Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբեմն Պողոս Պողոսյան վարչության պետը քնել-քնել է եւ վերջում ասել ՝ սա հրատապ է, եթե չընդունենք, կունենանք աղետ»․ Արայիկ Հարությունյանը արտահերթ նախագծերի մասին

Հունիս 02,2023 12:25

Կառավարության ոչ թափանցիկ աշխատանքի վերաբերյալ խոսքն անընդունելի է։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարման քննարկումների ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ «Ինչպե՞ս կարելի է խոսել թափանցիկության մասին, երբ կառավարության նիստերում 40 հարցից ընդամենը 2-ն են զեկուցվող։ Արժե՞ արդյոք այդ 2 հարցի համար կառավարության նիստ գումարել»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Արայիկ Հարությունյանն ի պատասխան ասաց․ «Այս հարցը մի քիչ զարմանալի է, որովհետեւ այդ նիստերի ժամանակ երեքից պակաս հարց չի զեկուցվում։ Զեկուցվում են հիմնականում մեծ հարցերը, որոնք ամենամեծ ազդեցությունն են ունենում ոլորտների վրա։ Թափանցիկության մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ ամբողջ փաստաթղթերը կառավարության կայքում նիստի օրակարգով դրված է։ Այսինքն՝ ցանկացած մարդը կարող է մտնել, ամենավերջին ամփոփումներն էլ այնտեղ դրվում են»։

Պատգամավորը բարձրացրեց նաեւ հարցը, որ կառավարությունը հաճախ է ԱԺ արտահերթ նիստեր հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալիս, պատգամավորներին կարճ ժամանակ է տրվում նախագծերին ծանոթանալու համար։ «Սա մեր մշտական պրոբլեմներից է, եւ այս հարցը մշտապես մեր եւ նախարարությունների կռիվն է դառնում, որովհետեւ երբեմն մենք նկատում ենք, որ իքս մարմնում կամ գերատեսչությունում Պողոս Պողոսյան պայմանական անունով վարչության պետը քնել-քնել է եւ վերջում, երբ կարմիր լույսը վառվել է, ասել է՝ սա հրատապ է, եթե սա չընդունենք, կունենանք աղետ կամ կատաստրոֆա։ Մենք մեր առջեւ խնդիր ենք դրել, որպեսզի նվազագույնի հասցնենք նման նախագծերի բերելը Ազգային ժողով, փորձել գտնել, թե որտեղ է խնդիրը։ Այստեղ նաեւ պատասխանատվության հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ նախագիծը մնացել երկար ժամանակ եւ վերջում բերվել»,- ասաց Հարությունյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930