Ցե–կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ արմենիա ընկերության նվիրատվությամբ կվերազինվեն սյունիքի սահմանային գոտիների արմաթ լաբորատորիաները
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա (C-Quadrat Ampega Armenia) ընկերության միջև ստորագրվեց հուշագիր, որով ընկերությունը կօգնի վերազինել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների 14 Արմաթ լաբորատորիա։
Հուշագիրը ստորագրել են ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը և Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։
«Արմաթ լաբորատորիաների վերազինմամբ հույս ունենք խթանել տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիապես առաջադեմ հասարակության զարգացումը Հայաստանում։ Ընտրեցինք Սյունիքը, քանզի կարծում ենք, որ այս ժամանակահատվածում Սյունիքի մարզում զարգացման նախագծերի իրականացումը խիստ կարևոր է: Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ մենք ընտրել ենք մի քանի բարձր սոցիալ ազդեցություն ունեցող ոլորտներ, որոնց շարքում է որակյալ կրթությունը», – նշել է Արման Վարդանյանը:
Կարդացեք նաև
Իսկ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանն ավելացրել է, որ հույս ունի՝ այս օրինակը կոգևորի մյուս ընկերություններին մարզերում տեխնոլոգիական կրթությունը խթանել և որպես սոցիալական պատասխանատվություն օգնել երեխաներին գնալ դեպի տեխնոլոգիական կրթություն։
«Վերազինումը շատ կարևոր է Արմաթ լաբորատորիաների շարունակական գործունեությունն ապահովելու, ինչպես նաև վստահ լինելու համար, որ կրթական ծրագրի բոլոր բաղադրիչներն ենք կարողանում հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին»,-նշել է Սարգիս Կարապետյանը։
Տեղեկացնենք, որ նվիրատվության գումարը մոտ 8 միլիոն դրամ է, որը նախատեսված է Սյունիքի Արմաթ լաբորատորիաների համար համակարգիչներ ձեռք բերելու, համակարգիչների, եռաչափ տպիչների CNC շաղափային հաստոցների վերազինման, Arduino ռոբոտաշինության հավաքածուների, եռաչափ տպիչի լցանյութի ձեռք բերման և անհրաժեշտ այլ պարագաներով լաբորատորիաները կահավորելու համար։
Ցե–Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության գործունեության մասին
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում արևմտյան լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 320 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ։
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-QUADRAT Investment AG) և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ» (Ampega Asset Management GmbH)` «Տալանքս ԱԳ գրուփի» (Talanx AG Group) անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործունեությունը Հայաստանում
Հիշեցնենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։
ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման վրա՝ առաջատար ծրագրերի, ինչպիսիք են Արմաթ ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, Իրական դպրոցը, ԻննոԻջևան նորարարական կենտրոնը։
ԱՏՁՄ,
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա