«Քիշնեւի բանակցությունների մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ տեղեկություն չունեմ, պատվիրակությունը ուշ է վերադարձել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հարցին, թե կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի տեսակետը եւ Արցախի, եւ այսպես կոչված «անկլավների» վերաբերյալ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց․ «Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ, եթե չկիսեի, այդ քաղաքական թիմում չէի լինի»։ Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում Տիգրանաշենի հանձնումը, ի՞նչ մոտեցում ունի այս հարցում քաղաքական թիմը, Արայիկ Հարությունը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այդ հարցերին վարչապետն ամբողջական պատասխան տվել է, եւ ավելացնելու բան չունեմ։ Տարբեր տարբերակներ են քննարկվում, եւ այս պահին որեւէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ՀՀ իշխանությունն Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելո՞ւ է Արցախի վերաբերյալ որոշում կայացնելիս։ Արայիկ Հարությունյանն ի պատասխան ասաց․ «Ես կարծում եմ, որ վարչապետն այդ հարցով ամբողջական պատասխանել է, ավելացնելու բան չունեմ»։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ կառավարությունում 120 էջից բաղկացած «խաղաղության պայմանագրի» տեքստ կա, հարցին, ճի՞շտ է այդ տեղեկությունը, նա պատասխանեց․ «Ես տեսել եմ այդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացնում, դա աբսուրդ է, սա սուտ է, կեղծիք։ Ինքը սեփական դիմումի համաձայն է ազատվել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ