Հայաստանի դատական պատմության մեջ առաջին անգամ բանկի դեմ ամենամեծ գումարային պահանջը բավարարելու որոշումն է կայացվել։ Վճռաբեկ դատարանը «Միլլար» ՍՊԸ-ն՝ ընդդեմ Հայբիզնեսբանկի գործով հօգուտ ընկերության վճիռ է կայացրել, որի արդյունքում բանկն ընկերությանը պետք է վճարի 1 միլիարդ 600 մլն դրամ։
Այս գործի քննությանը մասնակցած փաստաբան Հարություն Հարությունյանը ներկայացրեց գործի էությունը. «Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ հանգուցալուծեց շուրջ 10 տարի ձգվող այս դատական պրոցեսը, եւ բանկից, հօգուտ ընկերության, բռնագանձվեց շուրջ 1 մլրդ 600 մլն դրամ»:
Իսկ ի՞նչ է կատարվել։ Հայբիզնեսբանկի եւ ֆիզիկական անձի միջեւ կնքվել է վարկային պայմանագիր, որին, իբր կեղծ պայմանագրի հիման վրա, երաշխավոր է կանգնել մի ընկերություն։ Քանի որ վարկը չի մարվել, իսկ առկա գույքերը չեն բավարարել, սկսվել է սնանկացման վարույթ, իսկ բանկին զարտուղի ճանապարհներով հաջողվել է կեղծ պայմանագրի հիման վրա ընկերության դեմ շուրջ 1մլն 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պահանջ գրանցել։ Այնուհետեւ բանկը գույքը վաճառել է կես գնով, բռնագանձել այդ գումարները, դեռ մի հատ էլ այդ ընկերությունը պարտք է մնացել բանկին։ Ընկերությունը վճռաբեկ բողոքով կարողացել է ի վերջո հիմնավորել, որ գույքերը վաճառվել են շուկայականից շեշտակի էժան գնով՝ կազմաքանդելով ընկերության գործունեությունը»։
Հարությունյանը նշեց, որ եղել է նաեւ հարուցված քրեական գործ, որով ընկերությունը պնդել է, որ որեւէ երաշխավորական պայմանագիր չի ստորագրել եւ ոչ մեկին չի լիազորել ստորագրելու, գործի հիմքում դրված պայմանագրերը կեղծ են, իսկ գործարքները՝ չկնքված։
Կարդացեք նաև
«Քրեական գործը դատարան չի հասել տվյալ քաղաքացու մահվան պատճառով»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ ֆիզիկական անձը, որն ի սկզբանե բանկից վարկ է վերցրել, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն է, որը մահացել է 2020 թվականին։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: