Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս այլանդակությունը, ֆեյքային գրոհները, հայհոյախառն գրառումները պիտի խիստ պատասխանատվության ենթարկվեն»․ Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանին

Հունիս 02,2023 13:16

Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտպանության դիրքերից հանդես եկավ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել էր, որ ՊՈԱԿ-ին տեխնիկական վերազինման համար 2022-ին տրված գումարը 233 մլն դրամ է կազմել։

«Պարոն Մինասյան, ես հույս եմ հայտնում, որ դուք այս կատարողականի մեջ ընդամենը սխալվել եք տողը նայելիս, եւ այն թիվը, որը դուք հնչեցրեցիք, որ Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ին տեխնիկական վերազինման համար տրված գումարը 233 մլն դրամ է, դա ընդամենը վերեւի տողն է, ընդամենը 9 մլն է տրվել։ Եվ հույս եմ հայտնում, որ սա վրիպակ էր եւ ոչ թե հերթական անգամ ՊՈԱԿ-ի թիրախավորում»,- ասաց Լիլիթ Մինասյանը։

Նա դիմեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկի Հարությունյանին․ «Ես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի բացենք փակագծերը եւ ասենք, որ անընդմեջ վիրավորելով եւ պիտակավորելով Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, որոնք թվով 150-ից ավելի են, մենք նվաստացնում ենք նրանց այն աշխատանքը, որի մասին հանրությունն անգամ մեծամասամբ տեղյակ չէ»։

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իր համար էլ էր Արծվիկ Մինասյանի հնչեցրած թիվը զարմանալի։ «Մենք ՊՈԱԿ-ի վերազինմանը, եթե չեմ սխալվում, անցած տարի 18․9 մլն դրամ ենք հատկացրել։ Եվ դա այն դեպքում, երբ ՊՈԱԿ-ը շատ երկար ժամանակ նման հնարավորություն չի ունեցել վերազինվելու։ Ասեմ ավելին, ի լուր բոլորի, մասնավորապես պարոն Մինասյանի, որ ՊՈԱԿ-ում զգալի կրճատումներ են եղել նախորդ տարիների համեմատ։ Այսինքն՝ եթե նախկինում այդ ՊՈԱԿ-ը ձեր ասած նպատակով է եղել, այն այլեւս նման նպատակով չի գործում։ Երբ ես դարձա աշխատակազմի ղեկավար, ասացի՝ այդ քանի՞ ֆեյք ունեք, որ ասում են՝ ֆեյքերի ՊՈԱԿ, զրո։ Ինչո՞ւ, որովհետեւ ֆեյքապահները տեղափոխվել են ուրիշ տեղ՝ իրենց այդ ֆեյքերի փնջերով։ Եվ վերջին տարիներին մենք ՊՈԱԿ-ում բացի կրճատումներից` ուրիշ բան չենք ունեցել։ Եվ սա բացասաբար է նաեւ ազդել ընդհանուր հաղորդակցության վրա։ Հիմա մենք շատ լուրջ քննարկումներ ենք իրականացնում, հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում մենք առանձնացրել ենք առանձին ուղղություն հաղորդակցության ռազմավարությունը, ՊՈԱԿ-ն իր ներուժով այստեղ շատ կարեւոր դերակատարություն ունի եւ պետք է ունենա հետագայում։ Ես ցավում եմ, որ ՊՈԱԿ-ի նկատմամբ նման ոչ ճշգրիտ տեղեկություններ տարածելու տենդենցը շարունակվում է»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Ըստ նրա՝ ՊՈԱԿ-ն ու վարչապետի աշխատակազմը հիմա ինտենսիվ աշխատում են ֆեյք տեղեկությունների ու նորությունների դեմ պայքարի ռազմավարության վրա։ «Ես կարծում եմ, որ ՊՈԱԿ-ին թիրախավորելը նաեւ այս պատճառով է, որովհետեւ մեր ընդդիմախոսները մեր դեմ պայքարում են ֆեյք նորությունների միջոցով։ Մենք շատ լուրջ ու լավ մեխանիզմներ ենք հիմա փորձում ստեղծել, որ շատ օպերատիվ եւ ռազմավարությամբ սահմանված միջոցառումներով պայքարեն ֆեյք լուրերի դեմ»,- հավելեց Արայիկ Հարությունյանը։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց․ «Չգիտեմ ինչո՞ւ, այսպես միանգամից բռնկում եղավ իմ պարզ հարցից։ Ընդամենը պարզ հարցադրում էր։ Խնդրում եմ հրապարակեք՝ 2022 թվականի որքա՞ն է եղել ՊՈԱԿ-ի բյուջեն, ի՞նչ ծրագրեր են եղել։ Երբ դուք անուղղակի կամ ուղղակի մեղադրում եք հարց բարձրացրողներին, որ ֆեյքեր պահողները մենք ենք, մասնավորապես, ես եմ, քանի որ այսօր քննում ենք նաեւ քննչական մարմինների բյուջեն, այ այս այլանդակությունը, ֆեյքային գրոհները, հայհոյախառն գրառումները, կեղծ տեղեկություններ տարածելը, անկախ նրանից, թե որ կողմից է լինում, պիտի խիստ պատասխանատվության ենթարկվեն։ Դուք փոխանակ այս քաջալերումն անեք, մեղադրում եք մյուս կողմին, թե իրենք են ֆեյքային հարձակումներն անում։ Ես կարծում եմ, որ դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանի, կառավարության որեւէ անդամի վերաբերյալ քննադատական խոսք, եթե կազմակերպված գրոհի է արժանանում, նույնիսկ հայհոյախառն գրառումներով, սա նույնպես պետք է դատապարտվի։ Եվ եթե կա քրեական հանցակազմ, նույնպես պետք է բացահայտվի եւ պատասխանատվություն լինի»։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է պարզել՝ այդ ֆեյքերը որտեղից են բուսնում եւ ում են խանգարում։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930