Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջնորդական փորձերն ըստ երեւույթին ուղղված չեն աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի մշտական պաշտպանությանը, այլ՝ թույլ տալու, որ ադրբեջանական նավթն ու գազը անխոչընդոտ հոսեն Եվրոպա». «Ազգ»

Հունիս 02,2023 12:08

«Նավթն ու գազն ամեն ինչ չեն» վերնագրյալ հոդվածում քաղաքագետ Քարսթեն Բեքը (Carsten Beck) գերմանական «Թագեսփոստի» մայիսի 27-ի հրապարակման մեջ ընթերցողի ուշադրությունն է բեւեռում Ադրբեջանի համակարգված՝ տարիներ ի վեր իրականացրած քաղաքականության վրա, այն է՝ Ղարաբաղի հայերի քրիստոնեական ժառանգության ոչնչացում, բնակչության տեղահանում: Այս անարդարության ճիչը երկինք է հասնում, սակայն դեռեւս անարձագանք: Սա վախեցնող է, քանզի անկախությունից ի վեր ավտորիտար կառավարմամբ Ադրբեջանը համակարգված իրականացնում է ղարաբաղահայության հազարամյա մշակութային ժառանգության ոչնչացում, արտաքսում բնիկներին, մարդկության դեմ ոճիր գործում: Հեղինակը հավատարիմ է մնում քրիստոնեական արդարամտությանը, Շուշիի պարագայում երկձեւություն չի քարոզում, փաստագրում է, որ այդ քաղաքի սուրբ Հովհաննես եկեղեցու լայնածավալ, Հադրութում՝ սուրբ Սարգիս եկեղեցու հիմնահատակ ավերման օրինակները: Ըստ Caucasus Heritage Watch դիտորդական խմբի արբանյակային նկարների, ոչնչացման վտանգ է սպառնում նաեւ այլ եկեղեցիների, գրում է «Թագեսփոստ»-ի հեղինակը՝ ընդգծելով «այս տարածաշրջանի քարեղեն ժառանգությունը մաս առ մաս չքանում է»: Այս անիրավության դեմ հայերն անկարող են, նշում է հեղինակը:

«Թագեսփոստի» հոդվածագիրն ընդգծում է, որ Ադրբեջանը աշխարհի ամենաանազատ երկրների շարքում է, ավտորիտար, բռնատիրական այլ երկրների նման Ադրբեջանն էլ իր երկրի փոքրամասնության ազատությունների մասին քարոզչանյութը հնչեցնում է, եւ երբեք չի հանդուրժի մեծ, ինքնավստահ, ազատ քրիստոնեական բնակչության գոյությունը: Պաշտոնապես աշխարհիկ Ադրբեջանը հենվում է արմատական իսլամի եւ դրա հռետորաբանության վրա, այն իբրեւ զենք գործածում ԼՂ հայ բնակչության դեմ, գրում է հեղինակը՝ արձանագրելով, որ 2020-ին Սիրիայից 1000 ջիհադիստի էր ընդգրկել  հայ «անհավատների» դեմ պայքարելու: Ադրբեջանական զինուժը քրիստոնեական գյուղերի անդորրն է խաթարում՝ բարձրախոսով իսլամական աղոթք հնչեցնելով, գրավյալ տարածքներում խաչը տապալում քրիստոնեական հավատքի կարեւոր տաճարների վրայից, նշում է «Թագեսփոստի» հեղինակը եւ իրազեկում, որ 1988-ից ի վեր ԼՂ հայերի հանդեպ Ադրբեջանը էթնիկ կրոնական մաքրազտում է իրականացնում: Թերթը մատուցում է Ալիեւի՝ չսիրած ազգի՝ հայերի հասցեին հնչեցրած ձեակաերպումները: Նրա «շներ, առնետներ, հումանոիդ արարածներ» ձեւակերպումները հստակ նպատակադրված՝ մարդկային նկարագրից զրկող կաղապարներ են դառնում:

Անդրադառնալով հարձակումներին եւ սահմանային բախումներին, «Թագեսփոստը» նկատել է տալիս, որ ռուսական զորքը կարող է սահմանափակ չափով պաշտպանել փխրուն խաղաղությունը՝ ադրբեջանական զորքի կրկնվող հարձակումների, սահմանային փոխհրաձգությունների ժամանակ: Մայիսի 15-ին Բրյուսելում կայացած « միջնորդության փորձը հուսադրող արդյունք չգրանցեց ԼՂ-ի համար: Դիտորդների կարծիքով, ԵՄ-ն, ԱՄՆ-ն կարծես վճռական են, որ դրդեն Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու հարցում, որը նվազ կամ ընդհանրապես հաշվի չի առնում ԼՂ-ում բնակիչների վիճակը: Միջնորդական փորձերն ըստ երեւույթին ուղղված չեն մարդու իրավունքների, մշակութային ժառանգության, աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի մշտական պաշտպանությանը, այլ՝ թույլ տալու, որ ադրբեջանական նավթն ու գազը անխոչընդոտ հոսեն Եվրոպա», – եզրափակում է «Թագեսփոստի» հոդվածագիրը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930