Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ վարչապետի հայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղության». Շվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել հայտարարություններով

Հունիս 02,2023 13:08

Շվեդիայի եւ Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին զորակցող, ինչպես նաեւ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունը դատապարտող հայտարարություններով:

Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը

Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանության։

Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաեւ խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

Կոչ ենք անում համայն հայությանը համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի եւ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ եւ թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, համայն հայության համախմբման շնորհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն:

Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունը

Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։
Հայտարարությունն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի այնպիսի դրույթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև սուվերենությունը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրավունքը։
Հայտարարությունը հակասում է նաև 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրապետական հանրաքվեի ժամանակ արտահայտած Արցախի պետական անկախության հռչակագրին։ Արցախի կարգավիճակն արդեն որոշվել է ժողովրդի արտահայտված կամքով, այնուհետև մի քանի անգամ վերահաստատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Վերջին վերահաստատումը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո։

Ավելին, Արցախի ժողովրդի համար ցանկացած կայուն և տևական լուծում պետք է վայելի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի աջակցությունը։ Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետի հայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղության, քանի որ այն ընդունելի չէ Արցախի Հանրապետության ժողովրդի համար։ Ընդհակառակը՝ առաջարկվող տարբերակն իրագործման պարագայում վտանգի տակ է դնում Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և կարող է առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք 90-ականներին, Խորհրդային Միության փլուզումից հետո ազգամիջյան հակամարտության պատճառ դարձան։

Քատրին ՀԱԿՈԲՅԱՆ
Շվեդիայի Հայկական Կազմակերպությունների Միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930