ծառայողական մեքենան խիստ անհրաժեշտություն է»․ Արայիկ Հարությունյան

Հունիս 02,2023 14:28

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է ծառայողական մեքենաների թիվը նվազելու փոխարեն տարեցտարի ավելանում։ Այնինչ, իշխանությունները նախընտրական խոստումների ժամանակ այլ հայտարարություններ էին անում, նաեւ մետրոյով էին երթեւեկում։

«Ո՞ր տվյալների վրա եք հիմնվում, որ ավելացել է։ Ես հիմա ձեզ աշխատակազմի թվերը ցույց կտամ։ Լինում է, որ ես եւ տաքսիով, եւ մետրոյով երթեւեկում եմ, բայց երբեմն խիստ անհրաժեշտություն է լինում տեղից տեղ հասնելու։ Հիմա ես ձեզ թիվ ասեմ, որ 2020 թվականին աշխատակազմում եղել է 84 մեքենա, ներկայումս մենք ունենք 40 մեքենա։ Նախորդ տարվա համեմատ՝ մեքենաների թիվը նվազել է 11 տոկոսով։ Այսինքն՝ սիստեմատիկ մեքենաների թիվը կրճատվում է՝ 84-ից դառնալով 40»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ անհրաժեշտություն կա իր մեքենայի վրա լուսաձայնային փարոսիկ տեղադրելու, քանի որ տեղից տեղ գնալիս դա անհրաժեշտ է։ «2018 թվականի մետրոյի հայտնի լուսանկարից հետո փնտրեք եւ գտեք մի հարցազրույց, որը ես տվել եմ եւ որում ասել եմ, որ ծառայողական մեքենան բարձրաստիճան պաշտոնյայի համար խիստ անհրաժեշտություն է, եւ ես օգտվելու եմ դրանից, որովհետեւ երբեմն ժամանակը շատ ավելի թանկ է, քան այլ միջոցներով տեղափոխվելը։ Շատ վատ է, որ վերցնում եք այն հատվածը, որը ձեզ պետք է եւ դա եք մեկնաբանում եւ չեք մեկնաբանում այն հարցազրույցները, որոնք եղել են հենց այդ նույն ժամանակահատվածում»,- ասաց նա։

Հարցին, որ ընդհանուր պետական համակարգի ծառայողական մեքենաների թիվն է աճել՝ գերազանցելով 1000-ը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Հարցում արեք, մենք կնայենք կասենք, թե ինչու։ Կարող է ավելացած լինել, որովհետեւ մենք հիմա նոր, պայմանական ասած, մատյանի համակարգ ենք ներդնում, որտեղ էլեկտրոնային համակարգով բոլոր գերատեսչությունները եւ նրանց ՊՈԱԿ-ները պետք է իրենց տվյալները ներբեռնեն։ Կարող եմ ենթադրել, որ կարող է նման ներբեռնման եւ այդ մատյանի գործարկմանը խնդիրը լինի»։

Արայիկ Հարությունյանը նաեւ հայտարարեց, որ ավտոպարկերը պետք է թարմացվեն։ «Մեր աշխատակազմում հիմա կա մի մեքենա, որը սպասարկում էր աշխատակազմի ղեկավարին։ Քանի որ այնքան էր հնացել, եւ ծախսերն այնքան էին թանկացել, ես հիմա ստիպված այդ մեքենայից չեմ օգտվում, օգտվում եմ այլ մեքենայից»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930